Նվարսակի պայմանագիր
Նվարսակի պայմանագիր | |
---|---|
Նվարսակի հաշտության և խաղաղության պայմանագիր | |
Պատրաստվել է | 484 թվական |
Ստորագրել են | Վահան Մամիկոնյան (Հայաստան), Նիխոր (Սասանյան Պարսկաստան) |
Կողմեր | Հայաստան
|
Նվարսակի պայմանագիր, խաղաղության և հաշտության պայմանագիր Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև։ 484 թվականին Վահան Մամիկոնյանի և պարսկական արքունիքի ներկայացուցիչ Նիխոր զորավարի միջև Պարսկահայքի Նվարսակ բնակավայրում կնքվել է պայմանագիր, որով վերջ է դրվել 481-484 թվականների ապստամբությանը։ Նվարսակի հաշտությամբ Սասանյան Պարսկաստանը, որին չէր հաջողվել ճնշել Վահան Մամիկոնյանի ուժերի դիմադրությունը, ընդունել է հայկական կողմի պայմանները՝ շնորհելով պարսկական տիրապետության տակ գտնվող Հայաստանի տարածքներին ինքնուրույնություն ներքին կյանքում և առժամանակ հրաժարվելով հայերին դավանափոխ անելու ծրագրերից[1][2]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]482-484 թվականներին հայ ժողովուրդը կրկին ապստամբություն է բարձրացրացնում Սասանյան Պարսկաստանի ու նրա կրոնափոխության քաղաքականության դեմ։ Հայ նախարարները Դվինում կառավարություն են կազմում, մարզպան է նշանակվում Սահակ Բագրատունին, նրան կոչելով «Տանուտեր Հայոց», իսկ սպարապետ է նշանակվում Վահան Մամիկոնյանը։ Նրանց է միանում Վաղարշապատում գտնվող Հովհաննես Մանդակունի կաթողիկոսը։ Առաջին կարևոր գործն է լինում Դվինում զրադաշտական համայնքի վերացումը, որից հետո այն դարձնում են Մեծ Հայքի մայրաքաղաք։ Այստեղ է տեղափոխվում նաև հայոց կաթողիկոսարանը։ Հայերի կողմից փախուստի մատնված Ատրվշնասպ մարզպանը 7000-անոց զորքով կրկին ներխուժում է Հայաստան, բայց հայ ապստամբները Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ 400 հեծյալներով, Մասիս լեռան ստորոտում գտնվող Ակոռի գյուղի մոտ հաղթում են պարսիկներին, իսկ Ատրվշնասպ մարզպանը սպանվում է։ Գարնանը պարսից Պերոզ արքան Հայաստան մեծ բանակ է ուղարկում։ Սպարապետ Վահան Մամիկոնյանը հայկական 30.000 հոգուց կազմված զորքով Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ հաղթանակ է տանում պարսկական բանակի նկատմամբ։ Տիզբոնում պատանդութունից Հայաստան է փախչում Վահան Մամիկոնանի կրտսեր եղբայր Վարդ Մամիկոնյանը։ Հայերը օգնության են դիմում վրաց Վախթանգ թագավորից։ Հայ-վրացական միասնական բանակը զորապետ Միհրանի դեմ կռվում պարտություն է կրում։ Այս ճակատամարտում զոհվում են Սահակ Բագրատունինին, Վասակ Մամիկոնյանը և ուրիշներ։ Վահան Մամիկոնյանը մնացյալ զորքով ամրանում է Տայքում։ Հայաստան եկած Միհրանը հաշտություն է առաջարկում, սակայն նրան շուտով ետ են կանչում Պարսկաստան։ Վահան Մամիկոնյանը զորքով վերադառնում է Այրարատ, գնում Դվին, հռչակվում Հայոց մարզպան և «Տանուտեր Հայոց»։ 483 թվականի գարնանը պարսկական բանակն Ատրպատականից ներխուժում է Հայաստան՝ հասնելով Արտաշատ։ Վահան Մամիկոնյանի զորքը կրկին ապաստանում է Տայքում և Խաղտիքում։ Պարսից բանակը հասնում է Վահանի ետևից, սակայն հեփթաղների հարձակման պատճառով, թողնում են Տայքն ու ուղևորվում Վրաստան՝ Շապուհ զորավարին թողնելով Հայաստանում որպես մարզպան։ Հայերն Արշամունիրք գավառի Երեզ գյուղի մոտ պարտության են մատնում պարսիկներին։ 484 թվականին Միջին Ասիայում հոներն ու հեփթաղները հաղթում են պարսիկներին, որի արդյունքում Պերոզը սպանվում է։ Դրանից հետո Վահան Մամիկոնյան վերադառնում է Այրարատ՝ բարելավելով և հզորացնելով հայկական բանակը։
Պայմանագրի կնքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերոզի մահից հետո Սասանյան Պարսկաստանի առաջնորդն է դառնում նրա եղբայր Վաղարշը, որը 484 թվականին դեսպանություն է ուղարկում Դվին։ Նա ցանկացնում էր բարեկամության և խաղաղության պայմանագիր կնքել հայերի հետ։ Վահան Մամիկոնյանն ու Հայաստանի ավագանին ընդունում են այդ առաջարկը և 484 թվականին սահմանամերձ Նվարսակ գյուղում կնքվում է հայ-պարսկական հաշտության պայմանագիրը, որը Հայաստանի կողմից ստորագրում է Վահան Մամիկոնյանը, իսկ պարսկական կողմից՝ հրամանատար Նիխորը։
Նվարսակի պայմանագրով քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվում է պաշտոնական կրոն, երկրի կառավարումը հանձնվում է հայ տոհմի ավագանուն, պետական պաշտոններում նախարարական տների առաջնորդների նշանակումը պետք է կատարվեր նախարարների ժառանգական իրավունքների համաձայն, այլ ոչ թե Սասանյանների հայեցողությամբ։
Պայմանագրի արդյունքում 485 թվականին Վաղարշ արքայից արքան Վահան Մամիկոնյանին ճանաչում է որպես Հայաստանի գերագույն կառավարիչ։ Հայաստանը դառնում է կիսանկախ երկիր, որն ուներ իր ինքնավարությունը։ Ձախողվում են Հայաստանը Պարսկաստանի վարչական մարզ դարձնելու, հայերին կրոնափոխելու բոլոր փորձերը։ Հայաստանը պահպանում է նաև իր տնտեսական ու մշակութային զարգացման հնարավորությունները։
։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։
- Վերացնել կրոնափոխության հարկադրանքը, քանդել Հայաստանում կառուցված կրակատները և դժվարություններ չստեղծել հայկական եկեղեցու գործունեության համար։
- Սասանյան Պարսկաստանի թագավորի և հայերի միջև այսուհետ միջնորդներ չպետք է լինեին։
- Չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ երկերեսանի, բախտախնդիր անձանց ամբաստանություններին, ունկնդրել ուղղամիտ մարդկանց խորհուրդները։
- Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել Պարսկաստան՝ գահի հավակնորդ Զարեհի դեմ։ Հայոց հեծելագունդը վճռական դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության մատնելով ու սպանելով Զարեհին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նվարսակի պայմանագրի մասին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կայքում(չաշխատող հղում)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թ.Խ. Հակոբյան, Հայ ժողովրդի պատմության հիշարժան վայրերը, Երևան, 1990։