Պարարտանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պարարտանյութից)
Պարարտանյութեր տարածող մեքենա

Պարարտանյութեր, օրգանական, անօրգանական (հանքային) և կենսաբանական (հիմնականում բակտերիալ) նյութեր են, որոնք օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզիկական, քիմիական ու կենսաբանական հատկությունները, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերի արդյունավետությունը կախված է մշակաբույսերի կենսաբանական առանձնահատկություններից, հողում սննդատարրերի պարունակությունից, խոնավությունից, հողի լուծույթի ռեակցիայից և այլն։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի ագրոքիմիական հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։

Պարարտանյութերի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոստ օրգանական պարարտանյութից

Ըստ ազդման բնույթի՝ պարարտանյութերը լինում են ուղղակի (ներգործում են անմիջապես բույսի սննդային ռեժիմի վրա), անուղղակի (բարելավում են հողի հատկությունները) և բազմակողմանի ազդեցության։ Ըստ ծագման՝ օրգանական, հանքային և կենսաբանական։ Ըստ կազմության՝ պարզ, բարդ, համակցված։ Ըստ ագրեգատային ձևի՝ պինդ, հեղուկ, գազային։ Ըստ կիրառման ձևի՝ հիմնական, նախացանքային, ցանքակից, հետցանքյա (սնուցում)։

Օրգանական պարարտանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանական պարարտանյութերը պարունակում են բուսական կամ կենդանական ծագման սննդանյութեր, որոնց քայքայման ժամանակ մանրէների կենսագործունեության հետևանքով առաջանում են բույսերին մատչելի ազոտի, ֆոսֆորի, կալիումի, կալցիումի, ծծմբի և այլ տարրերի միացություններ։ Օրգանական պարարտանյութեր են գոմաղբը, բուսահողը, գոմաղբահեղուկը, թռչնաղբը, տորֆը, կոմպոստները և այլն։

Գոմաղբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Պարունակում է ազոտ, ֆոսֆոր, կալիում, կալցիում և միկրոտարրեր։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։

Բուսահող[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարարտանյութերից վնասված տերև

Բուսահող ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերև, խոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։

Գոմաղբահեղուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։ 5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։

Թռչնաղբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։

Տորֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։ Որպես պարարտանյութ՝ պիտանի է չեզոք ռեակցիայով և մեծ քանակությամբ կալցիում պարունակող տորֆը։

Տորֆագոմաղբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորֆագոմաղբային կոմպոստը պատրաստում են տորֆի բոլոր տեսակներից, որոնց խոնավությունը չի գերազանցում 60%-ը։ Տորֆի և գոմաղբի հարաբերությունը 0,75։ 1 է։

Տորֆաֆեկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդառատ անձրևի հետևանքով պարարտանյութի արտահոսք

Տորֆաֆեկալային կոմպոստն արագ ներգործող պարարտանյութ է, պարունակում է ազոտ, ֆոսֆոր և կալիում։ Ֆեկալները տորֆի հետ կոմպոստացնելիս նվազում է ազոտի կորուստը, վերանում է տհաճ հոտը, ստացվում է սորուն, կիրառման համար հարմար պարարտանյութ։

Հանքային պարարտանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքային պարարտանյութերը բույսերին անհրաժեշտ սննդատարրեր պարունակող անօրգանական նյութեր են, որոնք ներգործում են հողի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական հատկությունների և բույսերի սննդառության վրա։ Հողում ենթարկվում են զանազան փոխարկումների և դառնում բույսերին մատչելի։ Այդ փոխարկումների բնույթը և ինտենսիվությունը կախված են հողի հատկություններից և հանքային պարարտանյութի տեսակից։ Տարբերում են միակողմանի և համալիր ազդեցության հանքային պարարտանյութեր։ Միակողմանի ազդեցության պարարտանյութերը (ազոտական, ֆոսֆորական, կալիումական, միկրոպարարտանյութեր և այլն) պարունակում են 1, իսկ համալիրը (ամոֆոս, նիտրոֆոսկա, նիտրոամոֆոսկա)՝ 2 և ավելի սննդատարրեր։

Ազոտական պարարտանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազոտական պարարտանյութեր են ամոնիակային բորակը (ամոնիումի նիտրատ) պարունակում է 34-35% ազոտ։ Լավ լուծվում է ջրում և արագ ներգործում բույսերի վրա։ Նպաստում է հողի թթվեցմանը, ուստի նպատակահարմար է կիրառել կրացված հողերում։ Միզանյութը (կարբամիդ) պարունակում է 46% ազոտ։ Լավ լուծվում է ջրում, գործածվում է որպես հիմնական պարարտանյութ, ինչպես նաև արտարմատային լրացուցիչ սնուցման համար։ Ամոնիումի սուլֆատը պարունակում է 20,5-21% ազոտ, լուծվում է ջրում։ Լավ պահպանվում է հողում, ուստի այն որպես հիմնական պարարտանյութ հող են ներմուծում աշնանը, իսկ բույսերի վեգետացիայի շրջանում օգտագործում են նաև սնուցման ձևով։ Ամոնիումի սուլֆատը թթվեցնում է հողը, ուստի դրանով պարարտացնում են կրացված հողերը։

Ֆոսֆորական պարարտանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճահճացման հետևանքով ջրի ծաղկում

Ֆոսֆորական պարարտանյութեր են հասարակ սուպերֆոսֆատը, (կալցիումի երկհիդրոֆոսֆատի և կալցիումի սուլֆատի խառնուրդը) և կրկնակի սուպերֆոսֆատը (կալցիումի երկհիդրոֆոսֆատ), որոնք պարունակում են լուծվող ֆոսֆորական թթու։ Հատկապես արդյունավետ են հիմնային և չեզոք հողերում կիրառելիս։ Ֆոսֆորիտային ալյուրը դժվարալույծ փոշի է, պարունակում է 19-30% լուծվող ֆոսֆորական թթու։ Օգտագործվում է որպես հիմնական պարարտանյութ։

Կալիումական պարարտանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիումական պարարտանյութեր են կալիումի քլորիդը, որը պարունակում է մոտ 60% կալիումի օքսիդ։ Նպատակահարմար է հողին տալ աշնանը։ Կալիումական աղը կալիումի քլորիդի և սիլվինիտի (NaCl KCl) խառնուրդն է։ Պարունակում է 30-40% կալիումի օքսիդ։ Դրանով հողը պարարտացնում են աշնանը։

Կալիումի սուլֆատը պարունակում է 48% կալիումի օքսիդ, լուծվում է ջրում։

Կալիումի բորակը պարունակում է 44% կալիումի օքսիդ և 14% ազոտ։ Դյուրալույծ ազոտը չկորցնելու համար այն անպայման օգտագործում են գարնանը։ Մոխիրն արժեքավոր պարարտանյութ է. պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր և միկրոտարրեր։ Մոխրի մեջ կալիումի մեծ քանակությունը թույլ է տալիս այն օգտագործել հողի չեզոքացման համար։ Այն կիրառում են աշնանը և գարնանը։

Համալիր պարարտանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում մեթանի կոնցետրացիան 2005 թվականի տվյալներով

Համալիր պարարտանյութերը հողին տալիս են գարնանը՝ բույսերի վեգետացիայի շրջանում՝ որպես օժանդակ սնուցում։ Ամոֆոսը պարունակում է 44-52% յուրացվող ֆոսֆորական թթուներ և 10-11% ազոտ, նիտրոամոֆոսկան՝ 13-17% ազոտ, 17-19% ֆոսֆորական թթու և 17-19% կալիումի օքսիդ, նիտրոֆոսկան՝ 11% կալիումի օքսիդ։

Միկրոպարարտանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկրոպարարտանյութերը պարունակում են միկրոտարրեր՝ բոր, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։ Կիրառվում են սերմերի նախացանքային մշակման, արտաարմատային և արմատային օժանդակ սնուցումների ժամանակ։

Կենսաբանական պարարտանյութեր կամ բիոպարարտանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրանք հողի կենսաբանական հատկությունները բարելավող բակտերիաներ, սնկեր պարունակող պատրաստուկներ են, որոնց կենսագործունեությունը նպաստում է հողի հատկությունների կարգավորմանը և բույսերի սննդառությանը։ Հանդիսանում են անուղղակի ազդեցության պարարտանյութեր, քանի որ բույսերի համար սննդատարրեր չեն պարունակում, այլ պարունակում են կենդանի միկրոօրգանիզմներ, հիմնականում բակտերիաներ, որոնք հողում բազմանում են և կատարում մի շարք կարևոր գործառույթներ, որոնցից է մոլեկուլային ազոտի ֆիքսացիան, ամոնիֆիկացիան, նիտրիֆիկացիան, օրգանական նյութերի տարրալուծումը, պոտենցիալ բերրիության մատչելիացումը (սննդատարրերի մոբիլիզացիա) և այլն։ Այս եղանակով հողը բնական ճանապարհով հարստանում է սննդատարրերով, ինչը միանշանակ ընդունելի է օրգանական երկրագործությունում։ Պետք է նշել, որ կենսաբանական պարարտանյութերի կիրառման արդյունավետությունը հիմնականում կախված է հողային պայմաններից։ Այս պարարտանյութերի կիրառման արդյունավետությունը մեծանում է, երբ հողը օդաջրաթափանց է լինում, միջավայրը չեզոք կամ չեզոքին մոտ, իսկ խոնավությունը բավարար է բույսերի և միկրոօրգանիզմների գործունեության համար։ Սկզբնական շրջանում գիտնականները առաջարկում էին բակտերիական պարարտանյութեր, որոնք պարունակում են միայն մեկ շտամ (միկրոօրգանիզմների գենետիկորեն միատեսակ գաղութ)։ Ներկայումս առաջարկվում է մեկ պատրաստուկի միջոցով հողը վարակել 5-10 տեսակ բակտերիաներով, ինչը անշուշտ, ավելի արդյունավետ է։ Բակտերիական պարարտանյութերը կարող են լինել որոշակի մշակաբույսերի (նիտրագին), ինչպես նաև ընդհանուր կիրառման համար (Բայկալ ԷՄ-1, Ազոտովիտ, ՄՄ, Ֆոսֆազոտ, Ալքազոտ, Ֆոսֆոարմ և այլն)։ Վերջիններս պարունակում են տարբեր բակտերիաների շտամներ, ուստի կատարում են տարբեր ֆունկցիաներ։ Բակտերիական պարարտանյութերը առանձնանում են նրանով, որ հանդիսանում են շրջակա միջավայրի պարտադիր բաղադրիչ, ուստի էկոլոգիապես մաքուր են և անվտանգ բոլոր տեսակի օրգանիզմների համար։ Այս պարարտանյութերի կիրառման առանձնահատկությունն այն է, որ պահանջում է ճշգրիտ մոտեցում յուրաքանչյուր բակտերիական շտամի պահպանման և կիրառման ժամկետներին, պայմաններին։ Արտադրվում են շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում, օրինակ` Նիտրագին, ՄՄ, Ազոտովիտ, Ազոցեովիտ 1-ը Ֆոսֆազոտ, Ալքազոտ, Ֆոսֆոարմ և այլն։ Նշենք. որ բոլոր բակտերիական պարարտանյութերը կիրառվում են պարարտանյութի լուծույթով` ցանվող մշակաբույսի սերմերը թրջելով, հողը ջրելով (վարակելով)։ Յուրաքանչյուր պարարտանյութի կիրառման առանձնահատկությունները և ազդեցությունը հողում կենսաբանական ազոտի կուտակման և մշակաբույսերի բերքատվության վրա նշված են պիտակում։

Հանքային պարարտանյութերի չարաշահումը հանգեցնում է հողի, բնական և արհեստական ջրամբարների, մթնոլորտի աղտոտման, ուստի բնապահպանական տեսանկյունից առավել նպատակահարմար է օրգանական և կենսաբանական պարարտանյութի կիրառումը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարարտանյութեր» հոդվածին։