Անաբապտիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անաբապտիզմ (հունարեն ανα (կրկին) + βαπτιζω (մկրտել) – կրկին մկրտում եմ)՝, կրկնակնունքներ, Արմատական Ռեֆորմացիայի քրիստոնյաները Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում, XVI դ.։ Պահանջվում էր կրկին մկրտվել հասուն տարիքում Անաբապտիզմի համայնքի մեջ ընդունվելիս, մերժում եկեղեցական բոլոր կազմակերպություններն ու հիերարխիան, սրբապատկերները, խորհուրդը, ժխտում հոգևոր և աշխարհիկ իշխանությունների անհրաժեշտությունը, հրաժարում հարկ վճարելուց, հրաժարում զինվորական ծառայությունից և հասարակական պաշտոն զբաղեցնելուց։ Նրանք քննադատում էին հարստությունն ու սոցիալական անհավասարությունը, քարոզում ունեցվածքի ընդհանրություն։ Անաբապտիստները հավատում էին Քրիստոսի արքայության հազարամյա հաստատմանը։ Այդ ուսմունքն ըստ էության սոցիալական բողոք էր ֆեոդալական կարգերի դեմ։ Անաբապտիստները սերում էին արմատական-միստիկական աղանդից (ցուիկաույան քարոզիչները Թյուրինգիայում, սակրամենտիստները՝ Նիդերլանդներում) և ամենից վաղ տարածվեցին Գերմանիայում, որտեղ ստացան Թ. Մյունցերի աջակցությունը, և Ցյուրիխում (Շվեյցարիա)։ Նրանք 1524-1525 թթ. Մասնակցեցին Գյուղացիական պատերազմին Գերմանիայում։ Գյուղացիական պատերազմից և Շվեյցարիայում Անաբապտիստների պարտությունից հետո այդ շարժման կենտրոնը տեղափոխվեց Հյուսիսային Նիդերլանդներ և Վեսֆալիա, հատկապես՝ Մյունստեր, որտեղ Անաբապտիստները գրավեցին իշխանությունը (Մյունստերիան կոմունա 1534-35)։ Վերջինիս անկումից հետո անաբապտիզմը տարրալուծվեց մի շարք ինքնուրույն հոսանքների, որոնցից անդիմադրողականների աղանդները սկզբնավորեցին բապտիստներիհերձվածը։