Ֆրիզ (ճարտարապետություն)
Ֆրիզ (ֆր.՝ frise), ճարտարապետական օրդերի հատված, անտաբլեմենտի միջին հատված, որ գտնվում է արխիտրավի և քիվի միջև։ Ավելի լայն նշանակությամբ գեղազադրային կոմպոզիցիա է՝ հորիզոնական ժապավենի տեսքով, որ պսակում է ճարտարապետական կառույցի այս կամ այն մասը։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվան ստուգաբանությունը միանշանակ չէ։ Վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է ֆրանսերեն բառից, որ նշանակում է զարդարուն, խավոտ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ճարտարապետական ֆրիզն ամենից առաջ զարդարվել է ռելիեֆային կամ նկարված պատկերներով։ Անուղղակիորեն անվան այս տարբերակն է հաստատում ֆրիզի անվանումը, որն ընդունված է եղել անտիկ ժամանակաշրջանում՝ զոֆոր (հուն․՝ ζῴφόρος, ζῴοφόρος, բառացի՝ կենդանիների պատկերներ կրող)։ Անվան մյուս վարկածի համաձայն՝ այն առաջացել է գերմանական ֆրիզ (լատին․՝ frisii) ցեղախմբի անունից, որը մեր թվարկության սկզբին հաստատվել էր Հռենոս գետի ստորին հոսանքում և հույներին հայտնի էր բարբարոսական որակներով, մորուքներով և երկար, գանգուր մազերով։ Այդ պատճառով էլ ավանդաբար ֆրիզ կամ ֆրիզային կտոր են անվանել երկար մազիկներով բրդյա կտորները[1]։
Դասական ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին էտրուսկների ճարտարապետության մեջ Իտալիայում տաճարների ծածկի փայտե կոնստրուկցիաները, այդ թվում՝ արխիտրավը, ֆրիզն ու քիվը ծածկել են թրծակավե սալիկներով, որոնք նկարազարդել են հանքային ծագման սպիտակ, կապույտ և կարմիր ներկերով։ Սակայն ֆրիզի դասական ձևի նշանակությունը՝ որպես օրդերի մի հատվածի, ձևավորվել է Հին Հունաստանի շինարակական մշակույթում։ Դորիական օրդերում ֆրիզը, որը գտնվել է հարթ արխիտրավի և հղկված քիվի միջև, ձևավորվել է տրիգլիֆների և մետոպաների հերթագայությամբ։ Ընդ որում, եթե սյուների ու արխիտրավի միջին հատվածը, որպես կանոն, չեն ներկել, ֆրիզն ու քիվը ներկել են վառ գույներով. տրիգլիֆները ներկել են կապույտ կամ կանաչ, մետոպի ֆոնը՝ վառ կարմիր։ Քառակուսու տեսքով մետոպները զարդարել են ռելիեֆով, հազվադեպ՝ նկարներով։
Հատուկ նշանակություն է ունեցել մետոպների պատկերների ուղղվածությունը. կերպարների տեսողական շարժումը ուղղված է եղել գլխավոր ճակատամասի կենտրոնին կամ դրա հակառակ ուղղությանը, առաջնային ճակատամասի միջին գծից՝ շինության ճակատի հետնամասին, որտեղ ռելիֆները հանդիպում են «դեմ առ դեմ»։ Հոնիական, կորինֆյան և կոմպոզիտյան օրդերներում տրիգլիֆներն ու մետոպները բացակայում են։ Տոսկանյան օրդերի հռոմեական տարբերակում, Վիտրուվիոսի տեսության համաձայն, ֆրիզը հարթ չէ։ Հունական հոնիական, հռոմեական հոնիական, կորինֆյան և կոմպոզիտյան օրդերներում ֆրիզը ծածկել են ռելիեֆի մասամբ ոսկեզօծ զոֆորի ժապավենով, որը ներկել են վառ գույներով։
Հելլենիզմի դարաշրջանի քանդակագործական արվեստի նշանավոր հուշարձան է Պերգամոնում Զևսի խորանը (մ. թ. ա. 164-156): Այն ոչ սովորական տեղադրում ունի. տեղադրված է П-աձև հարթակին, ոչ թե սյունաշարի անտաբլեմենտում։ Հարթաքանդակային ֆրիզը բաղկացած է մարմարյա առանձին սալերից՝ 2.3 մ բարձրությամբ և 120 մ ընդհանուր երկարությամբ։ Խորանի վերին հատվածում՝ պերիստիլում, կա քանդակային փոքր ֆրիզ՝ որպես ինքնուրույն կոմպոզիցիա։
Միջնադարյան և նոր ժամանակների ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]17-19-րդ դարերի կլասիցիզմի, նեոկլասիցիզմի և բարոկկոյի, ինչպես նաև 20-21-րդ դարերի նոր կլասիցիզմի ճարտարապետության մեջ ֆրիզային կոմպոզիցիաների կիրառումը եղել է ազատ և չի ենթարկվել խիստ կանոնակարգերի։ Այսպես, 18-րդ դարի երկրորդ կեսի եկատերինյան կլասիցիզմի ճարտարապետ Ջակոմո Կվարենգին Սանկտ Պետերբուրգում գտնվող Անիչկովի պալատի աշխատասենյակում (1803-1805), խախտելով կանոնները, հոնիական կապիտելը համադրել է դորիական անտաբլեմենտին։
Դասական ճարտարապետության խիստ շրջանակներում ֆրիզ է է կոչվում ժապավենի տեսք ունեցող կոմպոզիցիոն տարրը, գեղազարդված կամ մակագրություն ունեցող ռելիեֆը։
Ֆրիզի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անֆիմիոն։ Ֆրիզի տարատեսակ՝ կորնթարդ զարդանախշով, որ ամենից հաճախ հանդիպում է հոնիական սյունաշարով[2]։
Ճարտարապետական ֆրիզի անունով է կոչվում յուրօրինակ կոմպոզիցիան, որ ոչ միշտ է կապվում ճարտարապետության հետ. դա գեղանկարչության մեջ կերպարների ֆրիզային դասավորվածությունն է, դեկորատիվ նկարչությունը, խճանկարները։ Կիրառական արվեստում երկարացված կաղապարով ցանկացած տարր անվանում են ֆրիզ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Фасмер М. Этимологический словарь русского языка: В 4-х томах.— М.: Прогресс. — Т. 4, 1987. — С. 207
- ↑ «Анфимион». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Фриз, в архитектуре». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիզ (ճարտարապետություն)» հոդվածին։ |
|