Լիսաբոնի երկրաշարժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիսաբոնի երկրաշարժ
Երկրաշարժի ընդգրկման տարածքը
Տեսակերկրաշարժ
ԵրկիրՊորտուգալիա Պորտուգալիա
ՏեղանքԼիսաբոն
Տարեթիվնոյեմբերի 1, 1755
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով8.7
Տուժած երկրներ
(տարածաշրջաններ)
Պորտուգալիա, Իսպանիայի թագավորություն, Մարոկկո
ՑունամիԱնգլիայի հարավ, Իռլանդիա
Զոհվածներ10.000-100.000
 Lisbon earthquake of 1755 Վիքիպահեստում

Լիսաբոնի մեծ երկրաշարժ, ավերիչ երկրաշարժ, որ տեղի է ունեցել 1755 թվականի նոյեմբերի 1-ին` առավոտյան 9:20-ին: Այն ավերակների է վերածել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը։ Երկրաշարժը մարդկության պատմության ամենաավերիչ ու մահաբեր բնական աղետներից է եղել. նրա հետևանքով 6 րոպեների ընթացքում մահացել է ավելի քան 80.000 մարդ։ Սեյսմիկ ցնցումներին հաջորդել են հրդեհն ու ցունամին` հատկապես վնասելով Լիսաբոնի ափամերձ հատվածները։ Երկրաշարժը սրել է գոյություն ունեցող քաղաքական հակասությունները. Պորտուգալիայում միանգամից հրաժարվել են գաղութատիրական հավակնություններից, որ երկրում կային 18-րդ դարում։ Իրադարձությունը լայնորեն քննարկվել է Լուսավորության դարաշրջանի եվրոպական փիլիսոփաների կողմից` նպաստելով թեոդիցիայի գաղափարների ամրապնդմանը։ Սա գիտության կողմից ուսումնասիրված առաջին երկրաշարժն էր, որ ժամանակակից երկրաշարժագիտության ձևավորման հիմք է դարձել։ Ներկայումս երկրաբանները Լիսաբոնի երկրաշարժի ուժգնությունը գնահատում են 8.7 բալ[1][2]։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ատլանտյան օվկիանոսում` Սան Վիսենտի հրվանդանից 200 կմ հարավ-արևմուտք[3]։ Երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման աշխատանքները գլխավորել է մարքիզ դե Պոմբալը։

Երկրաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսաբոնի երկրաշարժը պատկերող փորագրություն

Երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ի առավոտյան, երբ կաթոլիկները նշում էին Բոլոր սրբերի օրը։ Պահպանված վկայությունների համաձայն` երկրաշարժը տևել է 3.5-6 րոպե` մոտ 5 մ լայնությամբ ահռելի ճեղքեր առաջացնելով գետնին, ինչի հետևանքով քաղաքի կենտրոնը առանձնացվել է ցամաքային մնացած հատվածից։ Կենդանի մնացածները ձգտել են առավել ապահով թվացող նավանորոգարան հասնել, սակայն ջրի հետ քաշվելուց հետո տեսել են ծովի հատակը` բազմաթիվ նավերի ու բեռների բեկորներով։ Երկրաշարժից մի քանի րոպե անց սկսվել է խորտակիչ ցունամին, որ ծածկել է ծովախորշն ու քաղաքի կենտրոնը։ Դրան հետևել են ևս երկու հզոր ալիքներ։ Քաղաքի` ցունամիից փրկված թաղամասերը ոչնչացվել են հրդեհից, որ շարունակվել է 5 օր։

Լիսաբոնը Պորտուգալիայի միակ քաղաքը չի եղել, որ տուժել է երկրաշարժից։ Երկրի հարավային բոլոր շրջաններում` հատկապես Ալգավրի նահանգում, ավերածությունները հասել են ահռելի չափերի։ Ցնցումները զգացվել են ողջ Եվրոպայում` մինչև Ֆինլանդիա, և Հյուսիսային Աֆրիկայում[4][5]։ Ցունամիի` 20 մ բարձրությամբ ալիքները թափվել են Կարիբյան ծովի Մարտինիկա և Բարբադոս կղզիների վրա։ Ցունամիի երեքմետրանոց ալիքները վնասել են Անգլիայի հարավային ափերը։

Քաղաքում բնակվող 275.000 բնակիչներից մահացել են մոտ 90.000-ը։ Եվս 10.000 մարդ զոհվել է Մարոկկոյի միջերկրածովյան ափին։ Ավերվել է շինությունների 85 %-ը` ներառյալ նշանավոր պալատները, գրադարանները, 16-րդ դարի պորտուգալական ճարտարապետության լավագույն օրինակները։ Երկրաշարժից չտուժած շինությունները հրո ճարակ են դարձել։ Մի քանի ամիս առաջ բացված օպերայի նոր շենքը երկրաշարժից հավասարվել է գետնին։ Արքայական պալատը, որը գտնվել է ներկայիս Պրասա դու Կոմերսիու հրապարակի տեղում, երկրաշարժից և ցունամիից ամբողջովին ավերվել է։ Պալատական գրադարանում եղել են ավելի քան 70.000 հատոր գրքեր, ինչպես նաև արվեստի հարյուրավոր գործեր` ներառյալ Ռուբենսի, Տիցիանի, Կորեջիոյի կտավները։ Այդ ամենն անդարձ ոչնչացվել է։ Արխիվի հետ ոչնչացել են Վասկո դա Գամայի և ուրիշ ծովագնացների ճանապարհորդական նկարագրությունները։ Ոչնչացվել են շատ եկեղեցիներ, քաղաքի խոշորագույն հիվանդանոցը։ Անդարձ կորել է ազգային հերոս Նունու Ալվարեշ Պերեյրայի գերեզմանը։ Լիսաբոնի հյուրերը ներկայումս կարող են այցելել քանդված եկեղեցու ավերակներ, որ լիսաբոնցիները պահում են որպես հուշ երկրաշարժից։

Նկարագրվել է, որ շատ կենդանիներ, զգալով վերահաս վտանգը, փորձել են մինչև ջրի մակարդակի բարձրացումը ինչ-որ տեղ բարձրանալ։ Սա այդ երևույթի առաջին փաստացի նկարագրումն է Եվրոպայում։

Աղետի սոցիալական և փիլիսոփայական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաշարժի տեսարան Թագուս գետի ափից

Պորտուգալական աղետի մասին լուրերը աննախադեպ ձևով մի քանի օրում տարածվել են ողջ Եվրոպայում։ Դա կապված էր Լուսավորության դարաշրջանում լրագրության ի հայտ գալով, թերթերի կանոնավոր տպագրությամբ, որոնք երկրաշարժի մասին լուրերը ներկայացնում էին հաճախ ավելի չափազանցված։ Մահացած բնակիչների թիվ էր նշվում նույնիսկ մեկ միլիոնը։ Կարդալ չիմացողները տեղեկություն էին ստանում լուբոկի փայտագրություններից, որոնցում պատկերված էին քաղաքի ավերակները։

Երկրաշարժի հետևանքները չեն սահմանափակվել ավերված շինություններով։ Լիսաբոնը, լինելով կաթոլիկ երկրի մայրաքաղաք, ունեցել է շատ եկեղեցիներ, որոնք նաև միսիոներներ են ուղարկել գաղութներ։ Ավելին, աղետը պատուհասել է քաղաքին կաթոլիկ կարևոր տոնի օրը` ոչնչացնելով գրեթե բոլոր եկեղեցիները։ Այդ փաստը նոր սրությամբ է առաջ քաշել փիլիսոփաներին ու աստվածաբաններին հուզող «Աստծո դաժանության» հարցը[6]։

Երկրաշարժը ազդել է Լուսավորության դարաշրջանի փիլիսոփաների աշխարհայացքի վրա։ Ժամանակի շատ փիլիսոփաներ հիշատակել են այդ իրադարձությունները իրենց ստեղծագործություններում, մասնավորապես Վոլտերը` իր «Կանդիդ կամ լավատեսություն» և «Պոեմ Լիսաբոնի աղետի մասին» գործերում։ Հետագայում Լիսաբոնի երկրաշարժը փիլիսոփայության և մշակույթի վրա ունեցած իր ազդեցությամբ համեմատվել է Առաջին համաշխարհային պատերազմի հետ։

Աստծո միջամտության գաղափարը, որ գոյություն ուներ մինչև 1755 թվականը, ավելի զարգացրեց Էմանուել Կանտը` փորձելով իմաստավորել երկրաշարժն ու ցունամին։ Նա երեք հոդված է տպագել Լիսաբոնի երկրաշարժի մասին։ Երիտասարդ ժամանակ փիլիսոփան, ազդվելով երկրաշարժի կործանարար ուժից, հավաքել էր շատ տեղեկություններ, որոնց հիման վրա հետագայում փորձում էր բացատրել երկրաշարժի պատճառները։ Կանտը ենթադրում էր, որ երկրաշարժ է առաջանում ստորերկրյա մեծ դատարկ տարածությունների առաջացման հետևանքով։ Սխալ լինելով հանդերձ` այն բնագիտական առաջին բացատրություններից էր, որով փորձ էր արվում մեկնաբանել բնության երևույթները ոչ գերբնական եղանակով։ Կանտի այդ գրքույկն էլ հավանաբար հիմք է հանդիսացել գիտական աշխարհագրության և երկրաշարժագիտության համար։

Որոշ հետազոտողներ (օրինակ` Վերներ Համահեր) պնդում են, որ երկրաշարժը ազդել է ոչ միայն փիլիսոփաների մտքի, այլև լեզվի վրա։ Երկրաշարժից հետո միայն «հիմք», «ցնցում», «ալիք» բառերը ձեռք են բերել լրացուցիչ իմաստներ։

Երկրաշարժագիտության ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաշարժից տուժած եկեղեցու ավերակներ

Մարքիզ Պոմբալի աշխատանքները չեն սահմանափակվել ավերված շինությունների վերականգմամբ։ Նա հրամայել է հարցումներ անցկացնել երկրի բոլոր մասերում երկրաշարժի և նրա հետևանքների մասին։ Նա ներառել էր հետևյալ հարցերը.

  • Ինչքա՞ն է տևել երկրաշարժը։
  • Քանի՞ հետցնցում է եղել։
  • Ի՞նչ տեսակի ավերածություններ են եղել։
  • Արդյոք կենդանիները տարօրինակ են պահել իրենց (այս հարցը զարմացրել է 1960-ական թվականների չինացի հետազոտողներին)[7]։

Այս և այլ հարցերի պատասխաններ մինչ օրս պահվում են Պորտուգալիայի ազգային արխիվում։ Ուսումնասիրելով այդ տեղեկությունները` ժամանակակից գիտնականները վերականգնել են կատարված իրադարձությունները։ Առանց Պոմբալի անցկացրած հարցումների` դա անհնար կլիներ։ Ժամանակակից գիտնականները շարունակում են քննարկել երկրաշարժի աշխարհագրական պատճառներն ու շրջանի սեյսմիկ ակտիվությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gutscher, M.-A.; Baptista M.A. & Miranda J.M.; Miranda, J.M. (2006). "The Gibraltar Arc seismogenic zone (part 2): Constraints on a shallow east dipping fault plane source for the 1755 Lisbon earthquake provided by tsunami modeling and seismic intensity". Tectonophysics. 426: 153–166. Bibcode:2006Tectp.426..153G. doi:10.1016/j.tecto.2006.02.025. Retrieved 20 March 2011.
  2. "Historic Earthquakes – Lisbon, Portugal." U.S. Geological Survey, October 26, 2009. {Estimate: 8.7}
  3. А. А. Никонов. Ужасное потрясение Европы. Лиссабонское землетрясение 1 ноября 1755 г. // «Природа», № 11, 2005.
  4. An Extraordinary and Surprising Agitation of the Waters, ..., Philosophical Transactions, Vol. 49, (1755 - 1756), pp. 351-398
  5. Memoirs of Jacques Casanova, Book 2, Ch. XXVI; Casanova himself noted feeling the shocks when he was imprisoned in "The Leads" in Venice and specifically states they were the same ones that destroyed Lisbon
  6. "The Lisbon Earthquake". Archive.org. Retrieved 2014-05-07
  7. Shrady, The Last Day, pp.145–146

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսաբոնի երկրաշարժ» հոդվածին։