Համաձուլվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համաձուլվածքներ, 2 և ավելի մետաղներից, ինչպես նաև մետաղներից ու ոչ մետաղներից (ածխածին, սիլիցիում, բոր և այլն) բաղկացած նյութեր են:

Համաձուլվածքների հատկությունները կախված են նրանց որակական ու քանակական կազմից: Որպես կանոն՝ համաձուլվածքների հալման ջերմաստիճանն ավելի ցածր է, իսկ ամրությունն ու կարծրությունը՝ բարձր, քան նրանց բաղադրամասերինը. օրինակ՝ ոսկու և արծաթի համաձուլվածքն անհամեմատ ամուր է առանձին մետաղներից:

Տարրերի պարբերական համակարգում մետաղները որքան հեռու են միմյանցից, այնքան փոքր է նրանց փոխադարձ լուծելիությունը և համաձուլվածք առաջացնելու ունակությունը:

Տեխնիկայի պահանջներից ելնելով՝ ստանում են թթվակայուն, հիմնակայուն, դյուրահալ, դժվարահալ, փափուկ, կարծր և այլ համաձուլվածքներ. լայնորեն օգտագործվում են պողպատը, թուջը, բրոնզը, արույրը, բաբիտները, նիքրոմը, պոբեդիտը, դյուրալյումինը և այլն:

Պողպատը երկաթի համաձուլվածքն է՝ քիչ քանակությամբ (մինչև 2%) ածխածնի և մետաղաձուլական խառնուկների՝ մանգանի, սիլիցիումի, ծծմբի, ֆոսֆորի հետ: Պողպատին փոքր քանակությամբ այլ մետաղներ ավելացնելիս ստացվում են լեգիրված (որակավորված) պողպատներ. օրինակ՝ չժանգոտվող պողպատին այդ հատկությունը հաղորդում են ավելացված քրոմն ու նիկելը: Պողպատին քրոմ ու վոլֆրամ ավելացնելիս ստացվում է «արագահատ» պողպատ, որից պատրաստված խառատային և ֆրեզերային հաստոցների կտրիչներն աշխատանքի ընթացքում կարող են շիկանալ մինչև մուգ կարմիր դառնալը և չկորցնել իրենց կարծրությունը:

Թուջը (չուգուն) երկաթի համաձուլվածքն է` ածխածնի (2–4,5%), սիլիցիումի, մանգանի, ֆոսֆորի և ծծմբի հետ: Այն շատ փխրուն է. հարվածելիս փշրվում է:

Տեխնիկայում երկաթը և երկաթից ստացված համաձուլվածքները կոչվում են սև մետաղներ, իսկ մնացած բոլորը՝ գունավոր:

Բրոնզը պղնձի համաձուլվածքն է` մյուս տարրերի (մեծ մասամբ՝ մետաղների) հետ: Տարբերում են անագային՝ պարունակում է անագ, ալյումինային (5–11% ալյումին), կապարային (մինչև 33% կապար), սիլիցիումային (մինչև 4% սիլիցիում) և այլ բրոնզներ: Կիրառվում է մեքենաների մասեր և գեղարվեստական ձուլվածքներ պատրաստելու համար:

Արույրը պղինձ (65–70%) և ցինկ (30–35%) պարունակող համաձուլվածքն է: Օժտված է մեծ պլաստիկությամբ: Օգտագործվում է սարքեր, մեքենաների մասեր, կաթսաներ, ինքնաեռներ պատրաստելու համար:

Բաբիտները անագի ու կապարի համաձուլվածքներն են, որոնք պարունակում են նաև անտիմոն, պղինձ և այլ մետաղներ: Այս համաձուլվածքները նվազեցնում են շփումը և օգտագործվում են առանցքակալներ պատրաստելու համար:

Նիքրոմը նիկելի (67,5%), քրոմի (15%), երկաթի (16%) և մագնեզիումի (1,5%) համաձուլվածքն է: Օժտված է մեծ էլեկտրադիմադրողականությամբ և հրակայունությամբ: Օգտագործվում է էլեկտրական ջեռուցիչ սարքեր պատրաստելու համար:

Պոբեդիտը ածխածնի, վոլֆրամի և կոբալտի համաձուլվածքն է: Կարծրությամբ մոտ է ալմաստին: Կիրառվում է կտրող, հղկող և հորատման գործիքներ ու սարքեր պատրաստելու համար:

Դյուրալյումինը ալյումինի (95%), մանգանի, պղնձի և մագնեզիումի համաձուլվածքն է: Շատ թեթև է և ամուր: Ամրությամբ մոտ է պողպատին, սակայն նրանից թեթև է 3 անգամ: Օգտագործվում է ինքնաթիռաշինության մեջ:

Նիտինոլը նիկելի և տիտանի համաձուլվածքն է: Դրանից պատրաստված իրերը, ծռելուց կամ հարթեցնելուց հետո, տաքացնելիս ընդունում են իրենց նախկին ձևը: Այսինքն` օժտված են այսպես կոչված «հիշողությամբ»: Անագի (50%) և ինդիումի (50%) համաձուլվածքն օգտագործվում է որպես զոդանյութ՝ ապակու և մետաղների զոդման համար:

Ռենիումի համաձուլվածքները տանտալի և վոլֆրամի հետ բոլոր հայտնի համաձուլվածքներից ամենահրակայունն են:

Աղբյուրներ [խմբագրել]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, էջ 13-14: