Վահրամ Պահլավունի
Վահրամ Պահլավունի | ||
| ||
---|---|---|
982 - 1021 | ||
| ||
1021 - 1045 | ||
Նախորդող | Վասակ Պահլավունի | |
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ և քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | անհայտ[1] | |
Վախճանի օր | 1045[1] | |
Վախճանի վայր | Դվին, Դվինի ամիրայություն | |
Թաղված | Գերեզման Վահրամ Պահլավունու | |
Դինաստիա | Պահլավունիներ[1] | |
Քաղաքացիություն | Բագրատունիների թագավորություն | |
Հայր | Գրիգոր Պահլավունի (Համզա)[1] | |
Մայր | Շուշան Պահլավունի[1] | |
Ամուսին | Սոֆի Անձևացի | |
Զավակներ | Աբուղամր Պահլավունի, Գրիգոր Պահլավունի և Սմբատ Պահլավունի |
Վահրամ Պահլավունի (անհայտ[1] - 1045[1], Դվին, Դվինի ամիրայություն), հայ ռազմական և պետական գործիչ, զորավար, անթիպատ պատրիկ, Իշխանաց իշխան (982-1021), Հայոց սպարապետ (1021-1045)։
Գրիգոր Համզայի և Շուշանի որդին, Գրիգոր Մագիստրոսի հորեղբայրը, Պահլավունիների իշխանական տոհմից։ Կառուցել է նշանավոր Մարմաշենի վանքային համալիրը և Ամբերդի Վահրամաշեն եկեղեցին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի մահից հետո ղեկավարել է պայքարը Անին ուժով գրավել ցանկացող բյուզանդական բանակների դեմ, կազմակերպել է Աշոտի որդի Գագիկ Բ-ին Բագրատունյաց գահի վրա հաստատելը, դեմ է եղել երիտասարդ արքայի Բյուզանդիա մեկնելուն։ Անին Բյուզանդիայի կողմից նվաճվելուց հետո (1045 թ.) ութսունամյա զորավարը զենքը ձեռքին դարձյալ կռվել է հայրենի երկիրը ավերող մի այլ թշնամու՝ Դվինի էմիր Աբու-լ-Ասվարի դեմ։ Հենց այդ մարտում սպանվել է իր Գրիգոր որդու հետ միասին 1046 թ. կամ 1047 թ.։
Բագրատունյաց Հայաստանի արքունիքում զբաղեցրել է բարձր պաշտոններ, եղել է Հայոց իշխանաց իշխան (980-ական թվականներին մինչև 1020-ական թվականները)», այնուհետև՝ Հայոց սպարապետ։ Ատրպատականի ամիրա Մամլանի դեմ հայ-վրացական միացյալ ուժերի պայքարում գլխավորել է հայոց զորքերը։ Պետական ծառայության դիմաց Բագրատունի թագավորներից տիրույթներ է ստացել Շիրակում, Արագածոտնում, կառուցել Մարմաշենի գլխավոր եկեղեցին (988-1029 թվականներին) և Ամբերդի եկեղեցին (1026 թվականին)։ Վարել է Բագրատունյաց կենտրոնական իշխանության ամրապնդման և ավատատիրական խռովությունների ճնշման քաղաքականություն։ Հայոց Հովհաննես-Սմբատ թագավորի մահից (1041 թվականին) հետո մերժել է Վեստ Սարգսի գահակալական հավակնությունները և օժանդակել Գագիկ Բ-ի գահ բարձրանալուն։ Փորձել է խոչընդոտել վերջինիս այցը Կոստանդնուպոլիս՝ հասկանալով, որ բյուզանդական արքունիքը դավադրություն է նյութում Հայոց արքայի դեմ։ Ըստ Արիստակես Լաստիվերցու՝ Հայոց բանակը՝ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ, Անիի մատույցներում չորս անգամ ետ է մղել այն նվաճել փորձող բյուզանդական բանակը։ Անին Բյուզանդիային անցնելուց (1045 թվական) հետո Վահրամ Պահլավունի մասնակցել է կատապան Միքայել Իասիտեսի՝ Դվինի ամիրա Աբուլ-Ասվարի դեմ կազմակերպած արշավանքին և Գրիգոր որդու հետ զոհվել է մարտի ժամանակ։ Թաղված է Մարմաշենի վանքում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակինյան Ն.,Պահլաւունի եւ Լամբրոնի Հեթումեանց ազգաբանութիւնը, Ա. Պահլաւունիք, ՀԱ, 1954, համար 1-6։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, թարգմանությունը՝ Վ. Ա. Գևորգյանի, Երևան, 1971։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |