Ռուսական ռուլետկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուսական ռուլետկա (ռուսական պտտախաղ, ռուս.՝ русская рулетка) կամ հուսարական ռուլետկա, նաև՝ սոպրանո[1][2], էքստրեմալ ազարտային խաղ[3] կամ գրազ մահացու վախճանով[4]։ Ըստ խաղի կանոնների՝ ռևոլվերի դատարկ թմբուկը լիցքավորվում է մեկ կամ մի քանի փամփուշտով, բայց ոչ ամբողջությամբ, ինչից հետո թմբուկը մի քանի անգամ պտտվում է այնպես, որ խաղացողները չիմանան, թե որտեղ են փամփուշտները։ Դրանից հետո խաղացողները հերթով ռևոլվերի փողը մոտեցնում են իրենց գլխին ու սեղմում ձգանը։ Սովորական մոլեխաղերում ռուսական ռուլետկայի նմանակման համար օգտագործվում է խաղալիք ռևոլվեր։

«Ռուսական ռուլետկա» արտահայտությունը երբեմն օգտագործվում է փոխաբերական իմաստով՝ նշանակելու համար դժվար գուշակելի արդյունքով հնարավոր վտանգավոր հետևանքներ ունեցող իրավիճակներ, ինչպես նաև անվանելու համար այն խիզախությունը, որ նույնանում է անխոհեմության ու անմտության հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախահեղափոխական ռուսական գրականության մեջ ռուսական ռուլետկան նկարագրվել է Ալեքսանդր Գրինի «Զուրբագանյան հրաձիգը» («Зурбаганский стрелок», 1913) պատմվածքում։

Ռուսական ռուլետկայի հետ հեռավոր նմանություն ունեցող իրավիճակ է նկարագրվում Միխայիլ Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» վեպում («Ֆատալիստը» նովել), երբ օգտագործվում է միլիցքանի կայծքարի ատրճական, սակայն ոչ ոք չգիտի՝ լիցքավորված է այն արդյոք։

Գոյություն ունեն այդ խաղի ծագումը բացատրող մի քանի վարկած-լեգենդներ։ Դրանց մեծ մասը ռուսական ռուլետկայի ծագումը կապում է Ռուսաստանի, ռուս զինվորների ու սպաների հետ։ Այդ տարբերակներից են՝

  • 19-րդ դարում ռուս կալանավորներին ստիպել են խաղալ ռուսական ռուլետկա, իսկ պահակները խաղադրույքներ են կատարել կալանավորի մահվան կամ կենդանի մնալու համար։
  • Ըստ մեկ այլ տարբերակի՝ ռուսական բանակի սպաները խաղացել են ռուսական ռուլետկա սեփական ցանկությամբ, որպեսզի մյուսներին զարմացնեն իրենց խիզախությամբ։
  • Ըստ երրորդ տաբերակի՝ ռուսական ռուլետկան ստեղծվել է որպես տպավորիչ, բայց անվտանգ հնարք։ Դա բացատրվել է նրանով, որ որոշ ռևոլվերների թմբուկն անարգել պտտվում է, երբ հրահանը բարձրացված չէ։ Այդ պատճառով էլ եթե թմբուկը լավ յուղված է, ազատ պտտվելու դեպքում ծանրության ուժի ազդեցությամբ թմբուկը պտտվելուց հետո կանգ է առնում այնպես, որ միակ փամփուշտը հայտնվում է ամենաներքևում, և ատրճանակի փողին մոտ փամփշտանոցն մեծ հավանականությամբ լինում է դատարկ։ Սակայն տվյալ վարկածի թերությունն այն փաստն է, որ բարձրացված հրահանի դեպքում թմբուկն անարգել պտտվում է ոչ բոլոր ռևոլվերների մոտ, և դրանց թվին է պատկանում նաև Նագան համակարգի ռևոլվերը, որը ռուսական բանակի հիմնական ռևոլվելն էր 20-րդ դարի սկզբում. նրա թմբուկը ոչ բարձրացված հրահանի դեպքում կանգ է առնում մարտական դիրքով հատուկ ֆիքսատորի զսպանակով, այդ պատճառով էլ փափուշտի կշիռը չի կարող ունենալ նշանակալի ազդեցություն, ինչը հերքում է տվյալ վարկածը։

«Ռուսական ռուլետկա» տերմինի առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 1937 թվականի հունվարի 30-ին։ Ամերիկյան «Collier’s Weekly» ամսագրում Ջորջ Սուրդեզը (անգլ.՝ Georges Surdez) տպագրված «Ռուսական ռուլետկա» հոդվածում մեջբերում է երկխոսություն ռուսական բանակի Արտասահմանյան լեգեոնում ծառայող ֆրանսիացի սերժանտի հետ.

Ֆելդհիեմ... Դու երբևէ լսե՞լ ես «ռուսական ռուլետկայի» մասին։ Երբ ես ասացի, որ չեմ լսել, նա պատմեց ինձ ամեն ինչ նրա մասին։ Երբ նա ծառայել է ռուսական բանակի կազմում Ռումինիայում, մոտավորապես 1917 թվականին, երբ շուրջն ամեն ինչ կործանվել է, ռուս սպաները կարծել են, թե կորցնում են ոչ միայն համբավը, փողը, ընտանիքը, երկիրը, այլև պատիվը Դաշնակիցների առաջ։ Նրանցից ոմանք, նստած լինելով որտեղ պատահի՝ սեղանի մոտ, սրճարանում, ընկերների մոտ, անսպասելիորեն հանել են ռևոլվերը, թմբուկից հանել մեկ փամփուշտ, պտտել այն, փողը մոտեցրել իրենց գլխին ու սեղմել ձգանը։ Հավանականությունը, որ կրակոց կլինի, և սպայի ուղեղը ցրիվ կգա ամենուր, կազմել է հինգ հնարավորություն վեցից։ Երբեմն այդպես էլ պատահում էր, երբեմն՝ ոչ։

Ռուսական ռուլետկայի մաթեմատիկական մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական ռուլետկան ենթարկվում է հավանականությունների տեսության ընդհանուր օրենքներին։

Եթե վերցվի թմբուկի մեջ մեկ փամփուշտ ունեցող վեցլիցքանի ռևոլվեր, և եթե թմբուկը չպտտվի ամեն անգամ ձգանը քաշելուց հետո, ապա P կրակոցի հավանականությունը կմեծանա մնացած թվի հետ համամասնական կարգով։

,

որտեղ P-ը կրակոցի հավանականությունն է, N-ը՝ թմբուկի փափշտանոցների քանակը, n-ը՝ կատարված մոտեցումների քանակը։

Այսինքն՝ կրակոցի հավանականությունը որոշվում է հետևյալ կերպ.

Քայլ Կրակոցի հավանականություն
1 1/6 = 0,1(6) = 16,(6)%
2 1/5 = 0,2 = 20%
3 1/4 = 0,25 = 25%
4 1/3 = 0,(3) = 33,(3)%
5 1/2 = 0,5 = 50%
6 1/1 = 1 = 100%

Այսպիսով՝ եթե հինգ անգամ ռևոլվերը չի կրակել, ապա հայտնի է, որ այն կկրակի վեցերորդ փորձի ժամանակ։ Հայտնի է խաղի մի տարբերակ, որի դեպքում թմբուկը պտտվում է յուրաքանչյուր մոտեցումից հետո՝ հավասարեցնելով կրակոցի հնարավորությունները բոլոր մոտեցումների դեպքում։ Այդ դեպքում կենդանի մնալու P հավանականությունը n-րդ փորձից հետո յուրաքանչյուր մոտեցման դեպքում p- հավասար կրակելու հնարավորության դեպքում կազմում է.

(տես Խաղացողի սխալ)

Օրինակ Օգտագործվում է մեկ փամփուշտով վեցլիցքանի ռևոլվեր։ Յուրաքանչյուր քայլի դեպքում կրակոցի p հավանականությունը կազմում է 1/6։ Համապատասխանաբար՝

Քայլերի թիվ Կենդանի մնալու հավանականություն
1
2
3
4
5
6

Քանի որ խաղացողներից մեկն սկսում է առաջինը, երկրորդն ստանում է զգալի առավելություն. նա չպետք է փորձի իր բախտն առաջինի անհաջողությունից հետո։ Ռիսկերի հավասրեցման համար երկրորդ մասնակիցը չպետք է պտտի թմբուկն առաջինի հաջող քայլից հետո։ Այդ դեպքում առաջին մասնակցի զոհվելու հավանականությունը հավասար է 1/6, իսկ երկրորդինը հավասար է (կրակելու իրավունք ստանալու հնարավորություն) * (փամփուշտի ընկնելու հնարավորություն) = 5/6 * 1/5 =1/6։ Այսինքն՝ առանց թմբուկի հավելյալ պտտումների ռուլետկան մաթեմատիկական իմաստով ազնիվ խաղ է։

Ռուսական ռուլետկան արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միխայիլ Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» վեպը «Ֆատալիստ» գլխում նկարագրվում է գրազ, որը հեռավոր կերպով հիշեցնում է ռուսական ռուլետկան[5]. օգտագործվում է միլիցքանի ատրճանակ, և խաղացողները չգիտեն, թե արդյոք լիցքավորված է այն։ Դրանից բացի՝ կայծքարային զենքերին հատուկ են բավական հաճախակի խափանումները (ինչն էլ տեղի է ունենում վեպում)։
  • Բորիս Ակունինի «Ազազել» վեպի հինգերորդ գլխում հիշատակվում է «ամերիկյան ռուլետկա» գրազը, սակայն գրազի պայմանները նման են «ռուսական ռուլետկայի» պայմաններին՝ ոչ մեծ հավելումներով. օգտագործվում է երկու ռևոլվեր, և յուրաքանչյուրը խաղում է իր զենքով այնքան ժամանակ, քանի դեռ մեկը չի մահանում։ Վեպում նշվում է նաև, որ «ամերիկյան ռուլետկան» «Ազազելի» հերոսներ Ախտիրցևի ու Կոկորինի շնորհիվ կոչվելու է «ռուսական ռուլետկա»[6]։

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Եղնիկների որսորդը» ֆիլմում վիետնամցիներն գերի ամերիկացիներին ստիպում են խաղալ ռուսական ռուլետկա։ Մայքլը՝ Ռոբերտ դե Նիրոյի հերոսը, կազմակերպում է փախուստ՝ վիետնամցիներին համոզելով ատրճանակը լիցքավորել ոչ թե մեկ, այլ երեք փամփուշտով։ Այդ դեպքում կենդանի մնալու շանսերը կրճատվում են մինչև 50 %, բայց փոխարենը նա իր ձեռքում ունենում է գրեթե լիարժեք զենք։ Փախուստը հաջողվում է։ Վերապրած սթրեսից հետո Նիքը դառնում է «ռուսական ռուլետկայի» խաղացող Սայգոնում։ Ֆիլմի բազմաթիվ քննադատությունների է արժանացել այն պատճառով, որ իրականում ոչ մի վկայություն չկա, որ ամերիկացի գերիներին Վիետնամում ստիպել են խաղալ ռուսական ռուլետկա[7][8][9]։Ասսոշեյթեդ պրեսի թղթակից Փիթեր Առնեթը, որ 1966 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի Վիետնամի պատերազմի լուսաբանման համար, Los Angeles Times պարբերականում գրել է. «Պատերազմի բոլոր տարիների ընթացքում «ռուսական ռուլետա» խաղի ոչ մի վավերագրված դեպք չի եղել... Ֆիլմի կենտրոնական մետաֆորը պարզապես արյունաթաթախ սուտ է»[8]։ Դրան ի պատասխան որոշ քննադատներ, այդ թվում՝ Ռոջեր Էբերթը[10] և այլք[11], պաշտպանել են ֆիլմի ստեղծողներին՝ համարելով, որ ֆիլմում «ռուսական ռուլետկան» պարզապես գեղարվեստական փոխաբերություն է։
  • «13» ֆիլմում պատմվում է «ռուսական ռուլետկա» խաղի ընդհատակյա մրցումների մասին։
  • 2000 թվականի «ДМБ» ռուսական ֆիլմում զինվորը գեներալի հետ ողջ գիշեր խաղում է «ռուսական ռուլետկա»՝ մտածելով, թե զենքը լիցքավորված չէ։ Սակայն առավոտյան պարզվում է, որ դա այդպես չէ։
  • «Աչքակապուկ» (ռուս.՝ «Жмурки») ֆիլմի գլխավոր հերոսը խաղում է «աչքակապուկ» («ռուսական ռուլետկա») մյուս հերոսների հետ (գլխավոր հերոսի զոհվելու հավանականությունը 0 % է, որովհետև նա խաղում է թղթապանակով, որում մետաղե շերտ կա)։
  • 1970 թվականի «Խլուրդը» ֆիլմում «ռուսական ռուլետկա» խաղն անցկացվում է ժամերգության ժամանակ։ Վեցլիցքանի ռևոլվերի մեջ կա մեկ փամփուշտ, և յուրաքանչյուր կրակոցից հետո թմբուկը պտտվում է։ Ամբոխն ամեն անգամ գոռում է՝ «Հրա՜շք», երբ կրակոց տեղի չի ունենում։ Վերջապես կրակելու հերթը հասնում է երիտասարդ վանականին՝ գլխավոր հերոսի որդուն։ Որդուն հանգստացնելու համար հոգևորականը նրա ականջին շշնջում է, որ փամփուշտը մարտական չէ։ Այդ ժամանակ ֆրանցիսկյան միաբանության երիտասարդ ներկայացուցիչը բոլորի աչքի առաջ հանում է ոչ մարտական փամփուշտն ու լիցքավորում մարտականը։
  • «Խավարի որդին» ֆիլմում գլխավոր անտագոնիստը՝ Էսթերը, իր քրոջը՝ Մաքսին, առաջարկում է խաղալ «ռուսական ռուլետկա», բայց մերժում ստանալուց հետո միտքը փոխում է։
  • «Այնուամենայնիվ ես սիրում եմ...» (ռուս.՝ «И всё-таки я люблю...») ռուսական սերիալում ռուական ռուլետկա են խաղում Մարգոն ու մարմնավաճառուհի Մերին, և վերջինս զոհվում է։

Համակարգչային խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Call of Duty: Black Ops խաղում խորհրդային բանակի սպան վիետնամցիների մոտ գերի ընկած ամերիկացի մարտիկներին ստիպում է խաղալ ռուսական ռուլետկա[12]։
  • 1996 թվականին «Բուկա» ռուսական ընկերությունը թողարկել է «Ռուսական ռուլետկա» action-quest խաղը։ 1999 թվականին ըներությունը թողարկել է խաղի շարունակությունը՝ «Ռուսական Ռուլետկա 2։ Փակ մոլորակներ»[13]։
  • Metro: Last Light խաղում հավելումներից մեկում երկու ավազակներ խաղում են «ռուսական ռուլետկա»։
  • Danganronpa 2: Goodbye Despair խաղում Նագիտո Կոմաեդան չորրորդ գլխում խաղում է ռուսական ռուլետկա, որպեսզի անցնի մահվան եզրափակիչ սենյակ։
  • Detroit: Become Human խաղում կա «Ռուսական ռուլետկա» կոչվող էպիզոդ, որտեղ գլխավոր հերոս Քոննորը գտնում է հարբած Հենքին, որի մոտ ընկած է ռևոլվերը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դարվինի մրցանակի (հումորային մրցանակ, որը շնորհվում է կյանքից հեռանալու ամենաանպատեհ ձևերի համար) կազմակերպիչները պնդում են, որ «ռուսական ռուլետկան» ինքնատիպ ձևով մեռնելու ամենագրավիչ տարբերակներից է, ընդ որում՝ մշտապես ստեղծվում են նրա նոր ձևեր։ Օրինակ՝
    • 1999 թվականի մարտի 22-ին կամբոջացի երեք գյուղացիներ ալկոհոլային խմիչք օգտագործելիս զվարճացել են «ռուսական ռուլետկայի» մի տեսակով՝ հերթով ոտքով սեղմելով բարում՝ իրենց սեղանի տակ դրված հակատանկային արկը։ Ուժեղ պայթյունի հետևանքով տեղի են ունեցել մեծ ավերածություններ, իսկ խաղացողների մնացորդները գտնել չի հաջողվել. ակնհայտ է, որ զոհվել է ոչ միայն պարտվողը, այլև մյուս բոլոր խաղացողները[14]։
    • 2010 թվականին Կանադայում բնակվող մեքսիկացի Ռոջեր Ռամիրեզը (33 տարեկան) ընկերոջ հետ գրազ է եկել, որ կարող է խաղալ «ռուսական ռուլետկա»։ Սակայն նա հավանաբար չի իմացել, թե ինչպես է այն կատարվում։ Չունենալով ռևոլվեր՝ նա որոշել է օգտագործել «Beretta 92» ինքնալից ատրճանակ և զոհվել[15]։
    • «Հայիթիական ռուլետկան» ռուսական ռուլետկայի տարատեսակ է։ Այդ անվանումով խաղ գոյություն է ունեցել Հայիթիում Ֆրանսուա Դյուվալիեի իշխանության ժամանակ։ Դրա էությունը եղել է այն, որ խաղացողը մաշված անվադողերով հին մեքենայով ամբողջ արագությամբ սլանա նախագահի՝ Պորտ-օ-Պրենսում գտնվող պալատի մոտով։ Պարտվում էր նա, որի մեքենայի անվադողերը պայթում էին, որովհետև պալատի հսկիչներն աչքի էին ընկնում զգոնությամբ և կրակում էին թեկուզ նվազագույն վտանգ ներկայացնող նպատակակետի վրա[16]։
  • Facebook սոցիալական կայքում մինչև 2013 թվականի մայիս գոյություն է ունեցել Social Roulette հավելված, որը մեկին վեց հարաբերությամբ ջնջել է օգտատիրոջ էջը։ Կայքի ադմինիստրացիան փակել է հավելվածը դրա վերաբերյալ բացասական արձագանքների պատճառով[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Русская рулетка». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. «Gusarskaja Ruletka». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. Большой толковый словарь русского языка. — 1-е изд-е: СПб.: Норинт. С. А. Кузнецов. 1998.
  4. Толковый словарь Ефремовой. Т. Ф. Ефремова. 2000.
  5. Fishbain, David A., et al. «Relationship between Russian roulette deaths and risk-taking behavior: a controlled study.» Am J Psychiatry 144.5 (1987): 563—567.
  6. Борис Акунин Азазель.
  7. Dirks, Tim. «The Deer Hunter (1978)». Greatest Films. Retrieved 2010-05-26.
  8. 8,0 8,1 Biskind, Peter (March 2008). «The Vietnam Oscars». Vanity Fair. Retrieved 2010-09-17.
  9. Auster, Albert; Quart, Leonard (2002). «The seventies». American film and society since 1945. Greenwood Publishing Group. pp. 120-1. ISBN 978-0-275-96742-0.
  10. Ebert, Roger (March 9, 1979). «The Deer Hunter» Արխիվացված 2013-01-21 Wayback Machine. Chicago Sun-Times. Retrieved 2010-04-30.
  11. Thomson, David (October 14, 2008). «Have You Seen … ?»: A Personal Introduction to 1,000 Films. New York, NY: Random House. p. 209. ISBN 978-0-307-26461-9.
  12. «Сюжет миссии "Месть"».
  13. Обзор игры «Русская рулетка 2» на сайте ag.ru — 15.05.1999
  14. Премия 1999 года.
  15. «Отчаянные неудачники и их страшно нелепые смерти за последнее 20-летие» (ռուսերեն). 4tololo.ru. 2014 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
  16. Микал Хем Быть диктатором. Практическое руководство = Kanskje Jeg Kan Bli Diktator. — М.: Альпина Паблишер, 2016. — 232 с. — ISBN 978-5-9614-5403-1
  17. «Facebook запретил «русскую рулетку» с аккаунтами пользователей» (ռուսերեն). lenta.ru. 2013 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]