Թամարա Գալուստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամարա Գալուստյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1925(1925-10-01) (98 տարեկան)
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՈւկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա

Թամարա Սերգեյի Գալուստյան (Կալուստյան, իսկական անունը՝ Թամարա Սեդրակի Կալուստյանց, հոկտեմբերի 1, 1925(1925-10-01), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կամերային երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտության ուսուցիչ։

Մաթեմատիկոս Դմիտրի Գրավեի թոռնուհին[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարա Կալուստյանը ծնվել է մտավորականների ընտանիքում (հայրը՝ Սեդրակ Կալուստյանցը, մաթեմատիկոս է եղել, մայրը՝ Ելենա Գրավեն, պարուհի)։ Մանկությունից քրոջ՝ Ելենայի հետ միասին Կիևի գիտնականների տան բալետի ստուդիայում զբաղվել են բալետով։ Հետագայում Ելենա Կալուստյանը դարձել է պարուհի։

1941 թվականին Թամարան ընդունվել է Կիևի համալսարան (բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժին), բայց ուսումը ստիպված է եղել ընդհատել Կիևի օկուպացիայի պատճառով։ Օկուպացիայի տարիներին ստիպված աշխատել է գերմանական սերմնաբուծական գրասենյակում՝ ընտանիքին կերակրելու համար։ 1950 թվականին ավարտել է Կիևի համալսարանը, որից հետո դասավանդել է գերմաներեն։ 1946-1951 թվականներին, միաժամանակ, սովորել է վոկալ գիտնականների տան վոկալ-օպերային ստուդիայում։

1951 թվականին Հանրապետական ինքնագործունեության ստուգատեսում առաջին տեղը կիսել է Եվգենյա Միրոշնիչենկոյի հետ, ինչը նրան թույլ է տվել ընդունվել Կիևի կոնսերվատորիա։ Կոնսերվատորիայում սովորել է մինչև 1957 թվականը՝ դառնալով Կլարա Իսահակովնա Բրունի վերջին ուսանողուհին, սովորել է նաև Տատյանա Միխայլովայի ղեկավարությամբ և Զոյա Լիխտմանի կամերային երգեցողության դասարանում։ 1960-ականներին Լենինգրադում նրան դասավանդել են Նադեժդա Գոլուբովսկայան և Իսայի Բրաուդոն։

1959 թվականին Կալուստյանը դարձել է հանրապետական վոկալ մրցույթի դափնեկիր։ Նույն թվականին սկսել է աշխատանքը որպես «Ուկրկոնցերտ»-ի հյուրախաղերի և համերգների ասոցիացիայի մենակատար, որը շարունակվել է մինչև 1972 թվականը։ Նա մենակատարային ծրագրերով հյուրախաղերով հանդես է եկել ողջ Խորհրդային Միությունում, Վլադիմիր Բեսֆամիլնովի հետ միասին, ելույթներ ունեցել խոպանում։ Երգեհոնահար Սամուիլ Դայչի հետ հանդես է եկել Կիևում, Լվովում, Դոնեցկում, Վիլնյուսում, Ռիգայում, Տալլինում, Լենինգրադում, Նովոսիբիրսկում, Մինսկում՝ կատարելով Յոհան Սեբաստիան Բախի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի և այլոց ստեղծագործությունները։

1972-1988 թվականներին եղել է Կիևի ֆիլհարմոնիայի մենակատար։ Առաջին անգամ Կիևում կատարել է Դմիտրի Շոստակովիչի, Սերգեյ Պրոկոֆևի, Բորիս Տիշչենկոյի, Վալերի Գավրիլինի և խորհրդային այլ կոմպոզիտորների մի շարք վոկալ ստեղծագործություններ։ Կալուստյանի երգացանկը ներառել է ռուս կոմպոզիտորների ռոմանսների լայն ընտրանի՝ Ռիչարդ Վագների, Գուստավ Մալերի, Ռոբերտ Շումանի, Հուգո Վոլֆի, գերմանացի բանաստեղծների վոկալ ցիկլեր, որոնք կատարվել են նրա կողմից բնօրինակ լեզվով։ Կալուստյանը համագործակցել է բազմաթիվ ուկրաինացի ժամանակակից կոմպոզիտորների հետ՝ կատարելով, մասնավորապես, Բորիս Լյատոշինսկու, Յուլի Մեյտուսի, Յուդիֆ Ռոզավսկայայի վոկալ ցիկլերը, կատարել է Նիկոլայ Լիսենկոյի, Գեորգի և Պլատոն Մեյբորոդայի, Իվան Կարաբիցի, Անդրեյ Շտոգարենկոյի և շատ ուրիշների ռոմանսները։

Երկար տարիների ստեղծագործական շփումները Թամարա Կալուստյանին կապել են Իգոր Բլաժկովի հետ. Կիևում և Լենինգրադում իր վոկալ և սիմֆոնիկ ծրագրերում նա մասնակցել է ԽՍՀՄ մի շարք պրեմիերաների, մասնավորապես՝ Յոզեֆ Հայդնի «Արիադնան Նաքսոսում» կանտատին, Մանուել դե Ֆայայի «Հոգեբանություն» պոեմին, Դմիտրի Բորտնյանսկու «In convertendo» մոտետին (ձայնագրությունը պահպանվել է)։ Լենինգրադի ֆիլհարմոնիկի կամերային նվագախմբի հետ ԽՍՀՄ-ում առաջին անգամ նա կատարել է Բենյամին Բրիտենի «Ֆեդրա» դրամատիկական կանտատը (1980, նվագախմբի 100-ամյակի կապակցությամբ, ձայնագրությունը պահպանվել է)։ Նաև մասնակցել է Իգոր Ստրավինսկու 100-ամյակին նվիրված համերգներին (1980-1982). «Էդիպ արքա» օպերայի համերգային կատարումը, «Requiem canticles»-ը կոնտրալտոյի, բասի, երգչախմբի և նվագախմբի համար, «Ուիլյամ Շեքսպիրի երեք երգերը» մեցցո սոպրանոյի, ֆլեյտայի, կլարնետի և ալտի համար, «Կատուների օրորոցայինները», 2 հոգևոր երգ Ուգո Վուլֆի «Իսպանական երգերի գրքից» (գործիքավորող՝ Իգոր Ստրավինսկի

Նաև հանդես է եկել այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Ֆեդոր Գլուշչենկոն, Էդուարդ Սերովը, Յուրի Նիկոնենկոն։ Մասնակցել է Հայդենյան երաժշտական փառատոնին (1985), Կիևյան գարուն փառատոնին (1983-1985), Մոսկվայում Զոլտան Կոդայի 100-ամյակի տոնակատարությանը (1983 թվականին մասնակցել է «Կատա Կադար» Տրանսիլվանյան ժողովրդական բալլադի ԽՍՀՄ-ում պրեմիերային մեցցո-սոպրանոյի և կամերային նվագախմբի համար)։ 1983 թվականին կատարել է միսս Բեգոտի պարտիան Բրիտտենի «Փոքրիկ ծխնելույզ մաքրողը» օպերայում (բեմադրությունը ՝ Իրինա Մոլոստովայի)։ 1961-1974 թվականներին եղել է վոկալի ուսուցիչ Ուկրկոնցերտի էստրադային կրկեսային ստուդիայում (այժմ՝ Կիևի էստրադայի և կրկեսի արվեստի պետական քոլեջ)։ Թամարա Կալուստյանի սաներից են եղել Կիևի օպերետի, Ազգային օպերայի, մանկական երաժշտական թատրոնի մենակատարներ, էստրադային երգիչներ և կոնսերվատորիայի ուսանողներ։

1989 թվականից մինչ օրս նա Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Կիևի գիտնականների տան վոկալ-օպերային ստուդիայի ղեկավարն է։ 2007 թվականին վոկալ և օպերային ստուդիային շնորհվել է «Ժողովրդական ստուդիա» կոչում։ Ստուդիայի մեներգիչները քաղաքային, համաուկրաինական և միջազգային վոկալ մրցույթների դափնեկիրներ են։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին Թամարա Կալուստյանը ստորագրել է այսպես կոչված «Կիևյան նամակը»՝ ի պաշտպանություն Վյաչեսլավ Չորնովոլի։ Դրա արդյունքում 10 տարի շարունակ նրա կատարողական կարիերան ենթարկվել է զգալի սահմանափակումների[2]։ 1947 թվականից սկսած 37 տարի Կալուստյանը բարեկամական հարաբերություններ է ունեցել Ֆաինա Ռանևսկայայի հետ[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Александрова А. Письма из городов. Киев // Советская музыка. — 1968 — № 7;
  • Бялик М. Концертное обозрение. Отмечая 70-летие Д. Д. Шостаковича// Советская музыка. — 1977 — № 2;
  • Бялик М. У нас на гастролях «Прекрасные образцы» // Веч. Ленинград.- 1980 −6 мая;
  • Музыченко О. Исполнительское искусство. Концертное обозрение: Киев, сезон 1985/86// Советская музыка. − 1987. — № 3;
  • Дайч Н. Вечори камерної музики // Київ. Правда.- 1968.- 28 лютого;
  • Стельмашенко О. Співає Тамара Калустян // Веч. Київ .- 1974.- 16 лютого;
  • Комарова-Кримська /. І звуки голосу чарівного // Прапор комунізму.- 1985.- 31 грудня.
  • Українська музична енциклопедія. // Киев, 2008.-т.2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Тамара Сергеевна Калустян - подруга Раневской».
  2. Женщины без самолюбия. Как киевская певица Тамара Калустян спасла Фаину Раневскую // «Труд», № 190, 9 октября 2008 года.
  3. Gazeta.ua (2008 թ․ մարտի 13). «Тамара Калустян дружила с Фаиной Раневской». Gazeta.ua (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]