Կուզմա Պետրով-Վոդկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուզմա Պետրով-Վոդկին
PetrovVodkin Avtoportret 1918.jpg
Կուզմա Պետրով-Վոդկին
Ինքնանկար, 1918 թ.
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Кузьма Сергеевич Петров-Водкин
Ծնվել է 1878թ., նոյեմբերի 5
Ծննդավայր Խվալինսկ, Ռուսական կայսրություն
Մահացել է 1939 թ. փետրվարի 15
Վախճանի վայր Լենինգրադ, ԽՍՀՄ
Ազգություն ռուս
Ժանր(եր) գեղանկարչություն, գրաֆիկա
Գործունեություն գեղանկարիչ, գրաֆիկ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Կուզմա Սերգեևիչ Պետրով-Վոդկին (ռուս.՝ Кузьма Сергеевич Петров-Водкин, 1878թ., Խվալինսկ, Սարատովի շրջան – 1939 թ. փետրվարի 15, Լենինգրադ), ռուս խորհրդային նկարիչ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1930)։

Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1897 - 1905), Վ. Ա. Սերովի մոտ, Մյունխենում՝ Ա. Աժբեի ստուդիայում (1901) և Փարիզի մասնավոր ակադեմիաներում (1905 - 08)։ Եղել է «Միր իսկուսավա» (1911-ից) և «Չետիրե իսկուստվա» (1924-ից) խմբավորումների անդամ։ 1900-ական թթ. կրել է «սիմվոլիզմի» և «մոդեռնի» ուժեղ ազդեցությունը։ 1910-ական թթ. սկզբին վաղ շրջանի անորոշ քնարականությամբ, մռայլ կոլորիտով գործերին («Ափ», 1908, «Երազ», 1910) փոխարինում են հուզական լարվածությամբ, կերպարների պլաստիկ պարզությամբ, վառ գույների հակադրումով սուր ռիթմավորված կուռ կոմպոզիցիաներ («Խաղացող տղաներ», 1911, երեքն էլ՝ Ռուսական թանգարանում, Սանկտ Պետերբուրգ), «Կարմիր ձիու լողացնելը» նկարը (1912, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), որ ժամանակին ընկալվել է որպես պատմական նոր դարաշրջանի նախազգացում, նշանավորել է նկարչի վերջնական անցումը մշուշոտ այլաբանություններից դեպի այժմեականորեն հնչող և միաժամանակ համապարփակ սիմվոլիկային, հարթային ու ծավալային նկարելակերպերի ոչ օրգանական համադրումից դեպի միասնական մոնումենտալ-դեկորատիվ ամբողջությունը։

Շարժման պահը ընդգծելու, ընդարձակ տարածություն ընդգրկելու նպատակով Պետրով-Վոդկինը դիմել է «ոլորտային» հեռանկարին («Կեսօր», 1917, «Առավոտյան նատյուրմորտ», 1918, երկուսն էլ՝ Ռուսական թանգարանում)։ 1920-ական թթ. ձգտել է նկարի համայնապատկերային տպավորության, երեք հիմնական գույների (կարմիր, դեղին ու կապույտ) օգնությամբ միավորելով բոլոր ձևերն ու տարածական պլանները՝ լուծել է գուներանգային հարցեր։

Սովետական շրջանում ջանալով ըմբռնել երկրի պատմական բեկման էությունը իրականության «տիեզերական» իմաստավորման հետ փոխադարձ կապի մեջ՝ Պետրով-Վոդկինը ստեղծել է հեղափոխական պայքարի խստաշունչ պաթոսով, հանուն ապագայի անձնազոհման գաղափարով ներթափանցված կոմպոզիցիաներ («1918 թվականը Պետրոգրադում», 1920, Տրետյակովյան պատկերասրահ, «Մարտից հետո», 1923, Սովետական բանակի կենտրոնական թանգարան, Մոսկվա, «Կոմիսարի մահը», 1928, Ռուսական թանգարան), խստորոշ վերլուծմամբ կատարված դիմանկարներ (Աննա Ախմատովայի դիմանկարը, 1922), կենսալիության զգացումով առլեցուն բանաստեղծական ժանրային պատկերներ («Սարաֆանով աղջիկը», 1928), առարկայական աշխարհի կառուցվածքայնությունը սրությամբ դրսևորող նատյուրմորտներ («Թխենին բաժակում», 1932, բոլորը՝ Ռուսական թանգարանում)։ 1920 - 30-ական թթ. շատ գործեր է ստեղծել որպես գրաֆիկ, և թատերական նկարիչ։ Պետրով-Վոդկինի գրական երկերից (պատմվածքներ, վիպակներ, պիեսներ, ակնարկներ, տեսական հոդվածներ) առանձնանում է ինքնակենսագրական «Իմ պատմությունը»։ Սովետական իշխանության առաջին տարիներից եղել է գեղարվեստական կրթության համակարգի առաջին վերափոխողներից, դասավանդել Լենինգրադում (1918 - 33)։

Պետրով-Վոդկինի 7 աշխատանք պահվում է Հայաստանի պետական պատկերասրահում։

Հայտնի կտավները[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png