Նոր Շոտլանդիա (թերակղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր Շոտլանդիա (այլ կիրառումներ)
Նոր Շոտլանդիա
Տեսակթերակղզի
Երկիր Կանադա
ՎարչատարածքՆոր Շոտլանդիա
Ջրլիցի ափինՖանդի
Քարտեզ
Քարտեզ

Նոր Շոտլանդիա (անգլ.՝ Nova Scotia peninsula), թերակղզի Կանադայի հարավ-արևելքում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Շոտլանդիա. ավիատիեզերական պատկեր

Նոր Շոտլանդիա թերակղզու տարածքում է գտնվում Կանադայի համանուն նահանգի մեծ մասը։ Թերակղզու երկարությունը մոտ 430 կմ է, լայնությունը՝ 130 կմ[1]։ Արևելքում Կանսոյի նեղ նեղուցը բաժանում է այն Քեյփ Բրետոն խոշոր կղզուց, հյուսիսում Նորթամբերլենդ նեղուցը՝ Էդուարդ արքայազնի կղզուց։ Հարավում և հարավ-արևելքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով, արևմուտքում՝ Մեն ծոցի ջրերով, հյուսիս-արևմուտքում՝ Ֆանդի ծոցի ջրերով։ Թերակղզին կապված է մայրցամաքի հետ (Նյու Բրանսուիկի նահանգ) հյուսիս-արևմուտքում միայն Շիգնեկտոյի նեղ պարանոցով։

Հարավում և հարավ-արևելքում թերակղզու ափերը խիստ կտրտված են և խորը ծոցերով, ֆիարդաներով[2] և ծովախորշերով։ Ծոցերն են՝ Ֆանդի, Մայնաս, Շիգնեկտո, Սենտ Ջորջ, Քանթրի (Country Harbour), Ինդիան (Indian Harbour), Մուսկուոդոբոյտ (Musquodoboit Harbour): Ծովախորշերն են՝ Աննապոլիս, Շեդաբակտո, Մարգարեթս (Margarets Bay), Մահոուն (Mahone Bay), Մեդուեյ (Medway Bay), Ջորդան (Jordan Bay), Սենտ Մերիս, Քոբեկուիդ (Cobequid Bay): Ջրափնյա գծի ընդհանուր երկարությունը 7579 կմ է։ Ափամերձ ջրերում սփռված են 3809 փոքր կղզիներ[3]։

Գետերն են՝ Աննապոլիս, Մերսեյ (Mersey River) և Մեդուեյ (Medway River), Բիվեր, Մուս, Շուբենակադի (Shubenacadie River), ինչպես նաև մի քանի հազար փոքր գետակներ և առվակներ։ Ամենամեծ լճերն են՝ Ռոսինյոլ, Կեջիմկուջիկ, Պարադայզ (Paradise Lake), Մալգրեյվ (Mulgrave Lake). Առավել նշանակալից քաղաքներն են Հալիֆաքսը և Դարտմուտը։ Թերակղզու ծայրակետերն են հյուսիս-արևելքում Ջորջ հրվանդանը, արևելքում՝ Կանսոյի հրվանդանը, հարավում՝ Բակկարո հրվանդանը։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերակղզին կազմված է պալեոզոյան դարաշրջանի ժայռերից՝ գրանիտներից, ավազաքարերից, գնեյսներից[4]։ Հիմնական օգտակար հանածոներն են՝ քարածուխը, հալիտը, բարիտները, գիպսը։ Հանվում են նաև ավազ ու մանրախիճ[5]։ Շելֆում (Սեյբլ կղզու մոտ) հայտնաբերվել են նավթի ու գազի հանքավայրեր։

Կլիմա և ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մեղմ է (չափավոր և խոնավ). մեկ տարվա ընթացքում լինում են մինչև 1200 մմ տեղումներ, բայց թերակղզին պարբերաբար զգում է արևելյան ուժեղ քամիների և փոթորիկների ազդեցությունը։ Թերակղզու մակերեսը հարթավայրային է՝ մինչև 275 մետր բարձրության առանձին լեռնաշղթաներով, ծածկված փշատերև և լայնատերև անտառներով։

Բնության պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերակղզու տարածքում է գտնվում Կեջիմկուջիկ ազգային պարկը և մի քանի նահանգային պարկեր՝ Քեյփ Չիգնեկտո, Արիսաիգ (անգլ.՝ Arisaig Provincial Park), Բեյֆիլդ Բիչ (անգլ.՝ Bayfield Beach Provincial Park), Բիվեր Մաունթին (անգլ.՝ Beaver Mountain Provincial Park), Պոմկետ Բիչ (անգլ.՝ Pomquet Beach Provincial Park), Քեյփ Շիգնեկտո։ Բնական արգելոցներն են Տոբեատիկը, Մակգիլ Լեյքը, Կլոդ Լեյքը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նոր Շոտլանդիա Արխիվացված 2019-05-14 Wayback Machine // Ռուսական մեծ հանրագիտարան։ Էլեկտրոնային տարբերակ (2017), Դիմումի ամսաթիվը՝ 19.10.2019
  2. Большой словарь океанографических терминов и понятий. БЕРЕГ ФИАРДОВЫЙ
  3. «The Canadian Encyclopedia. Nova Scotia». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.
  4. Նոր Շոտլանդիա (թերակղզի) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978. // Никко — Отолиты. — М. : Советская энциклопедия, 1974. — С. 54. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 18).
  5. Encyclopedia Canadiana, Grolier of Canada Limited, Toronto Ottawa Montreal, 1967, Volume 7, p. 393