Թուդխալիա III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թութհալիաս Գից)
Թութհալիաս Գ
Խեթական թագավոր
Իշխանությունմ.թ.ա. 1400 - մ.թ.ա. 1380
Թագադրումմ.թ.ա. 1400
Ծնվել է՝մ.թ.ա. 14-րդ դար
Մահացել է՝մ.թ.ա. 1380
Ազգությունխեթ
ՆախորդԽաթթուսիլիս Բ
ՀաջորդողԹութհալիաս Դ Կրտսեր
Թագավորական ՏունՆոր Խեթական դինաստիա
գերիշխան
ՀայրԱրնուվանդա Ա
ՄայրAšmu-nikal?
ԵրեխաներՍուպպիլուլիումաս Ա և Tudhaliya IV?
ՀավատքԽեթական կրոն

Թութհալիաս Գ (Թուդխալիա Գ, Թութխալիաս Գ, Տաշմի-Շարրիս, Tašmi-Šarriš, ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 1380), Նոր Խեթական թագավորության թագավոր, կառավարել է շուրջ մ.թ.ա. 1400 - մ.թ.ա. 1380 թվականներին, Խեթական Արնուվանդա Ա թագավորի և Ասմու-Նիկալ թագուհու որդին[Ն 1]:

Հայասա կատարած արշավանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 14-րդ դարի սկզբին Նոր Խեթական թագավորության թագավոր Թութհալիաս Գ-ի դեպի Հայասա, որտեղ արդեն թագավորում էր Կարաննին (Կարաննիս), ձեռնարկած արշավանքի մասին գրել է նրա թոռը՝ Մուրսիլիս Բ-ն (մ.թ.ա. 1340 - մ.թ.ա. 1320): Ըստ Մուրսիլիս Բ-ի արձանագրության Թութհալիասը՝ նրա պապը, Հայասա երկրի հետիոտն զինվորներին և կառամարտիկներին հաղթել է, ապա Խաթթի երկրի (Խեթական թագավորություն) հետիոտն զինվորներին և կառամարտիկներին թողել խեթական զորքի գլխավոր հրամանատար Կանտուծիլիի մոտ, որից հետո նրանց վերադարձրել իր երկիր։ Ըստ մեկ այլ արձանագրության Թութհալիաս Գ-ն Կանտուծիլիին ուղարկում է Հայասայի դեմ, Հայասային պատերազմ հայտարարում ու նրա հետևից գնում դեպի Հայասա։ Այս պատերազմի ժամանակ խեթական բանակը գրավում է Արծիյա քաղաքը և նրա ողջ ունեցվածը ենթարկում ավարի[1]։ Վճռական ճակատամարտը Կումմախա քաղաքի մոտ առավելություն չի տվել խեթերին։ Մ.թ.ա. 1397 թվականին խեթերը հաղթել են Կարաննիին՝ Կաթխալաիայի (Կապադովկիայում) ճակատամարտում։ Զարգացնելով հաջողությունը, Խեթերը կրկին հարձակվում են Ծոփքի վրա, բայց ետ են շպրտվում։ Նույն թվականին տեղի է ունենում Անիի ճակատամարտը, որի արդյունքում խեթերի զորքերը ստիպված են լինում նահանջել։ Պատերազմը տևում է մինչև մ.թ.ա. 1380 թվականը։ Կարաննիի բանակը մի քանի անգամ հարձակվում է Խեթերի թագավորության վրա և ավերում այն։ Մ.թ.ա․ 1380 թվականին Կարաննիին նույնիսկ հաջողվեց գրավել մայրաքաղաք Հատտուսան և այրել այն։ Վրեժի համար՝ տարիներ շարունակ պատերազմը շարունակվում էր[Ն 2]։

Նոր Խեթական թագավորության անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թութհալիաս Գ-ի կառավարման ժամանակ Նոր Խեթական պետությունը հասնում է իր անկման գագաթնակետին։ Նրա քաղաքականության ձախողվածությունը հանգեցրեց նրան, որ «Խաթթի Երկիրը» հայտնվեց թշնամիների օղակում ու նույնիսկ գրեթե ամբողջությամբ «ոչնչացվեց» թշնամու կողմից։ Թշնամիները հարձակվել են չորս կողմից. Հյուսիսից կասկերի ցեղերը, որոնք հասել էին Նենասսա քաղաքին, հարավից Արծավա թագավորության բանակը, որը առաջացել էր մինչև Տուվանուվա (Տիանա) և Ուդա (Հիդա, ներկայիս Նիղդե քաղաքի մոտակայքում) քաղաքները, հյուսիս-արևելքից Հայասա և Ազզի երկրների ընդհանուր բանակը ավերում է Վերին Երկիրը և առաջանում է մինչև Սամուխա քաղաք, որը գտնվում էր Գայլ գետի վրա, արևելքից Իսուվա երկրի զինվորները, որոնք գտնվում էին խեթերից արևելք, թալանում են Թեգարաման, իսկ Արմատանա երկրի զինվորները հասնում են մինչև Կիցցուվանդա երկրի սահմաններ։ Այսպիսի պայմաններում Նոր Խեթական թագավորությունը կորցնում է իր տարածքների մեծ մասը, պահպանելով միայն մոտավորապես ներկայիս Թոքաթ, Անկարա, Նիղդե, Սեբաստիա քաղաքների հատվածում ընկած տարածքը։

Այս բոլոր դժբախտություններից բացի, կասկերը գրավում են Թարիկարիմմա լեռը ու ավերում Խեթական պետության մայրաքաղաք Հատտուսան, որտեղ մնացել էր միայն մեկ չվնասված շինություն, որը մի ազնվական խեթի դամբարանն էր։

Թութհալիաս Գ-ն չհասցրեց կազմակերպել իր երկրի պաշտպանությունը։ Նա հիմնականում սահմանափակվում է իր քաղաքների պաշտպանությամբ հարևանների հարձակումներից, նույնիսկ չփորձելով նախաձեռնությունը իր ձեռքը վերցնել։ Այն մասին, թե ինչպես է Թութհալիասը կազմակերպել իր հողերի պաշտանությունը, ասում է հաջորդ դրվագը. Թագավորի մոտ լուր եկավ կասկերի ներխուժման մասին։ Թութհալիասը հավաքում է իր զորահրամանատարներին ու սկսում հարցնել, թե նրանցից ով է ցանկանում գնալ թշնամու դեմ։ Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են։

Խեթական պետության վիճակը մի փոքր լավանում է, երբ բանակի մի մասին իր հրամանատարության տակ է վերցնում արքայազն Սուպպիլուլիումասը (հետագայի Սուպպիլուլիումաս Ա արքան), տաղանդավոր զորահրամանատարը։ Նա հետ է վերցնում Սամուխու քաղաքը և այն դարձնում է այն հենակետ կասկերի ու Ազզի և Հայասայի բանակների դեմ պայքարելու համար։ Սուպպիլուլիումասին հաջողվում է մի քանի տարվա ընթացքում ջախջախել կասկերի մեծ բանակին և վտարել Հայասայի զորքերին։

Մինչ Սուպպիլուլիումասը կռվում էր արևելքում, Թութհհալիաս Գ-ն փորձում է անցնել հարձակման հարավ-արևմուտքում։ Սակայն նրա հարձակումը Մասա (Միզիա) երկրում, Հուլանա և Կասիյի գետերի մոտ տապալվում է կասկերի ու հայասացիների նոր հարձակումներով։ Թութհալիասը փորձում է մարտական գործողությունները տեղափոխել Հայասայի տարածք, բայց Հայասայի արքա Կարաննին հակահարված է տալիս նրան։

Թութհալիաս Գ-ի գահակալության վերջում Սուպպիլուլիումասը դիմակայում է Արծավայի բանակի հարձակմանը։

Չնայած որոշ հաջողությունների, Խեթական պետության դրությունը Թութհալիաս Գ-ի կառավարման վերջում հուսալքված վիճակում է մնում։ Նա ևս մեկ անգամ ցույց է տալիս իր «կառավարման ունակությունները». Մահանալիս, նա գահը տալիս է ոչ թե տաղանդավոր և աչքի ընկած Սուպպիլուլիումասին, այլ ոչ մի բանով աչքի չընկած Թութհալիաս Դ Կրտսերին։

(Աղբյուրներ։ Սուպպիլուլիումաս Ա-ի տարեգրություններ, Մուրսիլիս Բ-ի տարեգրություններ և արձանագրություններ, Հաթթուսիլիս Գ-ի տարեգրություններ և արձանագրություններ)

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պահպանվել է փաստաթուղթ, որը վերաբերվում էր Թութհալիաս Գ-ի կառավարմանը, որտեղ գրված է. «Թութհալիաս, մեծ արքա, որդի Արնուվանդայի, մեծ արքայի»։
  2. Կարաննի հոդված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 7

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Խաթթուսիլիս Բ
Նոր Խեթական թագավոր
Թութհալիաս Գ

շուրջ մ.թ.ա. 1400-1380
Հաջորդող
Թութհալիաս Դ Կրտսեր