Հորդանանի ազգային խորհրդանիշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հորդանանի ազգային խորհրդանիշներ (արաբ․՝ رموز وطنية في الأردن‎‎), Հորդանանի թագավորության պետական խորհրդանիշերը և այն խորհրդանիշերը, որոնք օգտագործվում են Հորդանանում և արտասահմանում երկիրը և նրա ժողովրդին ներկայացնելու համար։

Հորդանանի թագավորության կողմից պետականորեն ընդունված երեք խորհրդանիշերն են դրոշը, զինանշանը և օրհներգը, որը կոչվում է «Աս-սալամ ալ-մալաքի ալ-ուրդունի»։

Պետական խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի դրոշը Հորդանանի թագավորության գլխավոր խորհրդանիշերից մեկն է։ Այն ներկայացնում է Հորդանանը երկրի ներսում և աշխարհում։

Այս դրոշը իրենից ներկայացնում է երեք հորիզոնական գծեր, որոնք ունեն համապատասխանաբար սև, սպիտակ և կանաչ գունավորում։ Այս գույները միացված են շևրոնով, իսկ շևրոնի վրա պատկերված է յոթանկյուն աստղ[1]։

Հորդանանի թագավորության դրոշը ընդունվել է 1928 թվականի ապրիլի 18-ին։

Վերջինիս հիմքում ընկած է այն դրոշը, որը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդանշում էր Հորդանանի ժողովրդի ազգային-ազատագրական հեղափոխությունը՝ ընդդեմ Օսմանյան կայսրության[2]։

Հորդանանի զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի զինանշանը երկրի երեք պետական խորհրդանիշերից մեկն է։ Այն կարևոր դեր ունի երկրի մշակույթում և միջազգային հարաբերություններում։

Զինանշանը ընդունվել է 1921 թվականին՝ Աբդուլլահ I իբն ալ-Հուսեյնի օրոք։ Այն նաև ծառայում է, որպես երկիրը կառավարող Հաշիմյան թագավորական արքայատոհմի պաշտոնական խորհրդանիշ։

1982 թվականին նախարարների խորհրդի հրապարակած թիվ 6 պաշտոնական հայտարարության մեջ ներկայացվել են զինանշանի առանձնահատկությունները։

Հորդանանի օրհներգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի թագավորության ազգային օրհներգը կրում է «Հորդանանի թագավորական հիմն» կամ «Աս-սալամ ալ-մալաքի ալ-ուրդունի» անվանումը (արաբ․՝ السلام الملكي الأردني‎‎): Որպես թագավորական օրհներգ ընդունվել է 1946 թվականին։

Հորդանանի թագավորական հիմնի հեղինակը պաղեստինա-լիբանանյան բանաստեղծ և Հորդանանի նախկին վարչապետ Աբդել Մունիմ ալ-Ռիֆայն է (արաբ․՝ عبد المنعم الرفاعي‎‎): Այն գրվել է 1939 թվականին։

Օրհներգի հիմքում ընկած է թագավորի և Հաշիմյանների վեհության գաղափարը։ Թագավորը ներկայացվում է, որպես Հորդանանի արաբների մեծ։

Բնական խորհրդանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային և պանարաբական գույներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի ազգային ծառ
Հորդանանի ազգային թռչուն

Որպես խորհրդանշական գույներ, Հորդանանում օգտագործվում են պանարաբական կամ համաարաբական գույները, որոնք արդիական են նաև արաբական մյուս պետություններում՝ Եգիպտոսում, Սիրիայում, Քուվեյթում, Սուդանում, Իրաքում և այլն։

Գրեթե բոլոր պանարաբական գույները՝ կարմիր, սև, սպիտակ, կանաչ, օգտագործվում են Հորդանանի թագավորության դրոշի և զինանշանի վրա։

Սև գույնը խորհրդանշում է Աբբասյան խալիֆայությունը, մի պետություն, որը սերում էր Մուհամմադ մարգարեի հորեղբայր Աբբասի գերդաստանից։ Շուրջ երկու դար խալիֆայությունը ծաղկում էր, սակայն ավատատիրական մասնատվածությունը վերջիվերջո հանգեցրին խալիֆայության անկմանը և նվաճմանը մոնղոլների կողմից։

Սպիտակը՝ Օմայյան խալիֆայության ազգային գույնն է։ Հանդիսանում է Արաբական խալիֆայության առաջին ժառանգական դինաստիան։

Ֆաթիմյան խալիֆայության խորհրդանշական գույնը կանաչն է, որն էլ հանդիսանում է երկրի դրոշի միակ գույնը։

Կարմիր գույնը խորհրդանշում է արաբական փառահեղ հեղափոխությունը կամ «արաբական զարթոնքը»։

Հորդանանի թագավորության գույները օգտագործվում են նաև Հորդանանի ֆուտբոլի ազգային հավաքականի և այլ սպորտային ակումբների խորհրդանշանների վրա։ Այն կիրառվում է նաև կրթական հաստատությունների պատկերանիշների վրա։

Կենսաբանական խորհրդանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի ազգային կենդանին

Հորդանանի կենսաբանական խորհրդանիշերն են ազգային ծառը, ազգային կենդանին, ազգային թռչունը և ազգային ծաղիկը։

Հորդանանի ազգային ծառը համարվում է լեռնային կաղնին։ Այս կաղնին Հորդանանում տարածված լինելուց բացի աճում է նաև Հունաստանում, Իսրայելում, Սիրիայում, Լիբանանում և Թուրքիայում։ Պատկանում է կաղնիների ընտանիքին։

Հորդանանի ազգային թռչունը դժգույն ոսպնուկն է, որը իրենից ներկայացնում է ճնճղուկազգիների կարգի, սերինոսազգիների ընտանիքի թռչուն։ Որպես ազգային թռչուն ընտրվել է դժգույն ոսպնուկը, քանի որ նրա մարմնի գունավորումը շատ նման է Պետրա քաղաքի գունավորմանը[3]։

Այս արաբական երկրի ազգային ծաղիկը սև իրիսն է։ Այս ծաղիկը հանդիպում է ամբողջ Հորդանանում, հատկապես՝ Մաանի մուհաֆազայում։

Սպիտակ օրիքսը Հորդանանի ազգային կենդանին է և նաև երկրի գլխավոր խորհրդանիշերից մեկը։ Այս կենդանին օրիքսների ցեղի ամենափոքր ներկայացուցիչն է։ Տարածված է, ոչ միայն Հորդանանում, այլ նաև Օմանում, Իսրայելում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում։ Համարվում է Արաբական թերակղզու էնդեմիկ կենդանատեսակ։

Ազգային ուտեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի ազգային ուտեստը մանստաֆն է (արաբ․՝ المنسف الاردني‎‎): Այն նաև երկրի ամենատարածված ճաշատեսակներից է։

Մանստաֆի գլխավոր բաղադրամասերն են յուղալի սոուսով համեմված գառան միսը, յոգուրտը և բրինձը։ Հորդանանում այն օգտագործվում է, որպես տոնական ուտեստ և պատրաստում ամանորյա տոներին, այլ տոների և հարսանիքների ժամանակ։

Մատուցվում է տարբեր սննդամթերքների հետ։ Մանստաֆը բացի հորդանանյան խոհանոցից, օգտագործվում է նաև Պաղեստինի, Իրաքի, Սիրիայի և Սաուդյան Արաբիայի ազգային խոհանոցներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ազգային օրհներգ». kinghussein.gov.jo. Հորդանանի կառավարություն. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  2. «Աշխարհի դրոշներ՝ Հորդանան». Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  3. Հորդանանի ազգային թռչուն Արխիվացված 2016-09-19 Wayback Machine, դժգույն ոսպնուկ