Կլարա Բարտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'Կլարիսա Հարլոու Բարտոն'
Clara Barton 1904.jpg
Ծնվել է դեկտեմբերի 25, 1821 թ.
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մասաչուսեթս Օքսֆորդ ԱՄՆ
Մահացել է Ապրիլի 12, 1912 թ.
Մահվան վայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մերիլենդ ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգություն Ամերիկացի
Աշխատանք Կարմիր խաչ

Կլարա Բարտոն (դեկտեմբերի 25, 1821 - Ապրիլի 12, 1912),

Կենսագրություն[խմբագրել]

ԱՄՆ-ի Կարմիր խաչի հիմնադիր և նախագահ Կլարա Բարտոնը 115 տարի առաջ` փետրվարին, ժամանեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս` 1894-96 թթ. կոտորածների զոհ դարձած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար։

Կլարիսա Հարլոու Բարտոնը ծնվել է 1821 թ. դեկտեմբերի 25-ին Մասաչուսետս նահանգի Օքսֆորդ քաղաքում։ 1852 թ. Բորդենթաունում հիմնադրում է Նյու Ջերսի նահանգում անվճար կրթություն տրամադրող առաջին հաստատությունը։ 1854 թ. տեղափոխվում է Վաշինգտոն և աշխատում Միացյալ Նահանգների ապրանքանիշերի արտոնագրային գերատեսչությունում։ Սա առաջին դեպքն էր, որ դաշնային կառավարությունում կին էր նշանակվում գրասենյակային ծառայողի կարևոր պաշտոնում։ Քաղաքացիական պատերազմի ընթացքում (1861-1865) Կլարան ամբողջությամբ նվիրվում է վիրավոր զինվորներին օգնություն և խնամք ցուցաբերելու գործին։ Իր անխոնջ աշխատանքի համար նա հայտնի է դառնում «Մարտադաշտի հրեշտակ» անվամբ։

Բարտոնը անձնվիրաբար պայքարել է կանանց իրավունքների պաշտպանության համար։

Նյու Յորքում հիմնադրված Հայ ազգային օգնության կոմիտեն 1895 թ. վերջին և Միսիոներների խորհուրդը տուժածների շրջանում օգնության դրամական միջոցների բաշխում նախաձեռնելու խնդրանքով դիմում են Ամերիկյան Կարմիր խաչին և Կ. Բարտոնին։

1895 թ. դեկտեմբերի 14-ին Կ.Բարտոնը հայտարարում է, որ Ամերիկյան Կարմիր խաչը կուղարկի օգնություն, հենց որ բավարար չափով միջոցներ հավաքեն` մոտ 350 հազար կարիքավոր և սովի մատնված մարդկանց օգնելու համար։ Փետրվարի 16-ին Կ. Բարտոնը հասնում է Կոստանդնուպոլիս։

Բարձր Դուռը բարի համբավ վայելող Ամերիկյան Կարմիր խաչին և նրա նախագահին թույլատրում է օգնություն ցուցաբերել հայկական կոտորածների հետևանքով տուժած բնակչությանը և գյուղատնտեսության վերականգնման ծրագրեր առաջարկել շրջաններին։

Մարտի 18-ին Կ. Բարտոնի օգնական և Թուրքիայում Ամերիկյան Կարմիր խաչի բարձրաստիճան սպա Ջուլիան Հյուբելը Կոստանդնուպոլսից ուղևորվում է Ալեքսանդրեթ և այնտեղ հիմնադրում քարավաններ Այնթափ հասնելու համար։ Այստեղից նրանք ուղևորվում են դեպի հյուսիս-արևելք` Խարբերդ և Մարաշ, օգնելու հազարավոր փախստականների։ Կ. Բարտոնը ֆինանսական տնօրեն Փուլմանի հետ մնում է Կոստանդնուպոլսում` ծրագիրը համակարգելու համար։ Կոտորածներին հետևեցին որովայնի տիֆի և բծավոր տիֆի, դիզենտերիայի և ծաղիկի համաճարակները։ Զեյթուն և Մարաշ քաղաքներում համաճարակները կանգնեցնելու համար այստեղ հրավիրվեց Սիրիայի Տրիպոլի քաղաքում հաստատված հայտնի համաճարակաբան բժիշկ Այրա Հարրիսը։ Երկու քաղաքներում հիվանդների թիվը գերազանցում էր 10.000։ Մեծ քանակությամբ մարդիկ էին մահանում։ Ամերիկացի մասնագետների ջանքերի շնորհիվ հիվանդության և մահացության դեպքերի թիվը նշանակալիորեն նվազեց։

Տարագիրներին բնակեցնում էին տներում, նրանց ապահովում էին հացով, դեղորայքով, հագուստով, սերմացուով, մանգաղներով, ճախարակներով և ջուլհակահատոցներով։

Այնուամենայնիվ, ամեն ինչ չէր, որ ընթացավ այնպես, ինչպես Կ. Բարտոնը կնախընտրեր։ Բազմաթիվ հոռետեսական հեռագրեր և նամակներ էին գալիս Միացյալ Նահանգներից, որոնք զգուշացնում էին նրան դադարեցնել օգնության առաքելությունը, քանի որ Թուրքիայի կառավարությունը Կարմիր խաչի համար խոչընդոտներ էր ստեղծում։

Սեպտեմբերի 2-ին Կ. Բարտոնը վերադառնում է Լոնդոն, ուր նա տեղեկանում է օսմանյան բանկում տեղի ունեցած միջադեպի և դրան հաջորդած Կոստանդնուպոլսի հայ բնակչության նոր կոտորածների մասին։ Այս անգամ նրան խորհուրդ են տալիս չվերադառնալ Կոստանդնուպոլիս։

Կ.Բարտոնը կարծում էր, որ Օսմանյան կայսրության հայ բնակչությանն օգնություն ցուցաբերելու առաքելությունն ավարտված չէր, քանզի քրիստոնյա հայերը թողնված էին կիսավայրենի հասարակության քմահաճույքին, նրանցից 100-200 հազարը դեռ ապաստանի, դեղորայքի, մթերքի և քաղաքակիրթ աշխարհի գթառատ բարերարության կարիքն ուներ։ Նա համոզված էր, որ առանց օժանդակության մոտ 50.000 մարդ կմահանար մինչև 1897 թ. մայիսը։

1897 թ. վերջին Վաշինգտոնում Կ. Բարտոնի և իր գործընկերների զեկույցները` Օսմանյան կայսրությունում իրենց իրականացրած մարդասիրական առաքելության վերաբերյալ, հրատարակվեցին մի գրքում։ Այս զեկույցները հետաքրքիր են այն իմաստով, որ դրանք ներկայացնում են մանրամասն նկարագրություններ կոտորածներից տուժած հայ բնակչության դրության և ամերիկացի արշավախմբերի կողմից նրանց ցուցաբերած օգնության մասին։[1]։

Ծանոթագրություն[խմբագրել]

  1. www.aysor.am, Կլարա Բարտոն. Մարտադաշտի հրեշտակ։