Կոմպոստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Havekompostbunke.jpg

Կոմպոստ (գերմ.՝ Kompost, իտալ.՝ composta, լատ.՝ compositus-բաղադրամաս), միկրոօրգանիզմների կենսագործունեության ազդեցության հետևանքով զանազան օրգանական նյութերի քայքայումից ստացվող պարարտանյութ։ Կոմպոստացման ժամանակ բույսերին մատչելի սննդատարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում) պարունակությունը օրգանական զանգվածում բարձրանում է, վնասազերծվում են ախտածին միկրոֆլորան և ճիճուների ձվերը, թաղանթանյութի, հեմիթաղանթանյութի և պեկտինային նյութերի քանակությունը նվազում է, պարարտանյութը դառնում է սորուն, որը հեշտացնում է հողի պարարտացումը։ Կոմպոստը պատրաստվում է գոմաղբից, տորֆից, գոմաղբահեղուկից, թռչնաղբից, վուշի և կանեփի կեղևանքից (կեղևացոլք), տերևներից, արևածաղկի ցողուններից, եգիպտացորենի կոթուններից, ոչ պիտանի կերերից և արտադրական թափոններից, աղբից և այլն։ Տարածված են տորֆագոմաղբային, տորֆակոյաջրային և տորֆաֆեկալային, գոմաղբահողային, գոմաղբաֆոսֆորիտային կոմպոստերը։ Կոմպոստը կիրառվում է բոլոր կուլտուրաների համար, գրեթե նույն չափաքանակով, ինչ գոմաղբը (15-40 տ/հա)։ Տրվում է ցելի, ցրտահերկի, կրկնավարի, ինչպես նաև սածիլման ժամանակ։ Պարարտացնող հատկություններով չի զիջում գոմաղբին, իսկ որոշ տեսակները գերազանցում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png