Բեռնար Չուլույան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռնար Չուլույան
Բեռնար Չուլույանը (աջից)՝ իսպանացի Իգնասիո Սանսայի հետ գոտեմարտի ժամանակ (78 կգ քաշային կարգ, Ամառային օլիմպիական խաղեր 1980, Մոսկվա)
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Bernard Marc Tchoullouyan[1]
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 12, 1953(1953-04-12)[1]
Ծննդավայր՝Մարսել[1]
Մահվան ամսաթիվ՝հունվարի 7, 2019(2019-01-07)[2][1] (65 տարեկան)
Մահվան վայր՝Միմե[1]
178 սանտիմետր
Քաշ՝84 կիլոգրամ[3]

Բեռնար Չուլույան (ֆր.՝ Bernard Tchoullouyan, ապրիլի 12, 1953(1953-04-12)[1], Մարսել[1] - հունվարի 7, 2019(2019-01-07)[2][1], Միմե[1]), ֆրանսահայ ձյուդոիստ, միջին և կիսամիջին կարգերի ներկայացուցիչ։ Նա հանդես է եկել ձյուդոյի Ֆրանսիայի հավաքականի կազմում 1974-1982 թվականներին։ Եղել է աշխարհի չեմպիոն, Ֆրանսիայի հնգակի չեմպիոն, Մոսկվայում կայացած ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող և մրցանակակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնար Չուլույանը ծնվել է 1953 թվականի ապրիլի 12-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Ուներ հայկական արմատներ[5]։

Լինելով մեծ ֆուտբոլասեր՝ 8 տարեկանում գրանցվել է «ASPTT Մարսել» ֆուտբոլային սեկցիայում, բայց հետո տեղափոխվել է ձյուդո։ Հետագայում նա տեղափոխվել է Լառնի Սյուր Մառն կոմունայի ակումբ[6], որտեղ մարզվել է ապագա օլիմպիական չեմպիոն Թիերի Ռեի հետ[7]։

Առաջին անգամ ձյուդոյում աչքի է ընկել 1974 թվականին՝ Փարիզի միջազգային մրցաշարում նվաճելով բրոնզե մեդալ։

1975 թվականին Բեռնարը միջին քաշային կարգում նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը, ինչպես նաև դարձել է բրոնզե մեդալակիր Մոնրեալի նախաօլիմպիական միջազգային մրցաշարում։

1976 թվականի Ֆրանսիայի առաջնությունում նա նվաճել է բրոնզե մեդալ։

1977 թվականից նա հանդես է եկել կիսամիջին քաշային կարգում (մինչև 78 կգ), այդ մրցաշրջանում հաղթել է Ֆրանսիայի ազգային առաջնությունում, արծաթե մեդալակիր է դարձել Պոտսդամի և Վարշավայի միջազգային մրցաշարերում, Հռենոսի Լյուդվիգսհաֆենում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե և արծաթե մեդալներ՝ անհատական և թիմային հաշվարկներում համապատասխանաբար։

1978 թվականին իր մրցանակներին ավելացրել է Փարիզի և Բուդապեշտի միջազգային մրցաշարերի արծաթե մեդալները, կրկին դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, բրոնզե մեդալ է նվաճել Հելսինկիում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում և ոսկե մեդալ՝ Փարիզում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում։

1979 թվականին նա կրկին լավագույնն է եղել Ֆրանսիայի ազգային առաջնությունում, Փարիզի և Թբիլիսիի միջազգային մրցաշարերում արժանացել է համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալների, և դարձել արծաթե մեդալակիր Բրեշիայում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում։ Փարիզում կայացած տնային աշխարհի առաջնությունում նա հասել է եզրափակիչ՝ զիջելով միայն ճապոնացի Ֆուձիի Սյոձոյին, և նվաճել է արծաթե մեդալ[8]։

1980 թվականին Ֆրանսիայի առաջնությունում Չուլույանը զբաղեցրել է երրորդ տեղը, նույն արդյունքը ցույց է տվել նաև Վիեննայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում։ Մի շարք հաջող ելույթների շնորհիվ նա իրավունք է նվաճել մասնակցելու Մոսկվայի ամառային օլիմպիական խաղերին (այստեղ նա հանդես է եկել չեզոք դրոշի ներքո, քանի որ Ֆրանսիան, արևմտյան մի շարք այլ երկրների հետ, քաղաքական պատճառներով բոյկոտել էր այդ մրցումները)։ Մինչև 78 կգ քաշային կարգում հաջողությամբ հաղթել է առաջին երկու մրցակիցներին, իսկ երրորդ՝ կիսաեզրափակիչ գոտեմարտում նա պարտվել է կուբացի Խուան Ֆերերին։ Երրորդ տեղի համար մխիթարական գոտեմարտում հաղթել է իսպանացի Իգնասիո Սանսային և արժանացել օլիմպիական բրոնզե մեդալի[9][10]։

Մոսկովյան Օլիմպիական խաղերից հետո Չուլույանը որոշ ժամանակ մնում էր Ֆրանսիայի հավաքականի կազմում և շարունակում մասնակցել միջազգային խոշոր մրցաշարերի, ընդ որում, նա որոշել էր բարձրացնալ միջին քաշային կարգ (մինչև 86 կգ)։ 1981 թվականին նա լավագույնն էր Ֆրանսիայի առաջնությունում և Փարիզում անցկացված միջազգային մրցաշարում, արծաթե մեդալակիր էր դարձել Դեբրեցենում կայացած Եվրոպայի առաջնությունում՝ եզրափակչում զիջելով խորհրդային ձյուդոիստ Դավիթ Բոդավելիին։ Բացի այդ, այդ մրցաշրջանում Չուլույանը ցույց տվեց իր մարզական կարիերայի ամենանշանակալի արդյունքներից մեկը՝ Մաաստրիխտում նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը[8][11]։

1982 թվականին նա երրորդն էր Ֆրանսիայի առաջնությունում, երկրորդը՝ Զինդելֆինգենում անցկացված միջազգային մրցաշարում, երրորդը՝ Եվրոպայի անհատական առաջնությունում (Ռոստոկ) և առաջինը՝ Միլանում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով մարզական կարիերան՝ Չուլույանն անցել է մարզչական գործունեության Մարսելի հայրենի ակումբում. նա պատրաստել է տաղանդավոր շատ մարզիկների, այդ թվում` 2007-2010 թվականներին եղել է ֆրանսիացի ձյուդոիստուհի Լյուսի Դեկոսի անձնական մարզիչը, նրան հասցնելով Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե և Տոկիոյի աշխարհի առաջնության ոսկե մեդալների[8]։

Ձյուդոյում արձանագրած ակնառու նվաճումների համար 2013 թվականի հուլիսի 12-ին պարգևատրվել է Պատվո Լեգեոնի շքանշանով[12]։

Բեռնար Չուլույանը մահացել է 65 տարեկանում սրտի կաթվածից՝ 2019 թվականի հունվարի 7-ին Միմե կոմունայում[8]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Շառլ Ազնավուրի կազմակերպած բարեգործական աճուրդին, որի հասույթն ուղղվելու էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժածներին, Բեռնար Չուլույանը նվիրաբերել է իր նվաճած մեդալները։ Ազնավուրը գնել է դրանք և վերադարձրել տիրոջը՝ նշելով, որ «այդ մեդալները միայն քոնը չեն, դրանք հայ ժողովրդինն են»[13][14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 Disparition : le judoka marseillais Bernard Tchoullouyan est décédé à l'âge de 65 ans (ֆր.)
  3. Olympedia — 2006.
  4. 4,0 4,1 Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 2013. — Iss. 162. — P. 11751. — ISSN 0242-6773
  5. «Встреча с олимпийским чемпионом - yerkramas.org». yerkramas.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  6. «Le champion de judo marseillais Bernard Tchoullouyan leur manque déjà tellement». LaProvence.com (ֆրանսերեն). 2019 թ․ հունվարի 13. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  7. Média, Prisma. «Thierry Rey - La biographie de Thierry Rey avec Gala.fr». Gala.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Bernard Tchoullouyan, ancien champion du monde de judo, est mort». L'ÉQUIPE. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  9. Бернар Чулуян(անգլ.) — страница на сайте Международного олимпийского комитета
  10. Бернар Чулуян – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
  11. «Le Français Bernard Tchoullouyan champion du monde» (ֆրանսերեն). 1981 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  12. Décret du 12 juillet 2013 portant promotion et nomination.
  13. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, Սոս և Վոգա, 2003, 350 էջ, էջեր 212-213։
  14. «Երկուսով՝ մեկ թիմ». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնար Չուլույան» հոդվածին։