Հայաստանի արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունն ուղղված է տնտեսության նորացմանը և տնտեսվարման նորարարական (ինովացիոն) եղանակների ներդրմանը, որոնք հնարավորություն կտան բարձրացնելու բնակչության կենսամակարդակը, կրճատելու աղքատությունը և պատշաճ տեղ գրավելու համաշխհարային տնտեսության մեջ։ Նախատեսվում է առաջնահերթության կարգով խրախուսել ու զարգացնել մրցունակ արտադրությունները, որոնք հիմնված են առավելապես ներքին պաշարների վրա, աջակցել այն ձեռնարկություններին (անկախ սեփականության ձևից), որոնք ապահովում են տնտեսական կայունություն՝ թողարկելով միջազգային շուկայում մրցունակ արտադրատեսակներ, նպաստում են ներքին և արտաքին կոոպերացիայի զարգացմանը, արտաքին ներդրումների ներգրավմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Հանքարդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը զբաղեցնում է Հարավային Կովկասի տարածքի ընդամենը 16 %-ը, սակայն իր բարդ երկրաբանական կառուցվածքի շնորհիվ ունի օգտակար հանածոների հարուստ պաշարներ։ Հայաստանի տարածքում հայտնաբերվել են մետաղների ավելի քան 38 և պինդ հանածոների 70 տեսակներ, ինչպես նաև քաղցրահամ, հանք, և տաք ջրերի երևակումներ ու հանքավայրեր։ Սակայն պաշարների պետական հաշվեկշռում հաշվառված են հետազոտված և նախապես գնահատված միայն 18 տեսակի մետաղների և 47 տեսակի ոչ հանք, հանածոների, ինչպես նաև քաղցրահամ ու հանք, ջրերի պաշարներ։ Հայաստանի տարածքում հայտնաբերվել են նաև գունավոր, ազնիվ, ռադիոակտիվ և սև մետաղների մոտ 300 երևակումներ, որոնց շուրջ 1 տասնյակը համարվում է հեռանկարային։ Ներկայումս (2012 թ․) առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերում հանքաքարի բարձր որակով և տնտեսաաշխարհագրական, ինչպես նաև լեռնաերկրաբանական բարենպաստ պայմաններով աչքի ընկնող փոքր հանքավայրերը։ Շուրջ 150 այդպիսի հանքավայրերի առկայություն է ենթադրվում սև և գունավոր մետաղների բազմաթիվ երևակումներում։ Արժեքավոր են նաև երեսպատման և դեկորատիվ քարերի, ինչպես նաև ստորերկրյա ջերմային ջրերի երևակումները։ 2010 թ․-ին հանքարդյունաբերությունը արտադրանքը Հայաստանում կազմել է ավելի քան 145,5 միլիարդ դրամ (աճը 2009 թ․-ի համեմատությամբ՝ 24,3 %)։ Դեռևս մ. թ. ա. VI հազարամյակի վերջին Հայաստանի տարածքում արտադրվել է պղինձ։ Գունավոր մետաղների ձուլումը Հայկական լեռնաշխարհում հայտնի է եղել մ. թ. ա. III-II հազարամյակներում (Մեծամոր), մշակվել են պղնձի, կապարի, ոսկու հանքավայրեր (մ. թ. ա. IV-III դդ., Սոթք, Զանգեզուր)։ Պղնձի, արծաթ-կապարի ու ոսկու մշակումը, երբեմն տևական ընդմիջումներով, շարունակվել է միջին դարերում և առավել բարձր զարգացման հասել XVIII դարի 2-րդ կեսին, երբ 1763 թ․-ին Ախթալայի արծաթ-կապարի և 1770 թ․-ին Ալավերդու պղնձի հանքավայրերի հիմքի վրա կառուցվել են Ախթալայի արծաթ-կապարի և Ալավերդու, այնուհետև Շամլուղի պղնձաձուլական գործարանները։ 1847-1867 թ․-ին Հայաստանում կառուցվել է 11 պղնձաձուլական գործարան, տարեկան թողարկվել է 275-320 տ պղինձ։ 1887 թ․-ից Հայաստանում գործել է ֆրանսիական 3 ընկերություն, որոնցից ամենահզորը՝ «Կովկասյան արդյունաբերական մետալուրգիական ընկերությունը», իրեն միացնելով մյուս 2-ը, պղնձի արդյունաբերությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ 1913 թ․-ին Հայաստանի արդյունաբերական համախառն արտադրանքում գունավոր մետաղաձուլության տեսակարար կշիռը կազմել է մոտ 60 %։ 1924-1926 թթ․-ին սկսել են գործել Ալավերդու և Կապանի վերականգնված պղնձաձուլական գործարանները, 1927-1941 թ․-ին կառուցվել են նորերը, ժամանակակից սարքավորումներով հագեցվել գործողները, կատարելագործվել է տեխնոլոգիան։ 1950 թ․-ին շարք է մտել Քանաքեռի ալյումինի գործարանը (ներկայումս՝ «Արմենալ»), 1952 թ․-ին՝ Քաջարանի և Դաստակերտի, 1963 թ․-ին՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները, 1967 թ․-ին՝ Ախթալայի, իսկ 1968 թ․-ին՝ ավելի հզոր՝ Կապանի հարստացուցիչ ֆաբրիկաները։ 1976 թ․-ից Սոթքի և Մեղրաձորի հանքավայրերի հիմքի վրա սկսել է զարգանալ ոսկու արդյունաբերությունը։ Հանքանյութը հարստացվել է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում, որը մինչև 1994 թ․-ին արտադրել է ոսկու խտանյութ, իսկ 1994 թ․-ից՝ բարձր պարունակության կաթոդային ոսկի։ Ներկայումս Հայաստանում գունավոր մետաղաձուլության ոլորտի խոշոր ձեռնարկություններն են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (պղնձի խտանյութ, ռաֆինացված պղինձ, մոլիբդենի խտանյութ), Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը (պղնձի խտանյութ, ծծմբական թթու), Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան (թանկարժեք մետաղների հումք, ոսկու հումք), Ձանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (պղնձի և մոլիբդենի խտանյութ), Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը (պղնձի խտանյութ), Հայ-իրանական «ԱՐ-ԱԼ»-ը (ալյումինի ձուլվածքներ, ալյումինե կենցաղային փայլաթիթեղ), «Արմենալը» (ալյումինե թիթեղներ, ալյումինի կենցաղային ու սննդի փայլաթիթեղներ), Երևանի մաքուր երկաթի գործարանը (մոլիբդեն) և այլն։ Հայաստանում տարեկան արտադրվում է 8769 տ մոլիբդենի, 71307 տ պղնձի խտանյութ, 7467 տ ցինկ, 5323 տ ֆեռոմոլիբդեն, 6480 տ կոնվերտորային պղինձ, ավելի քան 20 հազար տ ալյումինի փայլաթիթեղ (2008 թ․)։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի գունավոր մետաղաձուլության առաջատարն է, հիմնադրվել է 1951 թ․-ին՝ որպես պետական ձեռնարկություն։ 2004 թ․-ին մասնավորեցվել է։ Տարեկան արդյունահանում է մոտ 12,8 միլիոն տ հանքաքար, որից ստացած մոլիբդենի և պղնձի խտանյութը հետագայում վերամշակվում է Հայաստանում և այլ երկրներում։ «Արմենալ-Ռուսալ» ընկերությունը («Ռու-սալ» ռուսական, ընկերության կազմում) ստեղծվել է 2000 թ․-ին՝ Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա։ Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը։ Արարատի ոսկու կորզման գործարանում «Ալբիոն» տեխնոլոգիաներով աշխատող նոր արտադրամասի կառուցման ու շահագործման համար գործարանի սեփականատեր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը մինչև 2013 թ․-ը նախատեսում է կատարել շուրջ 130 միլիոն դոլարի ներդրում։ Նորարար, այս տեխնոլոգիան հնարավորություն կտա վերամշակելու հանքավայրերում առկա դժվարամշակ հանքաքարը, իսկ ոսկու արտադրությունը ներկայիս տարեկակ 40 հազար ունցիայից 2013 թ․-ին հասցնել 150 հազար ունցիայի (4252,4 կգ)։ Երևանի «Արմենալ» գործարանի փայլաթիթեղի արտադրամասը Հայաստանի Հանրապետության գունավոր մետաղաձուլության զարգացման կարևոր ծրագրերից է նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի հիմքի վրա նոր գործարանի կառուցումը։ 2001 թ․-ին «Մանես և Վալեքս» ՓԲԸ-ն ստացել է 25 տարով հանքավայրի շահագործման արտոնագիր և սկսել է հանքի շահագործման համար անհրաժեշտ աշխատանքները։ Հանքավայրի շահագործման ծրագրի առաջին փուլում նախատեսվում է տարեկան 7 միլիոն տ հանքաքարի արդյունահանում և վերամշակում։ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատը կարող է ապահովել Հայաստանի ամենամեծ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրության ներկա ծավալներին համադրելի արտադրողականություն։ Թեղուտի հանքավայրի շահագործման առաջին փուլում իրականացնելով մինչև 200 միլիոն դոլարի ներդրում՝ խտանյութի արտահանման ծավալները կավելացնի 90 միլիոն դոլարով՝ տարեկան ապահովելով մոտ 3% տնտեսական աճ։ Թեղուտի հանքավայրի շահագործման այս ծրագիրն առաջացրել է բնապահպանների անհանգստությունը՝ Լոռու բնաշխարհի վրա գործարանի հնարավոր վնասակար ազդեցության պատճառով։ Հայաստանի Հանրապետությունում առկա երկաթի հանքաքարի հիմքի վրա նախատեսվում է զարգացնել նաև սև մետաղաձուլությունը։ Այդ ոլորտում մոտ 400 միլիոն դոլար ներդրումներ կատարելու ծրագրեր ունի չինական «Ֆորչյուև օյլ» ընկերությունը։ ==

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։