Դիտարկիչ
Դիտարկիչը կամ բրաուզերը (անգլ. Web browser), ծրագրային ապահովում է, որը նախատեսված է վեբ-կայքեր դիտելու համար, այսինքն վեբ կայքերին դիմելու, դրանցից ստացված ինֆորմացիան վերամշակելու, կայքը արտածելու և մի էջից մյուսն անցնելու համար: Ցանցային դիտարկիչների մեծ մասը հնարավորություն ունի նաև ցույց տալու FTP սերվերների բովանդակությունը: Համաշխարհային ցանցի ստեղծման օրվանից ցանցային դիտարկիչները անընդհատ կատարելագործվել են և ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է մեծանում դրանց կարևորությունն ու պահանջարկը: Այժմյան ցանցային դիտարկիչը վեբ-կայքի մշակման և արտածման համար նախատեսված ծրագրային համակարգ է, որն իրենից ներկայացնում է վեբ-կայքի և իր հաճախորդի միջև միջանկյալ օղակ, միջավայր: Գրեթե բոլոր հայտնի ցանցային դիտարկիչները տարածվում են անվճար այլ լրացնող ծրագրերի հետ միասին. Ինտերնետ Էքսփլորեր (Microsoft Windows-ի հետ միասին), Մոզիլլա Ֆայրֆոքս (անվճար, ազատ ծրագրային ապահովում), Սաֆարի (Mac ՕՀ-ի հետ կամ անվճար Windows-ի համար), Օպերա (անվճար սկսած 8.50 տարբերակից), Գուգլ Քրոմ (անվճար, ազատ ծրագրային ապահովում):
Տարածումը [խմբագրել]
Internet Explorer Mozilla Firefox Google Chrome Opera
Աշխարհում շատ ցանցային դիտարկիչներ գոյություն ունեն, սակայն ավելի հայտնի են վերևում նշված հինգ դիտարկիչները: Այդ դիտարկիչները միշտ գտնվել և գտնվում են մրցակցության մեջ ու տարբեր երկրներում ձգտում են գրավել ցանցային դիտարկիչների շուկան: Հետևաբար տարբեր երկրներում այս ցանցային դիտարկիչները տարբեր տարածում ունեն:[1]
Ինտերնետ Էքսփլորեր ցանցային դիտարկիչը ամենից շատ տարածված է ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Չինաստանում: Այն իր օգտագործողների թվով առաջատարն է, սակայն վերջին ժամանակներս այս ցանցային դիտարկչի օգտագործողների թիվը պակասել է: Դա հիմնականում բացատրվում է ծրագրային սխալներով ու դիտարկչի ծարաբեռնվածությամբ: Շտկելու համար այս անհաջողությունները Microsoft ընկերությունը 2011-ին թողարկում է իր ցանցային դիտարկիչի 9-րդ տարբերակը, որը բավականին տարբերվում է դիտարկչի ավելի հին տարբերակներից:
Մոզիլլա Ֆայրֆոքս ցանցային դիտարկիչը երկրորդն է աշխարհում իր օգտագործողների թվով: Այն մեծ տարածում ունի հատկապես Ինդոնեզիայում, որտեղ դիտարկչից օգտվում է համացանց օգտագործողների 80 տոկոսը:
Գուգլ Քրոմ ցանցային դիտարկիչը, չնայած իր նոր լինելուն, բավականին մեծ տարածում է գտել աշխարհում: Դիտարկիչը հատկապես տարածված է Թունիսում և Ալբանիայում, որտեղ այն առաջին տեղում է: Դիտարկիչը նաև մեծ տարածում է գտել Հայաստանում, որտեղ այս ցանցային դիտարկչից օգտվում է համացանց օգտագործողների 34 տոկոսը:[2]
Օպերա ցանցային դիտարկիչը նույնպես զարգանում է մեծ թափով, սակայն այս դիտարկիչի օգտագործողների թիվը աշխարհում շատ փոքր է`ընդամենը համացանց օգտագործողների 3 տոկոսը: Այն մեծ տարածում ունի հատկապես ՌԴ-ում, Ուկրաինայում,Ղազախստանում, Վրաստանում:
Ծանոթագրություններ [խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դիտարկիչ կատեգորիայում։ |