Պրոպերցիա դե Ռոսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոպերցիա դե Ռոսի
Ծնվել է1490[1][2]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ
Մահացել է1530[1][2][3]
Վախճանի վայրըԲոլոնիա, Պապական մարզ
ՔաղաքացիությունLordship of Bologna և  Պապական մարզ
Մասնագիտությունքանդակագործ և արվեստագետ
 Properzia de' Rossi Վիքիպահեստում

Պրոպերցիա դե Ռոսի (իտալ.՝ Properzia de' Rossi, 1490[1][2], Բոլոնիա, Պապական մարզ - 1530[1][2][3], Բոլոնիա, Պապական մարզ), 16-րդ դարի իտալացի կին քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոպերցիան ծնվել է Բոլոնիայում, նոտար Ջովաննի Մարտինո Ռոսի դա Մոդենի ընտանիքում[4]։ Ինչպես վերածննդի դարաշրջանի բոլոր կանայք, Պրոպերցիա դե Ռոսին սովորել է նկարչություն, երաժշտություն, պար, պոեզիա և դասական գրականություն։ Նրա նկարչության ուսուցիչը Մարկանտոնիո Ռայմոնդին էր[5]։ Երկար ժամանակ Պրոպերցիան չէր կարողանում կողմնորոշվել՝ արվեստի որ ուղղությանն առաջնահերթություն տալ։ Այդ ժամանակ նա սկսեց ծիրանի, դեղձի և բալի կորիզների վրա փորագրել փոքրիկ, բայց հնարամիտ մանրանկարներ[4]։ Այդ աշխատանքների հիմնական թեմատիկան կրոնական էր, իսկ առավել հայտնի գործերից մեկը Քրիստոսի խաչելությունն էր, որ փորագրվելէր դեղձի կորիզի վրա։ Չնայած նրա կողմից նկարչությունից քանդակագործությանը անցնելու ստույգ տարեթիվը հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել 16-րդ դարի 20-ական թվականներին, ըստ փաստաթղթերի այդ ժամանակ նա առաջին անգամ մասնակցել է Բոլոնիայի եկեղեցու գլխավոր զոհասեղանի գեղազարդման մրցույթին[4]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղագիտական տաղանդից բացի Պրոպերցիան հայտնի էր իր խելացիությամբ, գեղեցկությամբ և երաժշտական տաղանդի շնորհիվ։ Սակայն, քանի որ Պրոպերցիան ծագումով նկարիչների կամ քանդակագործների ընտանիքից չէր, սա լրացուցիչ արգելք էր ստեղծում նրա համար որպես քանդակագործի (հատկապես մարմարով աշխատող)։ Առավել ևս, որ կին քանդակագործներն այդ ժամանակ հազվադեպ էին հանդիպում, քանի որ այն համարվում էր տղամարդու մասնագիտություն։ Չնայած դրան, դե Ռոսիին հաջողվեց ընդունվել Բոլոնիայի համալսարան և հաջողությամբ ավարտել այն[6]։ Դե Ռոսին այն չորս կանանցից մեկն էր, ում Ջորջո Վազարին ընդգրկեց իր «Հռչակավոր գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կենսագրության մեջ»[7]։

Աշխատանք մարմարով[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեսուն տարեկանում դե Ռոսին սկսեց աշխատել մեծ մասշտաբներով։ Նա հայտնի դարձավ իր մարմարե դիմանկարային կիսանդրիներով, ինչը նրա համար մեծ հեղինակություն ապահովեց։ Չնայած նրան, որ նրա մրցակիցները տղամարդ ճարտարապետներ էին, Պրոպերցիին հաջողվեց 1524 թվականին հաղթել Սան Պետրոնիոյի Բազիլիկի արևմտյան ճակատի զարդարման աշխատանքների կատարման մրցույթում։ Բազիլիկի համար նա ստեղծեց երեք գուշակների և երկու հրեշտակների քանդակներ, ինչպես նաև զույգ հարթաքանդակներ, ներառյալ Հովսեփի և Պոտիֆարի կնոջ հարթաքանդակները։ Ջորջո Վազարին իր «Մադոննա Պրոպերցիա դե Ռոսիի կյանքը» գրքում գրել է, որ Պրոպերցիան «իր կատարած աշխատանքների դիմաց ստանում էր ամենաաղքատիկ վարձատրությունը»։ Դրա մեղավորը, ըստ Վազարիի, եղել է նկարիչ Ամիկո Ասպերտինին, ով փորձել է միջամտել նրա աշխատանքներին[7]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե հռչակվելով մրգային կորիզների վրա իր մեծարվեստ փորագրություններով, հետագայում հաղթելով իր տղամարդ մրցակիցներին Սան Պետրոնոյի բազիլիկայի զարդարման իրավունքի ձեռքբերման գործում, Պրոպերցիան այնուամենայնիվ մահացավ աղքատության մեջ[8]։ Առկա տեղեկությունների համաձայն՝ դե Ռոսին մահացել է Կարլ V-ի թագադրման օրը։ Տեղեկանալով նրա մահվան մասին՝ Կլիմենտ VII–ն ասել է, որ Պրոպերցիան եղել է «ազնիվ և վեհանձն հանճար»[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Enciclopedia delle donne (իտալ.)
  3. 3,0 3,1 3,2 Witcombe C. L. C. E. Rossi, Properzia de’ // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T074046
  4. 4,0 4,1 4,2 Laura M. Ragg The women artists of Bologna /. — London :, [1907]..
  5. Heller, Nancy. Women artists : an illustrated history. — 3rd ed. — New York: Abbeville Press, 1997. — 280 pages с. — ISBN 0789203456
  6. Properzia de Rossi // Database of Women Artists. National Museum of Women in the Arts.
  7. 7,0 7,1 Vasari, Giorgio Life of Madonna Properzia de’ Rossi. — Florence: Torrentino.
  8. Campbell-Johnston, Rachel The women artists painted over by history // News International Trading Limited.
  9. Bluestone, Natalie Harris Double Vision: Perspectives on Gender and the Visual Arts.. — Toronto: Farleigh Dickinson University Press. — С. 43.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոպերցիա դե Ռոսի» հոդվածին։