Կալվինականություն
Կալվինականությունը բողոքականության ուղղություն է: Առաջացել է 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայի շրջանում, Ժնևում: Հիմնադիրն է Ժան Կալվինը: Հիմնականում տարածված է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում: Կալվինականությունը ելնում է նախասահմանության մասին Կալվինի ուսմունքից, ըստ որի Աստված մարդկանց մի մասին նախասահմանել է փրկություն և դրախտ, իսկ մեծամասնությանը դատապարտել կործանման ու դժոխքի: Մարդիկ չեն կարող իմանալ, թե որ խմբին են պատկանում, այդ որոշվում է գործունեության հաջողությամբ: Այս ուսմունքը կապիտալի նախակուտակման շրջանի կրոնափիլիսոփայությունն է և համապատասխանում էր այն ժամանակվա բուրժուազիայի ամենահամարձակ մասի պահանջներին, որովհետև առևտրի ու կոնկուրենցիայի աշխարհում հաջողությունը կամ սնանկությունը կախված են ոչ թե առանձին անձանց գործունեությունից կամ հմտությունից, այլ նրանցից անկախ հանգամանքներից:
Կալվինականությունը հետևողականորեն է իրականացրել բողոքականության սկզբունքները: Եկեղեցում բացակայում են զոհասեղանը, մոմերը, երգեհոնը: Հոգևորականները հատուկ զգեստ չունեն, իսկ նրանց պարտականությունը հասկանալի լեզվով աղոթելը, Աստվածաշնչի ընթերցումը և սաղմոսերգությունն է: Քրիստոնեական խորհրդածեսերից ընդունում է միայն մկրտությունն ու հաղորդությունը: Եկեղեցին կառուցվածքով հանրապետական բնույթի է: Կալվինական եկեղեցու կազմակերպությանը բնորոշ է խստագույն կարգապահությունը և շարքային անդամների անառարկելի ենթարկվածությունը համայնքի ղեկավարությանը: Մեծ իրավունքներ ունի կրոնական համայնքը:
Գրականություն [խմբագրել]
(1979թ.) "5-րդ հատոր", Հայկական սովետական հանրագիտարան։