Բուժքույր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուժքույր

Բուժքույրը (կամ գթության քույրը) միջին բժշկական կրթությամբ մասնագետ է և աշխատում է բժիշկների ղեկավարությամբ։ Հիվանդանոցներում բուժքույրերը խնամում են հիվանդներին, հետևում նրանց վիճակին, բժշկի նշանակմամբ իրականացնում բուժարարողություններ, վերահսկում բաժանմունքի և հիվանդասենյակների սանիտարահիգիենային վիճակը։
Բուժքույրերն աշխատում են ավագ բուժքրոջ անմիջական ղեկավարությամբ, որը վերահսկում է բժշկի նշանակումների կատարումը, իրականացնում դեղանյութերի դուրսգրումը, դրանց հաշվառումն ու պահպանումը, հիվանդների ընդունելության և դուրսգրման ձևակերպումները, հետևում բաժանմունքի սանիտարական վիճակին, տնտեսությանը, հիվանդների սննդին և այլն։
Բուժքույրը նաև մասնակցում է բնակչության շրջանում սանիտարալուսավորչական աշխատանքների կատարմանը։ Բուժքույրեր աշխատում են նաև մանկապարտեզներում, դպրոցներում, արտադրական ձեռնարկություններում, ծերանոցներում, կարող են լինել նաև մասնավոր հիվանդապահներ և այլն։ Բուժքրոջ որակավորում ստանում են սովորաբար հատուկ բժշկական դպրոցներում կամ ուսումնարաններում 3 տարի սովորելուց հետո, ապա շատերը մասնագիտանում են բժշկագիտության որոշակի բնագավառում։ Բուժքույրերը հատկապես կարևոր դեր են խաղում այն երկրներում, որտեղ բժիշկները քիչ են։

Աղբյուր[խմբագրել]