Վիգեն Խաչատրյան
Վիգեն Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1951 |
Ծննդավայր | Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 21, 2023[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ճարտարագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Վիգեն Սուրենի Խաչատրյան (հուլիսի 7, 1951, Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 21, 2023[1], Երևան, Հայաստան), Խորհրդային Հայաստանի և Հայաստանի Հանրապետության կուսակցական, պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից[2]։
Կենսագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիգեն Խաչատրյանը ծնվել է 1951 թվականի հուլիսի 7-ին Իջևան քաղաքում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ էլեկտրիկի որակավորմամբ։
Կուսակցական-քաղաքական աշխատանքը ԽՍՀՄ-ում և Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1973-1984 թվականներին կատարել է կոմերիտական աշխատանք։ 1984-1986 թվականներին աշխատել է «Հայէլեկտրամեքենա» ընկերությունում Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության կոմիտեի քարտուղար։ 1986-1988 թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցություն կենտրոնական կոմիտեի տեսուչ։
1988-1990 թվականներին զբաղեցրել է Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության Գուգարքի շրջանային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը[3]։
1994 թվականին հիմնել է Ռամկավար ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը և ընտրվել կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ[3]։
1996-1997 թվականներին Վիգեն Խաչատրյանը եղել է Երևանի փոխքաղաքապետ[3]։
1997-1998 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի մարզպետի պաշտոնը[3]։
1998 թվականին Վիգեն Խաչատրյանը եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու՝ ընտրություններում հավաքելով 1 տոկոսից քիչ ձայներ։
Ազգային ժողովի պատգամավոր
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1994-1995 թվականներին Գերագույն խորհրդում եղել է Սահմանադրական հանձնաժողովի անդամ։
1995 թվականին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում ընտրվել է պատգամավոր, եղել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Ազգային ժողովում եղել է ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ կուսակցություններից կազմված «Հանրապետություն» խմբակցության անդամ։
2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր[2]։
Քաղաքական դիրքորոշումը տարբեր հարցերի վերաբերյալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիգեն Խաչատրյանը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին քաղաքական գործիչների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «վտանգավոր թեզ է, թե Հայաստանն առանց Արցախի ապագա չունի»։ Նրա կարծիքով «սա սխալ դիրքորոշում է։ Գերնպատակը Հայաստանն է, ոչ թե Արցախը, սա չի նշանակում, թե դադարում ենք Արցախի հարցի հետապնդումից»[4][5]։ Արցախյան հիմնախնդրի մասին խոսելիս՝ Վիգեն Խաչատրյանը հայտարարել է, որ «վերջին 300 տարում այդ տարածքները եղել են վիճելի և երբեք խոսք չի գնացել, որ դրանք Հայաստանին են պատկանում»։ Նրա կարծիքով «պետք է խոսել ոչ թե տարածքների պատկանելիության մասին, այլ այն մասին, որ այդ տարածքներում մարդկանց անվտանգությունը վտանգված է»[5]։ Նա Արցախյան խնդրի լուծումը պատկերացնում է Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում գտնվելու մեջ, որի մասին հայտարարել է 2022 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի ազգային ժողովում ելույթ ունենալիս[6][7]։
Վիգեն Խաչատրյանը Հայկական սփյուռք-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին հայտարարել է, որ հայկական պահանջատիրությունից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Նա իր այդ պնդումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ըստ նրա պահանջատիրությունը թույլ չի տալիս դիվանագիտություն ունենալ[5]։
Գործունեությունը սպորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008-2010 թվականներին Վիգեն Խաչատրյանը եղել է «Միկա» ֆուտբոլային ակումբի նախագահ։
Մահ և հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիգեն Խաչատրյանը մահացել է 2023 թվականի հունիսի 21-ին 72 տարեկան հասակում սրտամկանի ինֆակտից[3][8][9]։ Նրան առողջական ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սրտի ստենդավորում կատարել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել[3][9]։
Վիգեն Խաչատրյանի հիշատակը հարգելու նպատակով Հայաստանի ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց հունիսի 22-ից 23-ը բացվել է սգո հուշամատյան[10]։ Նրա հոգեհանգստի և թաղման արարողությանը մասնակցել է Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ հետ[11], Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը[12], «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցյիներ։
Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ հայաստանյան հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներ տարբեր կերպ են անդրադարձել[13][14]։ Հասարակության տարբեր շրջանակներ Վիգեն Խաչատրյանի մահվան առթիվ ուրախացել են, նրա անձի վերաբերյալ խիստ բացասական արտահայտություններ հնչեցրել[13][14], քանի որ նա Արցախը համարել է Ադրբեջանի մաս և հանդիսացել է այն քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի իշխանության օրոք Հայաստանը պարտություն է կրել, կորցրել է և Ադրբեջանին է հանձնել է տարածքներ[14]։ Որոշ լրագրողներ հասարակական այսպիսի վերաբերմունքի պատճառ են նշում Վիգեն Խաչատրյանի քաղաքական գործունեությունը, դիրքորոշումն ու հնչեցրած արտահայտությունները[15][16]։
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վ․ Խաչատրյանի թաղման արարողությունից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ազգային ժողովի ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել հանգուցյալի հրաժեշտի արարողություններին, քանի որ, ըստ նրա, ընդդիմությունը վախեցել է հասարաական արձագանքից[12]։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Կոնջոռյանը բացասաբար է արտահայտվել Վ․ Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը ընդդիմության ներկայացուցիչների չգալու կապակցությամբ և նշել, որ Ազգային ժողովի նիստից ընդդիմադիր պատգամավորները դիտավորյալ ուշացել են, որպեսզի 1 րոպե լռությամբ չհարգեն Վիգեն Խաչատրյանի հիշատակը[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը
- ↑ 2,0 2,1 Վիգեն Խաչատրյանի կենսագրական տվյալները հրապարակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կայքում, (արխիվացված 16․10․2021թ․)։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Մահացել է իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված 26․06․2023 թվականին)։
- ↑ Վտանգավոր թեզ է, թե Հայաստանն առանց Արցախի ապագա չունի. Վիգեն Խաչատրյան, (արխիվացված 16․10․2021թ․)։
- ↑ 5,0 5,1 5,2 «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է». Վիգեն Խաչատրյան, (արխիվացված 16․10․2021թ․)։
- ↑ «Գաղափարը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի, այսօր կարելի է ասել՝ դա ճիշտ չի եղել. ՔՊ-ական պատգամավոր» հոդված news.am լրատվական կայքում, (արխիվացված 14․04․2022թ․)։
- ↑ «Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում էլ ապագա կունենար» հոդված a1plus.am լրատվական կայքում, (արխիվացված 14․04․2022թ․)։
- ↑ «Մահացել է պատգամավոր Վիգեն Խաչատրյանը» հոդված aravot.am կայքում, (արխիվացված 26․06․2023 թվականին)։
- ↑ 9,0 9,1 «Ինչ հանգամանքներում է մահացել Վիգեն Խաչատրյանը» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 26․06․2023 թվականին)։
- ↑ «ԱԺ նիստերի դահլիճի դիմաց բացվել է սգո հուշամատյան» հոդված panorama.am կայքում, (արխիվացված 26․06․2023 թվականին)։
- ↑ «Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցել են Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 26․06․2023 թվականին)։
- ↑ 12,0 12,1 «Ընդդիմությունը չբարեհաճեց ներկա գտնվել ոչ Խաչատրյանի հոգեհանգստին, ոչ հուղարկավորությանը․ Դուք քաղաքական բեռ եք» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 26․06․2023 թվականին)։
- ↑ 13,0 13,1 «ԱԺ նիստերի դահլիճի դիմաց բացվել է սգո հուշամատյան» հոդված civic.am կայքում, (արխիվացված 26․06․2023 թվականին)։
- ↑ 14,0 14,1 14,2 «Հուղարկավորել եք Արցախը և Վիգենի հուղարկավորումի՞ց եք խոսում» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 26․06․2023 թվականին)։
- ↑ «Մահվան խուճապ» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 26․06․2023 թվականին)։
- ↑ «Արժե՞ր այդքան վշտանալ այն բանի համար, որ ընդդիմադիրները չմասնակցեցին Վիգեն Խաչատրյանի վերջին հրաժեշտին» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 26․06․2023 թվականին)։
- ↑ «Եթե դուք լինեիք Վիգեն Խաչատրյանի փոխարեն, նա ձեր հոգեհանգստին կգար․ Հայկ Կոնջոռյանը՝ ընդդիմությանը» հոդված mamul.am կայքում, (արխիվացված 26․06․2023 թվականին)։
|
|
- Հուլիսի 7 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Իջևան քաղաքում ծնվածներ
- Հունիսի 21 մահեր
- 2023 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քաղաքական գործիչներ
- ՀՀ Նախագահի թեկնածուներ
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- ՌԱ (ԼԴ)Կ անդամներ
- ՄԱԿ անդամներ
- Լոռու մարզպետներ
- Հայ ճարտարագետներ
- ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորներ