Jump to content

Փոքրիկ իշխանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փոքրիկ իշխանը (այլ կիրառումներ)
Փոքրիկ իշխանը
ֆր.՝ Le Petit Prince[1]
ՀեղինակԱնտուան դը Սենտ-Էքզյուպերի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրlyrical novel?, փիլիսոփայական գեղարվեստական գրականություն և պատմազրույց
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)փոքրիկ իշխանը և վարդը
Ստեղծման տարեթիվ1943
ՆախորդՌազմական օդաչու
ՀաջորդՆամակ պատանդին
ՆկարազարդողԱնտուան դը Սենտ-Էքզյուպերի
Երկիր ԱՄՆ և  Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվապրիլի 6, 1943[2]
OCLC22583605
Պարգև(ներ)
ՎիքիքաղվածքՓոքրիկ իշխանը
 Le Petit Prince Վիքիպահեստում

«Փոքրիկ իշխանը» (ֆր.՝ Le Petit Prince), ֆրանսիացի ազնվական գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպը, որը հրատարակվել է 1943 թվականին և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը։

Հրատարակություններ, թարգմանություններ ու ուսումնասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փոքրիկ իշխանը» հեղինակի առաջին մանկական գիրքն է։ Հեքիաթը գրվել է 1942 թվականին, Նյու Յորքում եղած տարիների ընթացքում։ Առաջին անգամ հրատարակվել է գրողի մահից որոշ ժամանակ առաջ՝ 1943 թվականի ապրիլի 6-ին Նյու Յորքի «Reynal & Hitchcock» հրատարակչությունում։ Սկզբում լույս է տեսել վեպի անգլերեն թարգմանությունը՝ «The Little Prince» անունով, իսկ ֆրանսերեն հրատարակվել է արդեն 1946 թվականին՝ Editions Gallimard հրատարակչության կողմից։ «Փոքրիկ իշխանը» առաջին անգամ հրապարակվել է ռուսերեն 1958 թվականին «Մոսկվա» ամսագրում Նորա Գալի կողմից։

Համարվում է ֆրանսերենով գրված գրքերից ամենաշատ կարդացվող և թարգմանված գիրքը։ Թարգմանվել է ավելի քան 250 լեզուներով և բարբառներով, այդ թվում՝ կույրերի համար նախատեսված Բրայլի այբուբենով։ 1943 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 140 միլիոն օրինակ[3][4][5] և համարվում է աշխարհում ամենավաճառված գրքերից մեկը։

Գիրքը թարգմանվել է նաև հայերեն[6][7]։ Նրա մասին հետաքրքիր մի ուսումնասիրություն է գրվել՝ Լուսինե Ավետիսյան «Հավերժամանուկը»(Երևան, 2008)։

Հեքիաթի բոլոր հերոսները իրական կերպարներ են։

Փոքրիկ իշխան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ իշխանի կերպարը հեղինակն ինքն է։ Այս կերպարը խորապես ինքնակենսագրական է. հեղինակն էլ ինքը հեռացել էր մեծահասակներից։ Հերոսը ծնունդ է առել տխրությունից և իր մեջ մեռնող «փոքրիկ Տոնիոյից»՝ աղքատ ազնվական ընտանիքի միակ հետնորդից, ում ոսկեհեր մազերի համար մանկության տարիներին ընտանիքում կոչել են «Արև-թագավոր», իսկ քոլեջում նրան կոչել են «Լուսնորդ», այն բանի համար, որ նա սովորություն է ունեցել երկար ժամանակ նայել երկնքին։

«Փոքրիկ իշխան» արտահայտությունն առաջին անգամ հանդիպում է նրա «Մարդկանց երկիրը» պատմվածքում։ Այդ ստեղծագործության մեջ կան նաև այլ մտքեր և գաղափարներ, որոնք հանդիպում են «Փոքրիկ իշխան» հեքիաթում։ 1940 թվականին նացիստների հետ պատերազմական գործողությունների ժամանակ (նա մասնակցել է պատերազմին) Էքզյուպերին հաճախ է թղթի վրա նկարել տղայի, ով թռչում է ամպերի միջով, ով թևեր ունի։ Ժամանակի ընթացքում թևերին փոխարինելու է գալիս երկար շարֆը, որն, ի դեպ, կրել է հենց ինքը հեղինակը։ Իսկ ամպերը փոխարինվում են Б-612 աստերոիդով։

Վարդի քմահաճ և հուզիչ կերպարը նույնպես լավ ծանոթ է ընթերցող-ուսումնասիրողներին. դա հեղինակի կնոջ՝ Կոնսուելայի կերպարն է՝ իմպուլսիվ լատինոամերիկուհին, ում կոչում էին «Փոքրիկ սալվադորյան հրաբուխ»։

Աղվեսի կերպարի վերլուծության հետ կապված մասնագետների միջև անհամաձայնություններ կան։ Ռուս թարգմանչուհի Նոռա Գալն (ռուս.՝ Элеоно́ра Я́ковлевна Гальпе́рина) իր «Սենտ Էքսի աստղի տակ» հոդվածում ասում է՝

Երբ Առաջին անգամ հրատարակվեց «Փոքրիկ իշխան» գիրքը, մեզ մոտ թեժ բովանդակությամբ քննարկումներ սկսեցին հասկանալու համար հեքիաթում արու, թե` էգ աղվես է (Лис թե Лиса): Մի մասը պնդում էր, որ Աղվեսը Վարդի հակառակորդն է։ Այստեղ արդեն վեճը ոչ թե մեկ բառի, այլ մի ամբողջական գաղափարի մեջ էր։ Իսկ ավելի լայն իմաստով դա վերաբերում է հեքիաթին։ Բայց ես համոզված եմ՝ կենսագրական ուսումնասիրությունները Էքզյուպերիի կյանքում՝ կնոջ ունեցած դերի մասին, հեքիաթը հասկանալուն չի օգնում և առհասարակ գործին չի վերաբերում։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ֆրանսերեն le renard բառը արական սեռի բառ է։ Գլխավորը, հեքիաթում Աղվեսն ընկեր է։ Վարդը սեր է, իսկ Աղվեսն՝ ընկերություն։ Եվ հավատարիմ ընկերը Փոքրիկ Իշխանին հավատարմություն, սովորեցնում է ընդմիշտ պատասխանատու լինել ընկերների և հարազատների հանդեպ։

Հատկանշական է նաև այն փաստը, որ հեքիաթի հերոս Աղվեսի ականջները անսովոր մեծ են, ամենայն հավանականությամբ դա անապատային փոքրիկ աղվես է՝ ֆենեկ տեսակի՝ մեկն այն բազմաթիվ արարածներից, որոնց գրողը հանդիպել է Մարոկկոյում՝ ծառայության տարիներին։

Փառասերը, չնայած մենակ էր իր մոլորակի վրա, բայց կարծում էր, որ բոլորը պիտի երկրպագեն իրեն, իր մասին բավականին մեծ կարծիք ուներ, չնայած, որ այդ կարծիքը հիմնավորված չէր։

Սա այն հետաքրքիր կերպարներից է, որի մեջ կա սեփական թուլության գիտակցումը, անզորությունը և թույլ կամքը։ Նա հարբում էր, որ մոռանար, որ ամոթ է խմելը։ Այս տարբերակով փորձում էր փախչել, որովհետև ամաչում էր ինքն իրենից ու իր թուլությունից։

Կերպարը ներկայացնում է կարիերիստ մարդկանց բնավորության գիծը, քանի որ մարդիկ տարվում են աշխատանքով, մոռանում են շրջապատին ու ամեն ինչ. փորձում են ձգտել ավելիին՝ այդ ընթացքում կորցնելով իրենց նպատակը.

– Իսկ ինչի համար ես տիրում աստղերին։

– Որպեսզի հարուստ լինեմ։
– Իսկ ինչու ես ուզում հարուստ լինել։
– Որպեսզի էլի նոր աստղեր առնեմ…

Հեղինակը փորձել է ցույց տալ, որ աշխատանքով չպետք է տարվել այնքան, որ մոռանանք նույնիսկ ինքներս մեզ, մեր սիրելիներին։

Փոքրիկ Իշխանի հանդիպած 5-րդ մոլորակն ամենից փոքրն էր ու զվարճալին։ Նրա վրա միայն մի լապտեր ու մի լապտերավառ էր տեղավորվում։ Այս մոլորակում լապտերավառի աշխատանքի մեջ իմաստ կար, քանի որ երբ նա վառում էր լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ էր ծնվում։ Այստեղ նշվում էր, որ աշխատանքն օգտակար է, քանի որ գեղեցիկ է, սակայն իրական կյանքում ամեն գեղեցիկ բան չէ, որ օգտակար է։ Լապտերավառն այն միակն էր, ով միայն իր մասին չէր մտածում, այլ նաև ուրիշների։ Եվ սա հենց կյանքի կարևոր նախապայմաններից մեկն է, որ ապրես ոչ միայն քո, այլ նաև ուրիշների համար և կյանքում եսասեր չլինես։

Աշխարհագրագետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցերորդ մոլորակը նախորդից 10 անգամ մեծ էր, և նրա վրա մի ծերունի էր ապրում՝ աշխարհագրագետ։ Այս մոլորակի թերևս ամենակարևոր խոսքն այն է, որ պետք է խոսքդ ապացուցես, այսինքն՝ այն ամենի մասին, ինչի մասին որ խոսում ես, փորձիր ապացուցել, այլ ոչ թե միայն ասես այն, ինչ խելքիդ փչում է։

Բաոբաբները խորհրդանշում են մեր գիտակցության մեջ եղած բացասական մտքերը։ Փոքրիկ Իշխանն է ասում, որ մինչև մեծանալը բաոբաբները փոքր են եղել, և գառնուկը հեշտությամբ կարող է դրանք ուտել։ Դա նշանակում է, որ մարդկանց մեջ ծնված վատ, չար մտքերը սկզբնական շրջանում հեշտությամբ կարելի է «արմատախիլ անել», հակառակ դեպքում դրանք կվերածվեն «մեծ ու հսկա բաոբաբների»։

Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը։
- Փոքրիկ Իշխան

Սլաքավարին Փոքրիկ իշխանը հանդիպում է աղվեսին ճանաչելուց ու նրանից կյանքի փոքրիկ գաղտնիքն իմանալուց հետո։ Սլաքավարը խորհրդանշում է մեծահասակների կյանքի իմաստն ու նրանց ժամանակի զգացումը։ Ներկայացնում է այն մարդկանց, ովքեր անընդհատ շտապում են։ Նրանք անընդհատ ժամանակ են խնայում։

Ուշագրավ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2003 թվականին (45) Էուգենիա աստերոիդի լուսնին շնորհվել է «Փոքրիկ իշխան» անունը։ Միաժամանակ այդ անունը կապված է երիտասարդ տարիքում զոհված Նապոլեոն-Էժեն (Նապոլեոն IV) արքայազնի հետ, ում մոր՝ կայսրուհի Եվգենյայի անունով էր նույն այդ աստերոիդը։
  • 2003 թվականին լուսնի աստերոիդներից մեկն անվանվել է «Փոքրիկ Իշխան» անունով։
  • Ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆրանսիական գիրքը։
  • Ճապոնական Հակոն քաղաքում գտնվում է Փոքրիկ Իշխանի թանգարանը, որն ունի տարեկան ավելի քան 200.000 այցելու։

Մեջբերումներ «Փոքրիկ Իշխան»-ից

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձանից... Չէ՞ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը։
  • Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում։
  • Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն։
  • Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին։
  • Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս։
  • Միայն սիրտն է սրատես։ Ամենագլխավորը աչքով չես տեսնի։
  • Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես։
  • Գնա և մի անգամ ևս վարդերին նայիր։ Այն ժամանակ կհասկանաս, որ քոնը միակն է աշխարհում։
  • Շատ տխուր է, երբ մոռանում են ընկերներին։ Մանավանդ որ՝ բոլորը չէ,որ կարողանում են ընկեր ունենալ։
  • Փառասերները միայն գովեստներ են լսում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Prose “Le Petit Prince” - MusicBrainzMetaBrainz Foundation, 2000.
  2. https://www.antoinedesaintexupery.com/personne/le-petit-prince-1943-2/
  3. The Independent. The Little Prince' Graphic Novel to be Published in English, The Independent, 23 September 2010. Retrieved 18 September 2011.
  4. Little Prince enthusiast website
  5. Bell, Susan. I Shot French Literary Hero Out Of The Sky, The Scotsman. Johnston Press Digital Publishing. 17 March 2008. Accessed 4 August 2009.
  6. Փոքրիկ իշխանը։ [Հեքիաթ] / Հեղ. և նկ.՝ Անտ. դը Սենտ-Էքսյուպերի; Թարգմ. և վերջաբ.՝ Ս. Հարությունյան; Խմբ.՝ Ա.Ա. Ղուկասյան. - Երևան։ Հայաստան, 1966.
  7. Կարպիս Սուրենյան, «Պսակ թարգմանության»։ Սա«րգիս Խաչենց, Երևան 2001։ ISBN 99930-59-21-8

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Փոքրիկ իշխանը հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրիկ իշխանը» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրիկ իշխանը» հոդվածին։