Զոդանյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարը զոդվում է տպասալիկի ելուստին, միացնելով նրան էլեկտրոնային սխեմայի տարրին։

Զոդանյութը, 90–450° C հալման կետով մի դյուրահալ մետաղական խառնուրդ, որն օգտագործվում է զոդում կոչվող գործընթացում։ Զոդման ժամանակ այն հալվելով լցվում է մետաղական մակերեսների վրա՝ իրար կպցնելով մետաղները։ Այն հատկապես օգտակար է էլեկտրոնիկայի բնագավառում։

Զոդանյութերը պետք է ունենան հետևյալ հատկությունները․ լավ հոսունություն, այսինքն՝ հալված վիճակում նեղ արանքները և ճեղքերը հեշտությամբ տարածվելու և ներծծվելու ունակություն։ Բյուղեղացման ջերմաստիճանի փոքր միջակայք, բարձր մեխանիկական ամրություն, կոռոզիայի հանդեպ կայունություն, բարձր էլեկտրահաղորդականություն։

Sn60Pb40 զոդանյութ

Զոդանյութերը բաժանվում են երկու տեսակի

  1. մինչև 400° C աստիճան հալման ջերմաստիճանով
  2. 400° C աստիճան հալման ջերմաստիճանից բարձր

Զոդանյութերն էապես տարբերվում են մեխանիկական հատկություններով։ Փափուկ զոդանյութերն ունեն ամրության սահման մինչև 50-70 ՄՊա, իսկ կոշտերը մինչև 500 ՄՊա։ Կոշտ և փափուկ զոդանյութերի միջև տարբերությունը կայանում է նրանում, որ փափուկ զոդանյութերով զոդելիս գերակշռում է ադգեզիան (մակերևույթային կպչունությունը), որն օժանդակում է թրջողականությունը, իսկ կոշտ զոդանյութերով զոդելիս բացի ադգեզիան առկա է նաև հալում և դիֆուզիա։ Ջերմաստիճանի բարձրացման հետ դիֆուզիան և թրջողականությունը աճում են։ Զոդանյութը պատրաստվում է անագի, կապարի և այլ մետաղների համակցություններից։ Համակցությունները օգտագործվում են կախված նրանց հատկություններից։ Ամենատարածվածը 60% անագ, 39% կապար և 1 % այլ նյութերի համաձուլվածքն է։ Այս համաձուլվածքն ամուր է, ունի ցածր հալման տիրույթ, արագ հալվում ու հոսում է։ Անագի ավելի բարձր պարունակությունը տալիս է բարձր կոռոզիոն դիմադրություն, սակայն բարձրացնում է հալման կետը։ Մյուս տարածվածը 11% անագ, 37% կապար, 42 % - բիսմուտ և 10% կադմիում պարունակող համաձուլվածքն է։ Այս համաձուլվածքն ունի ցածր հալման կետ և օգտակար է ջերմության հանդեպ զգայուն զոդվող բաղադրիչների համար։

Անագ/կապար զոդանյութերը (փափուկ զոդանյութեր) վաճառվում են ըստ քաշի 5% -ից 70 % կոնցենտրացիայով։ Ինչքան մեծ է անագի կոնցենտրացիան, այնքան ավելի բարձր է կապի առաձգականության ու խզման ուժը։ Ուշագրավ է, որ բոլոր անագ/ կապար համաձուլվածքների մեջ 63/37 հարաբերակցությամբ համաձուլվածքն ունի ամենացածր հալման կետը (183° C) և հալման կետը իսկապես մի կետ է, այլ ոչ թե տիրույթ։

Զոդումն ամենամեծ կիրառություն ունի տպասալիկների վրա էլեկտրոնային տարրերի հավաքման բնագավառում։ Եվս մեկ բնագավառ ջրամատակարարման համակարգերի համար պղնձե խողովակների զոդումն է։ Զոդման միջոցով են պատրաստում եմ թիթեղյա մետաղական առարկաները, ինչպիսիք են սննդի բանկաները, տանիքի ջրամեկուսացումը, անձրևի ջրատարները և ավտոմեքենայի ռադիատորները։ Ոսկերչական իրերը նույնպես հավաքվում և վերանորոգվում են զոդման միջոցով։

Զոդման ընթացքում առաջանում են ամեն տեսակի թափոններ‌[փա՞ստ]։ Մի մասը ունի վերամշակման արժեք, իսկ մյուս մասը վտանգավոր թափոններ են։ Մաքրելու ժամանակ առաջանոմ են արտահոսող թափոններ և որոշ ծանր մետաղների աղեր են լվանվում։ Ընդհանուր առմամբ էլեկտրոնային արտադրությունը մաքուր և անվտանգ միջավայր է աշխատելու համար, սակայն 21–րդ դարի սկզբից իշխանությունները աշխատում են վերացնել ծանր մետաղ հանդիսացող կապարի գործածությունը։ Պատճառն այն է, որ վերջերս մեծ թվով ապրանքներ, ինչպիսիք են հեռուստացույցները, ռադիոընդունիչները, խաղային մոդուլները և այլ սարքեր արտանետվում են աղբանոցներ սպառողների կողմից և պոտենցիալ վտանգ են ներկայացնում միջհամայնքային ջրամատակարարման համար։