Մասնակից:Անի83/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անի83/Ավազարկղ5

Չարլզ Լյուիս Թիֆանի (անգլ.՝ Charles Lewis Tiffany, ), ամերիկյան զարդերի վաճառքի 19-րդ դարի առաջատար, Tiffany & Co. (1837) ընկերության հիմնադիրը: Ամերիկայում առաջին մանրածախ կատալոգի ստեղծողն է և ստեռլինգային արծաթի ու պլատինի անգլիական չափորոշիչների հիմնադիրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆանին ծնվել է 1812 թվականի փետրվարի 15-ին Կոնեկտիկուտ նահանգի Քիլինգլի քաղաքում, Քլոեի (Դրապեր) և Կոմֆորտ Թիֆանիի ընտանիքում: Թիֆանին կրթությունը ստացել է շրջանային դպրոցում և Կոնեկտիկուտի Փլեյնֆիլդ քաղաքի ակադեմիայում: 15 տարեկանից օգնել է հորը՝ ղեկավարելով փոքրիկ խանութ: Հետագայում աշխատել է հոր գործարանի գրասենյակում: Թիֆանիի ընտանիքը ծագել է ներգաղթյալ Համֆրի Թիֆանիից (1630-1685)[1], որն ապրել է Մասաչուսեթսի ծոցի գաղութում 1660 թվականին[2]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆանին իր խանութում՝ ձախից

1837 թվականին, հորից փոխառված 1000 ԱՄՆ դոլարով, դասընկերոջ՝ Ջոն Բ. Յանգի հետ Նյու Յորքում բացել է գրենական պիտույքների և նվերների փոքրիկ խանութ: Առաջին երեք օրվա ընթացքում նրանց ընդհանուր վաճառքը բերել է ընդամենը 4,38 դոլար[3], բայց երկու տարի անց նրանք դեռ բիզնեսի մեջ էին՝ վաճառելով ապակյա և ճենապակյա իրեր, դանակներ, ժամացույցներ և զարդեր: Իր աշխատանքի համար Չարլզն ընտրել է մի փիլիսոփայություն, որն արտահայտված է հետևյալ բառերով. «Լավ դիզայն՝ լավ բիզնես»: 1840-ական թվականներին, Լուի Ֆիլիպի ռեժիմի անկումից հետո, ֆրանսիացի արիստոկրատները, փախչելով քաղաքական ցնցումներից, փորձում էին վաճառել իրենց զարդերը: Չարլզ Թիֆանին դա համարել է հիանալի հնարավորություն և սկսել ադամանդներ գնել՝ վտանգելով իր «երիտասարդ» ձեռնարկության կապիտալը: Սա հանգեցրել է ԱՄՆ-ում խոշոր ադամանդների հայտնվելուն, որոնք աննկատ չեն մնացել ամերիկյան մամուլում, որը Չարլզ Թիֆանիին կնքել է «ադամանդների թագավոր»[4]:

1841 թվականին խանութն ընդարձակվել է և փոխել իր անունը՝ «Թիֆանի, Յանգ և Էլիս»: Այն ձեռք է բերել լավագույն բոհեմյան ապակի և ճենապակի վաճառող խանութի հեղինակություն: Ավելի ուշ սկսել է պատրաստել նաև իր սեփական զարդերը: 1850-ականների սկզբին ընկերությունը վերանվանվել է «Tiffany & Co.» և մասնաճյուղեր բացել Փարիզում (1850) և Լոնդոնում (1868): Կենտրոնական խանութը տեղափոխվել է 5-րդ ավենյու[4]:

Վիկտորյական հասարակության արծաթե իրերի պահանջմունքը բավարարելու համար Չարլզ Թիֆանին վարձում է Նյու Յորքում հայտնի ոսկերիչ-արծաթագործ Ջոն Ս. Մուրին: Նրան հանձնարարվում է արծաթը հավասարեցնել բրիտանական ստեռլինգին` մաքուր արծաթի 92,5% և այլ մետաղների 7,5%: Հետագայում «Tiffany & Co.»-ի մշակումն ընդունվեց որպես ԱՄՆ-ի արծաթի ստանդարտ[4]:

1861 թվականին Չարլզն անձամբ ծանոթանում է նախագահ Լինքոլնի հետ, որը որոշում է զարդեր պատվիրել կնոջ համար: Հատուկ Մերի Լինքոլնի համար ստեղծվում է հիանալի մարգարտե վզնոց: 1862 թվականին՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, Չարլզն ու նրա ընկերությունն աջակցում են Հյուսիսին՝ բանակին մատակարարելով զենք, սնունդ և դեղորայք[5]:

1860-ականների կեսերին Չարլզն առաջատար էր ամերիկյան արծաթի շուկայում, բայց քիչ հայտնի էր Եվրոպայում: 1867 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում ընկերությունը մարտահրավեր է նետում եվրոպացիներին և ստանում արծաթագործության համար նածատեսված գլխավոր մրցանակը: Առաջին անգամ ամերիկյան դիզայնի տունը գովաբանվում է օտարերկրյա ժյուրիի կողմից[4]:

1870 թվականին ընկերության գրասենյակը տեղափոխվում է Մանհեթենի Միության հրապարակ 15: Այդ ժամանակ ասում էին, որ Չարլզը շատ առույգ տեսք ուներ, ինչպես պատանեկության տարիներին: Քաղաքում նա միշտ հագնում էր վերարկու և կրում էր բարձր մետաքսյա գլխարկ: Չարլզ Թիֆանին իր ամբողջ կյանքի ընթացքում աշխատանքային ոչ մի օր չի բացակայել հիվանդության պատճառով[4]:

Չարլզը նորարարական գաղափարների հետևորդ էր, ինչը նպաստում էր բիզնեսի զարգացմանը և իր ընկերության կարգավիճակի ամրապնդմանը: Նորամուծություններից մեկը զարդերում գունավոր քարերի ներմուծումն էր: 1876 թվականին «Tiffany & Co.» ընկերությունը բացառիկ տուրմալին է ձեռք բերում անվանի երկրաբան Ջորջ Ֆրեդերիկ Կունցից: Որոշ ժամանակ անց դոկտոր Կունցը միանում է զարդերի տանը և համագործակցում Չարլզ Թիֆանիի հետ՝ «Tiffany & Co.»-ի հաճախորդների համար Ամերիկայում և ամբողջ աշխարհում ամենալավ ադամանդե քարերը գտնելու նպատակով[4]:

1877 թվականին Հարավային Աֆրիկայի Քիմբերլի ադամանդի հանքերում հայտնաբերվում է աշխարհի ամենամեծ և ամենագեղեցիկ ադամանդներից մեկը՝ դեղին ադամանդը։ 287,42 կարատ քաշով քարը Թիֆանին գնում է 18000 դոլարով: Ջորջ Ֆրեդերիկ Կունցի ղեկավարությամբ Թիֆանի ադամանդը հղկվում է, և քաշը իջնում է մինչև 128,54 կարատի՝ ստանալով այն ժամանակների համար աննախադեպ՝ 82 նիստ[4]:

1878 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Թիֆանիի տունը ստանում է ամենաբարձր մրցանակները՝ արծաթի և ոսկերչական զարդերի համար, իսկ Չարլզ Թիֆանին պարգևատրվում է Պատվո լեգեոնի շքանշանի Խաչով: Այս ձեռքբերումների արդյունքում «Tiffany & Co.»-ն ստանում է կայսերական և թագավորական զարդերի ընկերության կարգավիճակ՝ զարդեր մատակարարելով Եվրոպայի թագաժառանգներին, ինչպես նաև օսմանյան սուլթանին, Ռուսաստանի կայսրին և կայսրուհուն, Իրանի շահին:

Չարլզի կյանքի վերջին 20 տարվա ընթացքում նրա ընկերությունը իր արտադրանքի համար բազմիցս ստացել է ամենաբարձր մրցանակները: Դա տեղի է ունեցել նաև 1889 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում, 1893 թվականին և 1900 թվականին Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսում[4]:

Չարլզի կյանքի ամենամեծ նվաճումներից մեկը Թոմաս Էդիսոնի հետ համագործակցությունն է, որի արդյունքում ստեղծվել են լուսարձակներ և թատրոնների էլեկտրական լուսավորության տարբեր այլ սարքավորումներ[6]: Դրա շնորհիվ Բրոդվեյը և թատերական այլ շոուներ դառնում են ավելի ժողովրդական: Բացի այդ, Չարլզ Թիֆանին Մետրոպոլիտենի արվեստի թանգարանի հովանավորն էր և Նյու Յորքի գեղեցիկ արվեստների ընկերության հիմնադիրներից մեկը[4]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1839 թվականի նոյեմբերի 30-ին Չարլզն ամուսնացել է Ջոն Բ. Յանգի քրոջ՝ Հարիետ Օլիվիա Ավենի Յանգի (1816-1897) հետ: Նրանք ունեցել են վեց երեխա՝ Չարլզ Լյուիս Թիֆանի կրտսերը (ծն. 1842), Էննի Օլիվիա Թիֆանի Միթչելը (ծն. 1844, ամերիկացի դիվանագետ Հայրամ Բինգհամ IV-ի մեծ տատը)[7][8], Լուիս Քոմֆորթ Թիֆանի (ծն. 1848), Լուիզա Հարիթ Թիֆանի (ծն. 1856), Հենրի Չարլզ Թիֆանի (ծն. 1858) և Բերնեթ Յանգ Թիֆանի (ծն. 1860):

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆանիի գերեզմանը

Չարլզ Թիֆանին մահացել է Նյու Յորքի Յոնկեր քաղաքում, 1902 թվականի փետրվարի 18-ին, 90 տարեկան հասակում[9]: Այդ պահին նրա ընկերությունը գնահատվել է ավելի քան 2 միլիոն դոլար և ճանաչվել է Հյուսիսային Ամերիկայի ամենահայտնի ոսկերչական ընկերություն[2]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո լեգեոնի ասպետ[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tiffany Playground». Վերցված է 2013-07-12-ին.
  2. 2,0 2,1 2,2 Roth, David M., editor, and Grenier, Judith Arnold, associate editor, "Connecticut History and Culture: An Historical overview and Resource Guide for Teachers", published by the Connecticut Historical Commission, 1985, page 155
  3. «Timeline - The Tiffany Story, 1837». Վերցված է 2013-11-18-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «About Tiffany & Co. Charles Lewis Tiffany». Վերցված է 2013-07-12-ին.
  5. «Чарльз Льюис Тиффани: бриллиантовый король». Արխիվացված է օրիգինալից 2013-12-11-ին. Վերցված է 2013-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «History of Tiffany Lamps & Lampshades». www.tiffanyshades.com. Վերցված է 2018-04-09-ին.
  7. «Hiram Bingham; Diplomat, 84». New York Times. January 17, 1988. Վերցված է June 9, 2013-ին.
  8. «Illustrations from the Tiffany Fortune: Founder of Tiffany & Co., Charles Tiffany with his granddaughter Alfreda Mitchell, 1877». tiffanyfortne.com. October 12, 2007. Վերցված է June 9, 2013-ին.
  9. «Charles L. Tiffany Dead». New-York Tribune. February 19, 1902. Վերցված է November 9, 2019-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]