Էդվին Հաբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Edwin-hubble.jpg

Էդվին Պաուլի Հաբլ (անգլերեն` Edwin Powell Hubble, 1889, նոյեմբերի 20, Մարշֆիլ, Միսուրի նահանգ, ԱՄՆ - 1953, սեպտեմբերի 28, Սան Մարինո, Կալիֆորնիայի նահանգ), ամերիկացի աստղագետ:

Էդվին Հաբլը 1914–17-ին աշխատել է Յերքի (Չիկագոյի համալսարան), 1919-ից՝ Մաունթ Վիլսոնի (Կալիֆորնիա) աստղադիտարաններում: 1927-ին ընտրվել է Վաշինգտոնի գիտությունների ակադեմիայի անդամ: 1922-ին նա ապացուցել է, որ դիտվող արտագալակտիկական միգամածություններն ունեն աստղային բնույթ, այսինքն՝ գալակտիկաներ են, իսկ գալակտիկական միգամածությունները գազափոշուց առաջացած գոյացություններ են:1924–28-ին Հաբլին հաջողվել է աստղային երկնքի լուսանկարների վրա հայտնաբերել աստղեր, որոնցից կազմված են մեզ ամենամոտ գտնվող որոշ գալակտիկաներ: Նա ապացուցել է, որ դրանք մեր Գալակտիկայի նման աստղային համակարգեր են: Հիմք ընդունելով ֆիզիկայում հայտնի Դոպլերի էֆեկտը, որի համաձայն՝ դիտորդի նկատմամբ շարժվող աղբյուրի ալիքի երկարությունը կամ հաճախությունը փոխվում է՝ շարժման արագությունից կախված, 1929-ին Հաբլը ցույց է տվել, որ գալակտիկաների կարմիր շեղումները (լուսարձակման սպեկտրի գծերի շեղումները՝ ալիքի հաճախության փոփոխությունները դեպի սպեկտրի կարմիր մասը) աճում են մինչև այդ գալակտիկաները եղած հեռավորություններին համեմատ (Հաբլի օրենք): Այս երևույթը վկայում է, որ այդ գալակտիկաները շարժվում են վիթխարի արագություններով. փաստորեն, Հաբլն ապացուցել է, որ դրանք իրարից հեռանում են:

Աղբյուրներ[խմբագրել]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, էջ 5: