Լուի Ֆիլիպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Franz Xaver Winterhalter King Louis Philippe.jpg

Լուի Ֆիլիպ (ֆր.՝ Louis-Philippe Ier; 1773թ. հոկտեմբերի 6, Փարիզ1850թ. օգոստոսի 26, Կլերմոն, Սուրեյ կոմսություն, Վինձոր) — Ֆրանսիայի թագավոր 1830թ. օգոստոսի 9-ից առ 1848թ. փետրվարի 24-ը, ստացել է «արքա քաղաքացի» («le Roi-Citoyen») մականունը, Բուրբոնների հարստության Օրլեանի ճյուղի ներկայացուցիչ: Ֆրանսիայի վերջին միապետը, որը կրել է «թագավոր» տիտղոսը: Ֆրանսիայի և Նավարայի թագավոր (roi de France et de Navarre) տիտղոսի փոխարեն, որը համարվում էր ֆեոդալական, ընդունել է ֆրանսիացիների թագավոր տիտղոսը (roi des Français), որը ենթադրում էր Լուի Ֆիլիպի կառավարման ավելի ազգային բնույթ:

Պաշտպանել է բուրժուազիայի վերնախավի` խոշոր դրամատների, վաշխառուների և այլն, շահերը: Վերականգնել է մարդկանց հիմնական քաղաքական ազատությունները, աշխարհիկ կրթությունը: Թագավորի վարած ներքին քաղաքականությունը նպաստում էր երկրի արդյունաբերական առաջնդացին: Ամեն կերպ ձգտում էր ժողովրդավար երևալ: Հաճախ շրջում էր Փարիզում սովորական քաղաքացու նման, առանց թիկնապահի, զրուցում մարդկանց հետ: Նրան անվանում էին նաև "թագավոր բուրժուա": Ստենդալը նրան համարում էր ամենախորամանկ թագավորը: Սիրում էր, երբ իրեն դիմում էին `"Արքա' Աստծու և ժողովրդի կամոք": Սակայն դրանից նրա կառավարման բովանդակությունը չէր փոխվում: Պետական մարմիններում ծաղկում էր կաշառակերությունը: Դրությունը հատկապես սրվեց 1845-1847 թվականներին, երբ անբերրիության հետևանքով սով և համաճարակ սկսվեց: 1848 թվականին ժողովուրդը Փարիզում ապստամբեց: Լուի Ֆիլիպը փախավ երկրից: Հեղափոխություն եղավ: Առաջացավ Ֆրանսիայի Երկրորդ Հանրապետությունը, որը գոյատևեց մինչև 1852 թվականը: