Սեյնթ Ջուլիանսն սկզբնական շրջանում եղել է ձկնորսական ավան։ XVI դարի կեսերին ափին է մոտեցել թուրքական բազմաքանակ նավերց բաղկացած ռազմական նավատորմը՝ ծովահեն Թուրղութ Ռեիսի գլխավորությամբ, որը հույս էր փայփայում նվաճելու Սեյնթ Ջուլիանսն ու տիրելու Մալթային և այդ հաղթանակի շնորհիվ պատվավոր դիրք գրավելու Սուլեյման Մեծ սուլթանի արքունիքում։ Բայց Մալթայի ասպետական ուխտի ռազմիկները ջախջախել են թուրքական նավատորմը և ճակատամարտում մահացու վիրավորել Ռեիսին։
Մինչև XIX դարը ներկայիս քաղաքի տեղում եղել են միայն Սպինոլայի պալատը, ծխական եկեղեցին ու ձկնորսների մի քանի խրճիթ։ Սակայն 1930-ական թվականներին մեծահարուստ մարդկանց մեծ հոսք է սկսվել, և բնակավայրի բնույթը կտրուկ կերպով փոփոխվել է. այն վերածվել է նշանավոր հանգստավայրի ու առողջարանային քաղաքի։ Բայց դեռ պահպանվել է մի ոչ մեծ նավակայան՝ ձկնորսական նավակների համար։ Պահպանվել է նաև 1658-1659 թվականներին կառուցված պատմական աշտարակը։