Նապալմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նապալմ՝ ԱՄՆ-ի կողմից Վիետնամի դեմ պայքարի ժամանակ

Նապալմ, (անգլ.՝ napalm, na-նավթենաթթու և palm-պալմիտինաթթու), այրվող նյութ։ Ստացվում է նավթային հեղուկ վառելանյութերին նավթենաթթվի, պալմիտինաթթվի և այլ օրգանական թթուների ալյումինական աղեր (5-11%) ավելացնելով։ Վերջինների քանակից կախված նապալմը լինում է կպչուն, մածուցիկ հեղուկի կամ չհոսող դոնդողի ձևով։ Հեշտ բռնկվում է, այրվում դանդաղ, խեղդող ծխով։ Բոցի ջերմաստիճանը 900-1100 °C է (մագնեզիում և անօրգանական օքսիդիչներ պարունակողինը՝ 1660 °C)։ Թեթև մետաղների համաձուլվածքներ ավելացնելիս խառնուրդը՝ սուպերնապալմը, ինքնաբոցավառվում է նպատակակետի վրա, հատկապես եթե այն խոնավ է կամ ձյունածածկ։ Բոցը չի կարելի հանգցնել ջրով։ Նապալմը կիրառվում է ռազմական գործում՝ հակառակորդի կենդանի ուժը և տեխնիկան ոչնչացնելու նպատակով։ Առաջինն օգտագործել է ԱՄՆ-ի բանակը (1942 թվականին), երկրորդ համաշխարհային (1939-1945), ինչպես նաև Կորեայի (1950-1953) և Վիետնամի (1964-1973) դեմ մղվող պատերազմների ժամանակ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապալմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 181