Համաճարակաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համաճարակաբանությունը գիտություն է մարդկանց մեջ վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառների և տարածման օբյեկտիվ օրինաչափությունների մասին. մշակում է նաև համաճարակների դեմ պայքարի միջոցառումներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոկրատը (մ.թ.ա. 460—մ.թ.ա. 370 թթ.)

Համաճարակաբանություն գիտության հիմնադիրը համարվում է հին հույն գիտնական Հիպոկրատը։ Մեր օրերին են հասել նրա «Յոթ գիրք համաճարակաբանության մասին», «Օդի, ջրի և տեղանքի մասին» և այլ բազմաթիվ աշխատություններ։

Համաճարակաբանությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաճարակաբանության զարգացումը Հայաստանում պայմանավորված է 1923 թվականին տրոպիկական ինստիտուտի (1971 թվականից՝ համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտի), 1927 թվականին՝ Երևանի սանիտարահիգիենային լաբորատորիայի և 1935 թվականին՝ ԵԲԻ-ում, Ա. Ալեքսանյանի նախաձեռնությամբ, համաճարակաբանության և բժշկական մակաբուծաբանության ամբիոնի կազմակերպմամբ։

Սկզբնական շրջանում ինստիտուտում մշակվել են (Ք. Փիրումով, Հ. Ազատյան, Մ. Սալինյան, Ս. Չուբկովա, Կ. Դեղձունյան և ուրիշներ) մալարիայի և մակաբուծական այլ հիվանդությունների դեմ պայքարի միջոցներ։ 1953 թվականին Հայաստանում վերացել է արևադարձային մալարիան, իսկ 1963 թվականին՝ մալարիան ընդհանրապես։ Ուսումնասիրություններ են կատարվել լեյշմանիոզների, մլակային տենդի համաճարակաբանության, կլինիկայի, էկոլոգիայի բնագավառում, մշակվել դրանց դեմ պայքարի և կանխարգելման միջոցներ (Ա. Չուբկովա, Կ. Դեղձունյան, Ռ. Կարապետյան, Շ. Մնացականյան և ուրիշներ)։ Հայտնաբերվել են միաբջիջ մակաբույծների շատ տեսակներ (մտրակավորներ, սպորավորներ և ինֆուզորիաներ), որոշվել է դրանց դերը տեղական ախտաբանության մեջ, ազգաբնակչության վարակվածության աստիճանը, վարակակրության հարցերը։ Ուսումնասիրվել են (Շ. Մաթևոսյան, Հ. Կարապետյան, Ս. Ծատուրյան, Մ. Սարգսյան, Կ. Հովնանյան և ուրիշներ) Entameoba histolytica-ի ուլտրակառուցվածքային յուրահատկությունները։

1959 թվականին Հ. Կարապետյանն ստացել է լամբլիաների աճեցման արհեստական միջավայր, որը համաշխարհային ճանաչում է գտել։ Ճանաչում են ստացել ճիճվային հիվանդությունների լաբորատոր ախտորոշման բնագավառում Ե. Քալանթարյանի աշխատանքները. նա հայտնաբերել է Trichostrongylus axei (1924 թ.) և Trichostrongylus Skrjabini Kalantarian (1932 թ.) մակաբույծները։ Աշխատանքներ են տարվում (Ա. Քեշիշյան, Վ. Դավիդյանց) ճիճվային հիվանդությունների (էխինոկոկոզ, տոքսոկարոզ) իմունաախտորոշման բնագավառում։ Ուսումնասիրվել են (Ա. Ալեքսանյան և աշխատակիցներ) դիֆթերիայի, որովայնային տիֆի, դիզենտերիայի, բծավոր տիֆի, բրուցելոզի, բնական օջախայնություն ունեցող մի շարք հիվանդությունների համաճարակաբանության, պատճառագիտության և կանխարգելման բազմաթիվ հարցեր։ Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների (բնական ծաղիկ, ժանտախտ, խոլերա) դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ տարածված աշխատանքների շնորհիվ Հայաստանում նշված հիվանդությունները չեն արձանագրվել ավելի քան 60 տարի։

Ուսումնասիրվել են տուլարեմիայի էպիզոտահամաճարակաբանության յուրահատկությունները, տիպավորվել են Հայաստանում նրա բնական օջախները, մշակվել կանխարգելման առավել արդյունավետ միջոցներ (Վ. Զիլֆյան)։ Աշխատանքներ են կատարվել (Վ. Միքայելյան, Վ. Ալեքսանյան, Գ. Ղուկասյան) աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ։ Ուսումնասիրվել են դիզենտերիայի պատճառագիտության (Ա. Միրզաբեկյան), դիզենտերիայի և դիզենտերիանման հիվանդությունների տարբերակման (Ռ. Մանվելյան), ֆագի օգնությամբ դիզենտերիայի կանխարգելման (Ա. Գալստյան), էշերիխիաների և սալմոնելոզների կոլիցենոգենության (Ս. Մնացականով) հարցերը։ Հետազոտվել են բրուցելոզի աշխարհագրական տարածվածության, հիվանդության նվազման գործում անասնաբուժության և անասնապահության համալիր միջոցառումների համատեղ կիրառման (Ա. Մայրապետյան, Ա. Մնացականյան, Ֆ. Ծատուրյան) հարցերը։

Աշխատանքներ են տարվել լեպտոսպիրոզների, «Քյու» տենդի (Ս. Ռոստոմյան, Մ. Կոծինյան), արբովիրուսային հիվանդությունների (Վ. Ավետիսյան) համաճարակաբանության բնագավառում։ Կարևոր են մանկական վարակիչ հիվանդությունների՝ հատկապես կարմրուկի (Ա. Զաքարյան, Ա. Դանիլով), քութեշի (Ա. Աստաբացյան), կապույտ հազի (Ա. Հարությունյան) բնագավառում ձեռք բերված հաջողությունները։ Պարբերաբար ուսումնասիրվում են գրիպի համաճարակաբանական առանձնահատկությունները, մշակվում պայքարի միջոցներ։ ԵԲՀ համաճարակաբանության ամբիոնում 1976 թ.-ին կազմակերպված ԳՀ լաբորատորիայում ուսումնասիրվում են ներհիվանդանոցային թարախաբորբոքային հիվանդությունները, մշակվում պայքարի և կանխարգելման միջոցառումներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 94