Jump to content

Ֆուտբոլային պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլային պատերազմ
Թվական14 - 20 հուլիսի, 1969 թվական
Մասն է(իսպ.՝ Guerra del Fútbol)
«100-ժամյա պատերազմ»
(իսպ.՝ la Guerra de las Cien Horas)
ՎայրՍալվադոր-հոնդուրասյան սահման
Արդյունքկնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր
Հակառակորդներ
Սալվադոր ՍալվադորՀոնդուրաս Հոնդուրաս
Հրամանատարներ
նախագահ
Ֆիդել Սանչես Էռնանդես
նախագահ
Օսվալդո Լոպես Արելյանո
Կողմերի ուժեր
2500 զինվոր
հրետանի[1]
մինչև 10 տանկ ՄԶԱ1[2]
12 «Rayo» զրահամեքենա[2]
30 ինքնաթիռ
4 պարեկային մոտորանավակ
8000 զինվոր
հրետանի[1]
32 ինքնաթիռ (այդ թվում՝ 25 մարտական)[1]
1 պաշտպանական նավ
3 պարեկային մոտորանավակ
Ռազմական կորուստներ
700 զոհ (ներառյալ քաղաքացիական անձինք)
4 ինքնաթիռ[1]
մոտ 1200 զոհ (ներառյալ քաղաքացիական անձինք)
Ընդհանուր կորուստներ
~2000 զոհ[3]
մինչև 5 000 զոհ (ներառյալ քաղաքացիական անձինք)[4]

Ֆուտբոլային պատերազմ (անգլ.՝ Football War, իսպ.՝ Guerra del Fútbol), արագ ռազմական հակամարտություն Սալվադորի և Հոնդուրասի միջև, որը տևեց վեց օր (1969 թվականի հուլիսի 14-20)։ Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ պատերազմի անմիջական առիթ հանդիսացավ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի խաղերում Հոնդուրասի թիմի կրած պարտությունը Սալվադորի թիմից, ինչով էլ բացատրվում է տվյալ հակամարտության անվանումը։

Չնայած արագընթացությանը՝ հակամարտությունը թանկ գին ունեցավ երկու կողմերի համար. ընդհանուր կորուստները կազմեցին մի քանի հազար մարդ։ Պատերազմը վերջ տվեց Կենտրոնաամերիկյան ընդհանուր շուկայի տարածաշրջանային ինտեգրացիոն նախագծին։ Երկրների միջև հաշտության պայմանագիրը ստորագրվեց պատերազմի ավարտից 10 տարի հետո միայն։

Նախապատմություն և պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի պատճառներից մեկն էլ երկու երկրների միջև ընդհանուր սահմանի որոշ հատվածների ճիշտ տեղագրության վերաբերյալ վաղեմի վեճն էր, որ սկիզբ էր առել 19-րդ դարում[5]։

Բացի այդ, Հոնդուրասի կառավարությունն ու գործարար շրջանակները զայրացած էին այն էական առևտրային առավելությունների պատճառով, որոնք 1960-ական թվականների սկզբներին Կենտրոնաամերիկյան ընդհանուր շուկայի կազմակերպության կանոններով տրամադրվեցին ավելի զարգացած սալվադորյան տնտեսությանը[5]։

  • 1969 թվականին Հոնդուրասի պարտքը Սալվադորին կազմել է ԿԱԸՇԿ բոլոր երկրներին Հոնդուրասի պարտքի գումարի կեսը. պատերազմի վերսկսումը թույլ էր տալիս Հոնդուրասի կառավարությանը ոչ միայն վերացնել պարտքի հարցը, այլև ամրապնդել երկրի տնտեսական վիճակը սալվադորցիների գույքի հաշվին[5]։

Եվս մի խումբ խնդիրներ կապված էին Հոնդուրասի տարածքում սալվադորյան վերաբնակիչների հետ։

  • Սալվադորը տարածքով ամենափոքրը և ամենախիտ բնակեցվածն էր բոլոր կենտրոնաամերկյան պետություններից, ուներ ավելի զարգացած տնտեսություն, բայց մշակման համար պիտանի հողերի պակաս ուներ։ Սալվադորում հողերի մեծ մասը վերահսկվում էր խոշոր հողատերերի կողմից, ինչը հանգեցրել էր «հողի սովի» և անհող գյուղացիների արտագաղթի հարևան Հոնդուրաս[5]։
  • Հոնդուրասը տարածքով ավելի մեծ էր հարևանից, այդքան խիտ բնակեցված չէր և ավելի թույլ էր զարգացած տնտեսապես, սակայն գյուղատնտեսական նշանակության հողերի ավելի քան 200 հազար հեկտարը (18 %) համարվում էր ԱՄՆ ընկերությունների սեփականություն, որ մեծացնում էր երկրում «հողային սովը»[5]։

Սալվադորցիների վերաբնակեցումը Հոնդուրասում ազատ հողերի և ապրուստի որոնման նպատակով սկսվել է 1930-ականներին։ Ներգաղթյալների մեծամասնությունը գալիս էին երկիր անօրինական, նրանք զբաղեցնում էին չօգտագործվող հողերը և սկսում էին դրանք մշակել. այսպիսով ծագել են անօրինական ամբողջական բնակավայրեր[5]։

1961 թվականի ամռանը Հոնդուրասի տարածքում՝ Հասիենդա դել Դոլորես բնակավայրի շրջանում, տեղի է ունեցել սալվադորցիների խմբի բախումը Հոնդուրասի քաղաքացիական գվարդիայի պարեկախմբի հետ, որի ընթացքում սպանվեց Սալվադորի քաղաքացի Ալբերտո Չավեսը (Alberto Chávez)։ Այս միջադեպը հանգեցրեց երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացմանը։ 1961 թվականի հունիսի 19-ին Սալվադորի կառավարությունը պաշտոնապես պահանջեց Հոնդուրասի կառավարությունից հետաքննություն անցկացնել՝ սալվադորցու մահվան հանգամանքները պարզելու համար[6]։

1962 թվականի սեպտեմբերին Հոնդուրասի կառավարությունը հողային բարեփոխումների մասին օրենք ընդունեց[7], որով սկսվեց ապօրինի ներգաղթյալների կողմից անօրինական զբաղեցրած հողերի վերաբաշխում՝ հօգուտ Հոնդուրասի քաղաքացիների[Ն 1]: Այն բանից հետո, երբ Հոնդուրասի իշխանություններն սկսեցին վտարել սալվադորցիներին երկրի տարածքից, Սալվադորի և Հոնդուրասի միջև հարաբերությունները լարվեցին[6]։

1969 թվականին Հոնդուրասի տարածքում ապրում էին մոտ 200 հազար սալվադորցիներ և «գուանկոներ»[Ն 2], ընդ որում, նրանցից 50 հազարից էլ քիչ մարդ էին Հոնդուրասի քաղաքացիներ կամ ունեին Հոնդուրասի տարածքում իրենց կարգավիճակն օրինականացնող փաստաթղթեր[5]։

Երկու երկրներն էլ զգում էին զգալի տնտեսական դժվարություններ, երկուսն էլ ղեկավարվում էին զինվորականների կողմից, երկու կառավարություններն էլ ձգտում էին շեղել բնակչության ուշադրությունը հրատապ ներքաղաքական և տնտեսական խնդիրներից։

1960-ականների ընթացքում Կենտրոնաամերիկյան ընդհանուր շուկայի կանոններն առավելություն էին տալիս տարածաշրջանի առավել զարգացած երկրներին՝ Սալվադորին և Գվատեմալային։ Հոնդուրասում սալվադորցիներին պատկանող մասնավոր կազմակերպությունների բուռն աճը (որոնց զգալի մասը կոշկեղենի խանութներ էին) Հոնդուրասի շարքային քաղաքացիների աչքում իրենց երկրի տնտեսական հետամնացության վառ ապացույցն էր։ Այսպիսով, սալվադորյան ինքնակամ վերաբնակիչների խնդիրը չնայած տնտեսական առումով ոչ այնքան նշանակալի, բայց հոնդուրասցի ազգայնականների ցավոտ տեղն էր, որոնք կարծում էին, որ տնտեսական գերակայությանը կհետևի տարածքային զավթումը, իսկ հոնդուրասցիներն իրենց երկրում օտար կդառնան։

Հակամարտության սրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկկողմ հարաբերություններում լարվածությունն աստիճանաբար ուժգնանում էր հակամարտությանը նախորդող երկու տարիների ընթացքում։ Հոնդուրասի նախագահ Օսվալդո Լոպես Արելյանոյի (1963-1971) վարչակարգը կրում էր զգալի տնտեսական ու քաղաքական դժվարություններ և որոշեց օգտագործել սալվադորյան վերաբնակիչներին՝ որպես հարմար քավության նոխազ։ 1969 թվականի հունվարին կառավարությունը հրաժարվեց երկարաձգել 1967 թվականին Սալվադորի հետ կնքված ներգաղթի մասին երկկողմ պայմանագիրը։ Ապրիլին կառավարությունը հայտարարեց իր մտադրության մասին ունեզրկելու և երկրից աքսորելու նրանց, ովքեր հող էին ձեռք բերել ագրարային բարեփոխման արդյունքում, բայց չէին ներկայացրել օրենքով պահանջված այն ապացույցները, որ գնորդը ի ծնե հանդիսանում է Հոնդուրասի քաղաքացի։ Զանգվածային լրատվության միջոցներում ծավալվեց քարոզչություն, որը երկրում գործազրկության աճի և աշխատավարձերի իջեցման պատճառ էր ներկայացնում Սալվադորից գաղթած աշխատողների ներհոսքը։

Մայիսի վերջին Հոնդուրասից գերբնակեցված Սալվադոր ձգվեց ունեզրկված գաղթականների հոսքը։ Փախստականների լուսանկարներն ու նրանց պատմությունները հեղեղեցին սալվադորյան թերթերի էջերն ու հեռուստաէկրանները։ Սկսեցի շշուկներ պտտվել ներգաղթյալների աքսորի ժամանակ հոնդուրասյան պաշտոնատար զինվորականների կողմից բռնություններ կիրառելու վերաբերյալ։ Երկու երկրների միջև լարվածությունը մոտենում էր կրիտիկական կետին։

Սալվադորի պետական ծառայությունները չկարողացան գլուխ հանել հողերից տեղահանված փախստականների հետ. հասարակության մեջ աճում էր դժգոհությունը, որն սպառնում էր վերաճել սոցիալական պայթյունի։ Կառավարության հանդեպ վստահությունն ընկնում էր. Հոնդուրասի հետ հակամարտության հաջողությունը կարող էր վերադարձնել բնակչության աջակցությունը։ Չնայած պատերազմը հավանաբար կհանգեցներ Կենտրոնաամերիկյան շուկայի անկման, սալվադորյան կառավարությունը պատրաստ էր գնալ դրան։ Նրա գնահատականներով՝ կազմակերպությունն արդեն մոտ էր անկման առևտրային արտոնությունների պատճառով. պատերազմը միայն կարագացներ անխուսափելին։

Պատերազմի նախօրե

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սալվադորի նախագահի՝ 1969 թվականի հուլիսի 18-ի ուղերձի տեքստը

Բաց ռազմական գործողությունները հրահրած և պատերազմին անվանում տված միջադեպը տեղի ունեցավ Սան Սալվադորում 1969 թվականի հունիսին։ Մեկ ամսվա ընթացքում երկու երկրների ֆուտբոլի հավաքականները պետք է անցկացնեին երկու խաղ 1970 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու համար[Ն 3]: Անկարգություններն սկսվեցին նաև Տեգուսիգալպայում անցկացված առաջին խաղի ժամանակ և շարունակվեցին դրանցի հետո[Ն 4], իսկ Սան Սալվադորում տեղի ունեցած երկրորդ խաղի ժամանակ դրանք հասան սպառնացող չափերի։ Սալվադորում ծեծի ենթարկվեցին հոնդուրասյան ֆուտբոլիստներն ու երկրպագուները, այրվեցին Հոնդուրասի դրոշները. Հոնդուրասում սալվադորցիների՝ ներառյալ երկու փոխհյուպատոսների հանդեպ պատասխան բռնության ալիք սկսվեց։ Անհայտ քանակության սալվադորցիներ զոհվեցին և վիրավորվեցին հարձակումների արդյունքում, տասնյակ հազարավորներ փախան երկրից։

1969 հունիսի 15-ին Հոնդուրասի կառավարությունը դիմեց Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնախմբին՝ պահանջելով քննել Սալվադորի տարածքում Հոնդուրասի քաղաքացիների վրա հարձակումների հարցը։ Ի պատասխան՝ Սալվադորը պահանջեց քննել Հոնդուրասի տարածքում Սալվադորի քաղաքացիների վրա հարձակումների հարցը։

Հույզերը բորբոքվեցին մինչև վերջ, երկու երկների մամուլում իսկական հիստերիա բարձրացավ։

1969 թվականի հունիսի 24-ին Սալվադորը սկսեց զինված ուժերի համալրումը։

1969 թվականի հունիսի 26-ին Սալվադորը հայտարարեց Հոնդուրասի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման մասին[8]։

1969 թվականի հունիսի 27-ին՝ երրորդ խաղում պարտվելուց անմիջապես հետո, Հոնդուրասը խզեց Սալվադորի հետ դիվանագիտական հարաբերություններ։

1969 թվականի հուլիսի 3-ին նախ DC-3 տրանսպորտային ինքնաթիռը, իսկ հետո Հոնդուրասի ՌՕՈւ՝ սահման թռչող T-28 երկու կործանիչ ինքնաթիռ Սալվադորի տարածքից հրթիռակոծվեցին զենիթային հրետանիով. նույն օրը՝ ավելի ուշ, սալվադորյան թեթև Piper PA-28 «Cherokee» (կողային համար YS-234P) ինքնաթիռը խախտեց Հոնդուրասի օդային սահմանը, խուսափեց հոնդուրասյան երկու T-28-երի հետապնդումից և վերադարձավ Սալվադորի օդային տարածք[1]։

Ի պատասխան՝ 1969 թվականի հուլիսի 12-ին Հոնդուրասի կառավարությունը մի քանի ռազմական ինքնաթիռներ տեղափոխեց Սալվադորի հետ սահման՝ տեղակայելով դրանք Սան Պեդրո Սուլա ավիաբազայում[Ն 5]:

Ռազմական գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ տեղեկությունների՝ առաջին բախումը սահմանագծում տեղի է ունեցել հուլիսի 11-ին։ Դրանից հետո՝ հուլիսի 12-ին, Հոնդուրասի նախագահը հայտարարեց սահմանին լրացուցիչ բանակային ստորաբաժանումներ մոտեցնելու վերաբերյալ[9]։

1969 թվականի հուլիսի 14-ին՝ օրվա երկրորդ կեսին, սալվադորյան զինված ուժերն անցան հարձակման, որին մասնակցում էին հինգ հետևակային գումարտակ և երկու մարտական խմբի բաժանված Ազգային գվարդիայի ինը վաշտեր։ Հարձակումը զարգացավ հիմնական ճանապարհների երկայնքով, որոնք միացնում էին երկու երկրները՝ Գրասիաս-ա-Դիոս և Նուևա-Օկոտեպեկ քաղաքների ուղղությամբ։

Միաժամանակ սալվադորյան ՌՕ ուժերը հարվածներ հասցրին Տեգուսիգալպայի «Տոնկոնտին» օդանավակայանին, սահմանի շրջանում կուտակված հոնդուրասյան զորքերին, ինչպես նաև Ֆոնսեկա ծոցի՝ Հոնդուրասին պատկանող կղզիներին[Ն 6]: Հոնդուրասի կառավարությունը հանդես եկավ հաղորդագրությամբ, որ այդ օրը սալվադորյան ՌՕ ուժերի ինքնաթիռները ռմբակոծել են Նուևա-Օկոտեպեկ, Սանտա Ռոսա-դե-Կոպան, Գրասիաս և Չուլոտեկա բնակավայրերը[11]։

Ի պատասխան՝ հուլիսի 15-ի գիշերը հոնդուրասյան ինքնաթիռները գրոհեցին Իլոպանգո ավիաբազան՝ վնասելով թռիչքուղին և լուրջ վնաս հասցնելով նավթապահեստարանին։ Դրանից հետո Սալվադորի կառավարությունը երկրի տարածքում 30 օրով ռազմական դրություն մտցրեց[10]։

Ցամաքային գործողությունների ընթացքում սալվադորյան զորքերին սկզբում ուղեկցում էր հաջողությունը։ Հուլիսի 15-ի երեկոյան սալվադորյան բանակը, որ ավելի մեծաթիվ և լավ զինված էր, քան նրան հակադրվող Հոնդուրասի բանակը, առաջացավ 8 կմ և գրավեց երկու բնակավայր[10]։

Սակայն ավելի ուշ սալվադորյան առաջխաղացումը դադարեցվեց վառելիքի ու զինամթերքի պակասի, ինչպես նաև հոնդուրասյան զինված ուժերի կողմից հակազդեցության մեծացման հետևանքով։

Պատերազմն սկսվելու հաջորդ օրը Ամերիկյան պետությունների կազմակերպությունն արտակարգ նիստ հրավիրեց՝ կոչ անելով դադարեցնել կրակը և Հոնդուրասից դուրս բերել սալվադորյան զորքերը։

Հուլիսի 16-ին սահմանամերձ շրջաններում շարունակվեցին սալվադորյան և հոնդուրասյան զորամիավորումների միջև մարտերը, բացի այդ, հոնդուրասյան բանակը հակահարձակման փորձ արեց՝ նպատակ ունենալով գրավել Չալատենանգո քաղաքը։

  • Օրվա ընթացքում ռազմական հրամանատարության անմիջական հրամանով Տեգուսիգալպայից օդային ճանապարհով Սանտա Ռոսա դե Կոպան հասցվեց նախագահական գվարդիայի գումարտակը (Guardia de Honor Battalion), գործողությանը մասնակցեցին C-47 տիպի 4 տրանսպորտային ինքնաթիռ, ինչպես նաև դրանց ուղեկցող հինգ F4U կործանիչ և մի քանի T-28A գրոհիչ ինքնաթիռ[1]։

Հուլիսի 17-ին սալվադորյան զորքերը մինչև 70 կմ խորությամբ շարժվեցին Հոնդուրասի տարածքում, այդ ժամանակ էլ շարունակվում էին կատաղի մարտերը դեպարտամենտի մայրաքաղաք Նուևա Օկոտեպեկեի համար, որը տեղակայված էր սահմանից 8 կմ հեռավորության վրա[12]։

  • Այդ նույն օրը Հոնդուրասի կառավարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ օդային մարտում խփվել է Սալվադորի ՌՕՈւ մեկ օդանավ, իսկ Սալվադորի կառավարությունը հայտարարեց, որ խփվել են Հոնդուրասի ՌՕՈւ չորս ինքնաթիռ[13]։
    • Մոտավորապես ցերեկվա ժամը 12-ին սալվադորյան հրետանու դիրքերին հարվածելու համար օդ բարձրացած Հոնդուրասի ռազմաօդային ուժերի երեք F4U-5N կործանիչ Էլ Ամատիլյոյում հանդիպեցին սալվադորյան ռազմաօդային ուժերի՝ 9-րդ հետևակային գումարտակի գործողություններին աջակցելու համար օդ բարձրացած երկու F-51D "Cavalier Mustang" II կործանիչների։ Մարտերի ընթացքում խփվեց սալվադորյան F-51D (կողային համար՝ FAS-404)։ Նույն օրը՝ ավելի ուշ, օդային մարտում Հոնդուրասի ռազմաօդային ուժերի երեք F4U-5N կործանիչների կողմից խփվեցին Սալվադորի ռազմաօդային ուժերի երկու Goodyear FG-1D "Corsair S" (FAS-203 և FAS-204) կործանիչներ, իսկ չորրորդ սալվադորյան FG-1D կործանիչը խփվել է գետնից կրակով[1]։

Հուլիսի 18-ին ԱԵԿ-ը հակամարտության կարգավորման համաձայնության նախագիծ առաջարկեց, ըստ որի ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն 1969 թվականի հուլիսի 21-ի 22:00-ն, կողմերի զորքերը սահմանագծից պետք է հեռացվեն 3 մղոն (5 կմ), իսկ ռազմական գործողությունների շրջանի բնակչությանը պետք է տրվեն կյանքի և ունեցվածքի պաշտպանության երաշխիքներ։ Սալվադորն ու Հոնդուրասը հանդես եկան հայտարարությամբ, որ ընդհանուր առմամբ իրենք պատրաստ են ընդունել ԱԵԿ-ի առաջարկը, բայց առաջարկեցին համաձայնագրի տեքստում փոփոխություններ մտցնել, որոնց քննարկումը երկարացրեց բանակցային գործընթացը[14]։

1969 թվականի հուլիսի 18-ին կողմերը համաձայնեցին դադարեցնել կրակը, որը շարունակվում էր վեց ժամերի ընթացքում, իսկ հետո ռազմական գործողությունները վերսկսվեցին[14]. սալվադորյան հրետանին Ամատիլյոյի շրջանում կրակ բացեց հոնդուրասյան զորքերի ուղղությամբ, իսկ հոնդուրասյան ինն ինքնաթիռներ սկսեցին ռմբակոծել սալվադորյան զորքերի դիրքերը[15]։

  • Այդ օրը Հոնդուրասի ՌՕՈւ ինքնաթիռները մի քանի անգամ ռմբակոծեցին սալվադորյան զորքերի դիրքերը նապալմով ավիառումբերով[1]։

Նախնական հաշվարկներով՝ 1969 թվականի հուլիսի 14-18-ը՝ հակամարտության առաջին հինգ օրերին, զոհվեցին Հոնդուրասի մոտ երեք հազար քաղաքացի և Սալվադորի մոտ հազար քաղաքացի[16]։

1969 թվականի հուլիսի 19-ին սալվադորյան զորքերը գրավեցին Նուևա Օկոտեպեկե քաղաքը և սալվադորյան դրոշը բարձրացրին քաղաքի կենտրոնական հրապարակում։ Նույն օրը Սալվադորի նախագահ գեներալ Սանչես Էռնանդեսը հայտարարեց, որ զորքերը չեն հեռանա գրավյալ տարածքից, քանի դեռ Հոնդուրասի կառավարությունն անվտանգության երաշխիքներ չի տվել Հոնդուրասի տարածքում բնակվող 280 000 սալվադորցիների համար[16]։ Քաղաք մտցվեցին սալվադորյան բանակի երեք M3A1 «Ստյուարտ» տանկեր, որոնք տեղակայվեցին հոնդուրասյան բանակի դիրքերին մոտ[17]։

Նույն օրը հոնդուրասյան բանակի ստորաբաժանումը Պոյի տարածքում հետ մղեց սալվադորյան բանակի հարձակումը։ Բացի այդ, ինչպես հայտեց Հոնդուրասի կառավարությունը, Հոնդուրասի ՌՕՈւ ինքնաթիռները ռումբեր նետեցին 40 զինվորական բեռնատարներից բաղկացած ավտոշարասյան վրա։ Գրինվիչի ժամանակով ժամը չորսին հաշտությունն ուժի մեջ մտավ[18]։

Հուլիսի 20-ին ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցին։

1969 թվականի հուլիսի 23-ի դրությամբ սալվադորյան զորքերը շարունակում էին Հոնդուրասի հարավարևմտյան չորս դեպարտամենտների տարածքում պահել մոտավորապես 400 կմ² տարածք և 10 բնակավայր[19], և կառավարությունը ոչ մի նախապատրաստություն չէր ձեռնարկում դրանք հետ քաշելու համար, ընդհակառակը, դրանց համար հասցվեց լրացուցիչ սպառազինություն[20]։ Միևնույն ժամանակ սալվադորյան տպագիր մամուլը սկսեց հրապարակել փաստաթղթեր, որոնցով հիմնավորվում էր Սալվադորի իրավունքը գրավյալ տարածքների հանդեպ[19]։ Սալվադորյան զորքերի կողմից զբաղեցրած տարածքներ կատարած տեսչական այցից հետո Սալվադորի նախագահը նորից հայտարարեց, որ «զորքերը չեն հեռանա գրավյալ տարածքից, քանի դեռ Հոնդուրասի կառավարությունն անվտանգության երաշխիքներ չի տվել Հոնդուրասի տարածքում բնակվող 280 000 սալվադորցիների համար»[20]։

Հաջորդող մի քանի օրերի ընթացքում Սալվադորն ընդդիմանում էր ԱԵԿ-ի կոչերին՝ պահանջելով, որ նախևառաջ Հոնդուրասը համաձայնի սալվադորյան բնակիչների վրա հարձակվելու համար վճարել ռազմատուգանք և երաշխավորել Հոնդուրասում մնացած սալվադորցիների անվտանգությունը։

Մինչ հուլիսի 29-ը Սալվադորը հրաժարվում է հանել զորքերը, բայց հետո համաձայնեց։ Այդ որոշմանը հանգեցրեցին մի կողմից ԱԵԿ-ի կողմից մտցված տնտեսական պատժամիջոցները, մյուս կողմից՝ Հոնդուրասում ԱԵԿ-ի՝ սալվադորցիների անվտանգության վերահսկման հատուկ ներկայացուցիչներ տեղակայելու իր առաջարկությունը։

1969 թվականի օգոստոսի 2-ին Սալվադորի բանակը լքեց Հոնդուրասի տարածքը։

Պատերազմի արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստացիորեն երկու կողմերն էլ պարտվեցին պատերազմում։ Ռազմական ծախսերը, մարտական գործողությունների ընթացքում տեղի ունեցած ավերածությունները, սահմանների փակումը և առևտրի դադարեցումը վնասեցին և՛ Սալվադորի, և՛ Հոնդուրասի տնտեսություններին։

Պատերազմի ընթացքում զոհվեցին և վիրավորվեցին մի քանի հազար մարդ, չնայած տարբեր աղբյուրներում հակամարտության զոհերի վերաբերյալ բերվում են տարբեր տվյալներ՝ սկսած 2000 սպանվածից և ծանր վիրավորում ստացածից[3] մինչև 6000 սպանված և 12 000 վիրավոր[21] կամ նույնիսկ մինչև 6000 սպանված և 15 000 վիրավոր[22]։ Ընդ որում, զոհերի մեծամասնությունը կազմում էր խաղաղ բնակչությունը։

Սալվադորցիների մեծամասնությունը (տարբեր տվյալներով՝ 60-130 հազար մարդ) աքսորվեցին կամ փախան Հոնդուրասից, նրանցից շատերը վերադարձան Սալվադոր, ինչն էլ հանգեցրեց գործազրկության աճի և ուժեղացրեց սոցիալական լարվածությունը։ Սրվեց հողային հարցը։ Ընդ որում, Սալվադորի կառավարությունը ի վիճակի չեղավ հաջողությամբ լուծել Հոնդուրասից արտաքսված հազարավոր քաղաքացիների տնտեսական հարցերն առանց այն էլ գերբնակեցված երկրում։

Երկու երկրներում էլ պատերազմից հետո ուժեղացավ զինվորականների քաղաքական ազդեցությունը։ Սալվադորի խորհրդարանի ընտրություններում կառավարող Ազգային համերաշխություն կուսակցությունից թեկնածուները հիմնականում զինվորականներ էին։

100-ժամյա պատերազմը 1970-ական թվականների ընդդիմադիր հուզումների պատճառներից մեկը դարձավ, որոնք վերաճեցին զինված դիմադրության, իսկ հետո՝ 1979-1980 թվականներին՝ երկարատև քաղաքացիական պատերազմի։

Դիվանագիտական կարգավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ ռազմական գործողությունները շարունակվեցին չորս օր. հետագայում Սալվադորի և Հոնդուրասի միջև սահմանների որոշման գործի քննարկումը շարունակեց ՄԱԿ-ի Միջազգային դատարանը։

1970 թվականի մարտին Սալվադորը ՄԱԿ-ում բողոք ներկայացրեց, թե Ամապալա նավահանգստում Հոնդուրասը ոչնչացրել է Սալվադորի բեռները[23]։

Դրանից հետո՝ 1970 թվականի մարտին, Հոնդուրասը Սալվադորին վերջնագիր ներկայացրեց՝ պահանջելով դադարեցնել մերձսահմանային միջադեպերը և սկսել խաղաղ բանակցություններ։ 1970 թվականի հունիսի 5-ին Կոստա Ռիկայի Սան Խոսե քաղաքում Հոնդուրասի և Սալվադորի արտաքին գործերի նախարարները համաձայնագիր ստորագրեցին հոնդուրասա-սալվադորյան սահմանին անվտանգ գոտիներ ստեղծելու վերաբերյալ։ 1970 թվականի դեկտեմբերին Հոնդուրասի խորհրդարանը հաստատեց երկրի նախագահի՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների հետ կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման և Կենտրոնաամերիկյան ընդհանուր շուկայից դուրս գալու վերաբերյալ առաջարկը, որի արդյունքը եղավ ԿԱԸՇ գործունեության դադարեցումը[24]։

1971 թվականի հունվարին Հոնդուրասը դուրս եկավ ԿԱԸՇ և Կենտրոնաամերիկյան պաշտպանության խորհրդի կազմից[25]։

1971 թվականի ապրիլ-հունիս ամիսներին սահմանագծում Սալվադորի և Հոնդուրասի միջև տեղի ունեցան բախումներ[26]։

1976 թվականի հուլիսի 14-ին Սալվադորի և Հոնդուրասի սահմանազատման ընթացքում սկսվեցին բախումներ. սահմանային հակամարտությունը կարգավորվեց 1976 թվականին[27]։

1976 թվականի օգոստոսի 12-ին Մանագուայում Սալվադորի և Հոնդուրասի միջև ստորագրվեց համաձայնագիր սահմանային գոտին ապառազմականացնելու և սահմանագծից փոխադարձաբար զորքերը 3 կմ հեռացնելու վերաբերյալ[28]։

Երկու երկրների միջև հաշտության պայմանագիրը (el Tratado General de Paz) կնքվեց Լիմայում 1980 թվականի հոկտեմբերի 30-ին՝ պատերազմից տասը տարի անց։

Երկու երկրների միջև սահմանագիծը վերջնականապես հաստատվեց 1992 թվականի սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմամբ[29]։

  • Սան Խոսե դե լա Ֆուենտե (Լա-Ունյոն դեպարտամենտ, Սալվադոր) քաղաքում կանգնեցվել է հուշարձան՝ նվիրված կապիտան Գիլյերմո Ռեյնալդո Կորտեսին (Guillermo Reynaldo Cortez)՝ Սալվադորի Ռազմաօդային ուժերի օդաչուին, որը զոհվեց Հոնդուրասի ՌՕՈւ կործանիչի հետ օդային մարտի ժամանակ[30]

Հավելյալ տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
P-51 «Մուստանգ» (կողային համար՝ RCAF 9281), կործանիչներից մեկը, որն օգտագործվել է պատերազմում Սալվադորի ՌՕ ուժերի կողմից (նկարը՝ 1956 թվականի)[1]
Chance Vought F4U-5NL "Corsair" (կողային համար FAH-609) կործանիչներից մեկը, որն օգտագործվել է պատերազմում Հոնդուրասի ՌՕ ուժերի կողմից, Museo del Aire թանգարան (Տեգուսիգալպա)[1]
  • Ֆուտբոլային պատերազմը հաճախ հիշատակվում է որպես պատմության վերջին հակամարտություն, որում միմյանց դեմ կռվեցին մխոցային շարժիչով պտուտակային ինքնաթիռներ։ Երկու կողմերն էլ օգտագործում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ամերիկյան ինքնաթիռներ՝ P-51 «Մուստանգ», F4U «Կորսար», T-28 «Տրոյան» և ռմբակոծիչների վերափոխված DC-3[1]:
  • Պատերազմից անմիջապես առաջ Սալվադորի ՌՕՈւ նվազագույնը մեկ տրանսպորտային C-47 ինքնաթիռ վերափոխվեց որպես ռմբակոծիչ օգտագործելու համար[Ն 7]։ Պատերազմի սկսվելուց հետո նույն ձևով վերափոխվեցին Հոնդուրասի ՌՕՈւ մի քանի C-47: Ավիառումբերից բացի ռմբակոծման համար օգտագործվում էին 60 մմ և 81 մմ ականանետային ականներ[1]։

Ֆուտբոլային խաղերի արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1969 թվականի հունիսի 6, Տեգուսիգալպա, Հոնդուրաս։ Հոնդուրաս - Սալվադոր 1:0 (0:0 առաջին խաղակեսից հետո)։
  • 1969 թվականի հունիսի 15, Սան Սալվադոր։ Սալվադոր - Հոնդուրաս 3:0 (3:0).
  • Փլեյ-օֆֆի խաղ, հունիսի 27, Մեխիկո, Մեքսիկա։ Սալվադոր - Հոնդուրաս 3:2 լրացուցիչ ժամանակում (1:2, 2:2)։

Աշնանը եզրափակիչ փուլում հաղթելով հաիթցիներին` Սալվադորի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկավ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ գրավեց վերջին տեղը՝ բոլոր խաղերում չոր պարտություն կրելով։

  1. Ընդ որում սալվադորցիների՝ քաղաքացիություն ստանալու խնդրանքները մնացին առանց քննության։
  2. Սալվադորի քաղաքացիներ, որոնցից շատերը Հոնդուրասի տարածքում էին ապրում երկար ժամանակ։
  3. Այն դեպքում, եթե յուրաքանչյուր հավաքական հաղթեր մեկ խաղում, նշանակվում էր երրորդը։
  4. Մի կին ինքնասպան եղավ՝ հայտարարելով, որ չի կարող տանել իր երկրի պարտությունը։
  5. Այստեղ տեղակայվեց Հոնդուրասի ՌՕՈւ Հյուսիսային հրամատարությունը՝ Comando Norte de la Fuerza Aérea Hondureña)[1]:
  6. Ընդ որում, սալվադորյան ավիահարձակմանը մասնակցած TF-51D ավիակործանիչը հարկադիր վայրէջք կատարեց Գվատեմալայի տարածքում և ներկալվեց[10]։
  7. Ռումբերը տեղադրվեցին բեռնախցում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Mario E. Overall.
  2. 2,0 2,1 David Spencer. Armored Fighting Vehicles of El Salvador. Museum Ordnance Special Number 7. 1995. p.2-8
  3. 3,0 3,1 El Salvador vs Honduras, 1969: The 100-Hour War
  4. Людские потери в конфликтах, кризисах, войнах в 1945 - 1994 годах // "Зарубежное военное обозрение", № 9 (642), 2000. стр.15-18
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Э.Л. Нитобург. "Футбольная война" // "Вопросы истории", № 7, 1978. стр.214-220
  6. 6,0 6,1 La guerra de 1969, 100 horas de tensiones // «El Heraldo» от 13 июля 2013
  7. «Ley de Reforma Agraria de 1962 (Global Legal Information Network)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  8. Thomas P. Anderson. The War of the Dispossessed: Honduras and El Salvador 1969. Lincoln: University of Nebraska Press, 1981. стр.105
  9. Nate Jones. Document Friday: The Football War // The National Security Archive от 25 июня 2010
  10. 10,0 10,1 10,2 Гол в свои ворота // «Известия», № 166 (16171) от 17 июля 1969. стр.2
  11. Дело дошло до военных действий // «Красная звезда», № 164 (13908) от 16 июля 1969. стр.4
  12. Конфликт продолжается // «Известия», № 167 (16172) от 18 июля 1969 стр.2
  13. Сальвадорско-гондурасский конфликт // «Красная звезда», № 165 (13909) от 17 июля 1969. стр.3
  14. 14,0 14,1 Вокруг конфликта // «Известия», № 168 (16173) от 19 июля 1969. стр.1
  15. Конфликт продолжается // «Красная звезда» № 166 (13910) от 19 июля 1969. стр.5
  16. 16,0 16,1 Корни конфликта // «Известия», № 169 (16174) от 20 июля 1969 стр.2
  17. Julio A. Montes. Salvadoran Armed Forces Research & Development Center Արխիվացված 2013-11-09 Wayback Machine // «Small Arms Defence Journal», 6 ноября 2013
  18. Неустойчивое перемирие // «Красная звезда», № 167 (13911) от 20 июля 1969. стр.4
  19. 19,0 19,1 Хуан Кобо. «Малая война» в Латинской Америке // «Новое время», № 31 (1261) от 1 августа 1969. стр.14-15
  20. 20,0 20,1 Сальвадор упорствует // «Известия», № 172 (16177) от 24 июля 1969 стр.2
  21. Indiana Jones With A Note Pad Where Sensible People Flee, Polish Journalist Ryszard Kapuscinski Just Keeps Pushing On Արխիվացված 2017-02-19 Wayback Machine // «Orlando Sentinel» от 2 июня 1991
  22. Jose Marcos. «Jamás imaginé lo que desencadenaría mi gol» // «El Pais» от 20 июля 2009
  23. Сальвадор // Ежегодник Большой Советской Энциклопедии, 1971 (вып. 15). М., «Советская энциклопедия», 1971. стр.357
  24. Гондурас // Ежегодник Большой Советской Энциклопедии, 1971 (вып. 15). М., «Советская энциклопедия», 1971. стр.254-255
  25. Гондурас // Ежегодник Большой Советской Энциклопедии, 1972 (вып. 16). М., «Советская энциклопедия», 1972. стр.247-248
  26. Сальвадор // Ежегодник Большой Советской Энциклопедии, 1972 (вып. 16). М., «Советская энциклопедия», 1972. стр.360-361
  27. Р. Эрнест Дюпюи, Тревор Н. Дюпюи. Всемирная история войн (в 4-х тт.). книга 4 (1925—1997). СПб., М., «Полигон — АСТ», 1998. стр.852
  28. Гондурас // Ежегодник Большой Советской Энциклопедии, 1977 (вып. 21). М., «Советская энциклопедия», 1977. стр.250-251
  29. Isabel Ferrer. Honduras gana la guerra del fútbol a los 23 años de que callaran las armas // «El Pais» от 12 сентября 1992
  30. Marisela Ávila. Rinden honores a capitán aviador Արխիվացված 2014-02-01 Wayback Machine // «Diario El Mundo» от 16 июля 2012

Գրականություն և աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ryszard Kapuściński. Wojna futbolowa. Warszawa, 1978—262 стр. (լեհ.)
  • William H. Durham. Scarcity and Survival in Central America: Ecological Origins of the Soccer War. Stanford (Californiа), Stanford University Press, 1979. (անգլ.)
  • Thomas P. Anderson. The War of the Dispossessed: Honduras and El Salvador 1969. Lincoln: University of Nebraska Press, 1981. (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտբոլային պատերազմ» հոդվածին։