Ադվենտիստներ
Ադվենտիստ (լատիներեն` adventus-գալուստ) - 19-րդ դարի 30-ական թթ. ԱՄՆ-ում բողոքականության ընդերքում առաջացած քրիստոնեական հոսանքի հետևորդներ:
Հիմնադիրը Վիլյամ Միլլերն է (1782-1849): Իր զարգացման ընթացքում ադվենտիզմը տրոհվեց մի շարք ճյուղերի, որոնք կազմեցին ինքնուրույն եկեղեցիներ: Դրանցից ամենախոշորը ադվենտիստների յոթերորդ օրվա եկեղեցին է: Դավանության գլխավոր կետերն են` Հիսուս Քրիստոսի մոտալուտ «երկրորդ գալստյան», ահեղ դատաստանի, երկնքում հազարամյա արքայության հավատը:
Մարդկային պատմությունը դիտվում է որպես հավերժ պայքար Քրիստոսի և սատանայի միջև, որը ավարտվելու է սատանայի ու նրա հետևորդների կործանումով:
Ադվենտիստները ընդունում են հոգու մահկանացու լինելը, համարելով, որ այն մեռնում է մարմնի հետ միասին, որպեսզի հարություն առնի «երկրորդ գալստյան» օրը: հատուկ նշանակություն են տալիս անձի բարոյական վերափոխմանը, որպես Քրիստոսի հետ հանդիպմանը նախապատրաստվելու պայման: Արգելք են դնում որոշ սննդամթերքների վրա (խոզի միս, սուրճ և այլն):
Յոթերորդ օրվա ադվենտիստները որպես մարգարեուհի ճանաչում են Ե. Ուայթին, որի աշխատությունները ընդունվում են Աստվածաշնչին հավասար:[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ (1983) Աթեիստի գրպանի բառարան։ Երևան: «Հայաստան», էջ 5-6։