Jump to content

Նիկոլայ Դրուժինին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Դրուժինին
Ծնվել էհունվարի 1 (13), 1886
Կուրսկ
Մահացել էօգոստոսի 8, 1986(1986-08-08) (100 տարեկան)
Մոսկվա
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ՄասնագիտությունՊատմաբան, ակադեմիկոս, հասարակական-քաղաքական գործիչ։
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան և ՌԳԱ ռուսական պատմության ինստիտուտ
Գործունեության ոլորտպատմություն[1], Ռուսաստանի պատմություն, սոցիալական պատմություն[1], տնտեսական պատմություն[1] և Քաղաքական պատմություն[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Գիտական ղեկավարRobert Wipper? և Mikhail Bogoslovsky?
Հայտնի աշակերտներՆինա Կինյապինա
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Լենինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ

Նիկոլայ Դրուժինին (հունվարի 1 (13), 1886, Կուրսկ, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 8, 1986(1986-08-08), Մոսկվա, ԽՍՀՄ), պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, ակադեմիկոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Միխայլովիչ Դրուժինինը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին (նոր տոմարով 13-ին) Կուրսկ քաղաքում։ Մոսկվայի 5-րդ գիմնազիան ավարտելուց հետո 1904 թվականին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։

1905 թվականի փետրվարին Դրուժինինը բռնվել է Ի. Ֆ. Արմանդի բնակարանում՝ անլեգալ գրականության գրքերի ցուցակ տանելիս, բանտարկվել Բուտիրյան, ապա Տագանյան բանտերում ու աքսորվել Սարատով։ Այստեղ նա կապ է հաստատել ՌՍԴԲԿ Սարատովի կոմիտեի հետ և մասնակցել կազմակերպչական ու ագիտացիոն աշխատանքներին՝ բրոշյուրներ ու թռուցիկներ տարածելով բանվորների և նորակոչիկների շրջանում։ Սարատովում Դրուժինինը նորից բանտարկվել է և ազատվել ցարական մանիֆեստի հրապարակումից հետո։ Այնուհետև վերադարձել է Մոսկվա՝ ուսումը և կուսակցական աշխատանքը շարունակելու։ 1911 թվականին Դրուժինինը ավարտել է համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, շարունակել ուսումը պատմաբանասիրական ֆակուլտետում։

Փետրվարյան հեղափոխության օրերին Դրուժինինն ընտրվել է գնդի կոմիտեի նախագահ, ապա և բանվորների ու զինվորների Մարիուպոլի սովետի գործադիր կոմիտեի անդամ և նորաստեղծ քաղաքային վարչության նախագահի տեղակալ, իսկ օգոստոսին նշանակվել է կոոնիլովցիների դեմ ուղարկվելիք ռազմական զորամասի հրամանատար։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո Մարիուպոլում ստեղծվում է «Հեղափոխական կազմակերպությունների քաղաքական կենտրոն», որի նախագահի տեղակալ է ընտրվում Նիկոլայ Դրուժինինը։

1918 թվականին վերադարձել է Մոսկվա, ավարտել ընդհատված պետական քննություններն ու պրոֆեսոր Մ. Մ. Բոգոսլովսկու առաջարկությամբ մնացել համալսարանում՝ պրոֆեսորի պաշտոնի համար նախապատրաստվելու և առաջին հերթին մագիստրոսի կոչում ստանալու համար։ Սակայն քաղաքացիական կռիվների սաստկացումը 1919 թվականի ամռանը և Դենիկինի հարձակումը պատճառ դարձան նոր զորահավաքի և Դրուժինինը նորից նվիրվել է ռազմաքաղաքական աշխատանքի։

1920-ական թվականներին Դրուժինինը դասախոսում է Կոստրոմայի համալսարանում։

1938 թվականին Դրուժինինը հրավիրվել է ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտ՝ մշտական աշխատանքի։ Այնտեղ նա մսանակցել է ԽՍՀՄ պատմությանը նվիրված նոր աշխատությունների ստեղծման գործին և միաժամանակ մշակել իր դոկտորական դիսերտացիան։

1946 թվականին Դրուժինինն ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ և արժանացել ԽՍՀՄ պետական մրցանակի։ Իսկ 1953 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամ։

Գիտական հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս ուսումնառության տարիներին արտահայտվել են ապագա գիտնականի հետաքրքրությունների ուղղությունները՝ հեղափոխական շարժումների և ապա գյուղացիական պատմությունը։ Այդ են վկայում նրա առաջին ռեֆերատների թեմաները՝ «Հյուսիսային ընկերությունն ու Նիկիտա Մուրավյովի կոնստիտուցիան», «Պ. Դ. Կիսելյովը և նրա 1837—1838 թթ. ռեֆորմը»՝ պրոբլեմներ, որոնց հետագա ընդլայնումն ու խորացումը հնարավոր դարձրին մեծարժեք մենագրությունների ստեղծումն ու հրապարակումը։

Դեկաբրիստական շարժման վերաբերյալ ուսումնասիրությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին «Беднота» թերթում տպագրվել է Դրուժինինի «Ովքեր էին դեկաբրիստները» հոդվածը, քաղաքական աքսորյալների կազմակերպության հրատարակությամբ լույս է տեսել «Ովքեր էին դեկաբրիստները և ինչի համար էին պայքարում նրանք» աշխատանքը։ Դրանց հետևում են «Տրուբեցկոյը որպես հուշագիր», «Տաժանակրություն և աքսոր» գործերը, գրախոսականներ «Դեկաբրիստները», ապա և «Դեկաբրիստները և նրանց ժամանակը» ժողովածուների մասին և վերջապես, 1928 թվականին «Նիկիտա Մուրավյովի կոնստիտուցիան» ուսումնասիրությունը, որը 1929 թվականին ներկայացրել է որպես թեկնածուական դիսերտացիա։ Բայց այդ աշխատությունով ոչ թե ավարտվել, այլ սկսվել է անհատ դեկաբրիստների կյանքի ու գործունեության, ապա և ողջ շարժման համակողմանի ուսումնասիրությունը, որը հնարավոր է դարձնում ներկայացնել այդ շարժման ընդարձակ ու խոր արմատները, սոցիալական էությունը։ 1933 թվականի հրատարակվել է «Դեկաբրիստ Նիկիտա Մուրավյովը» գիրքը։

Ռուս գյուղացիության վերաբերյալ ուսումնասիրություններն ու աշխատությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին Դրուժինինը պաշտպանել է իր դոկտորական դիսերտացիան՝ «Պետական գյուղացիները և Պ. Դ. Կիսելյովի ռեֆորմը» թեմայով, որում ցույց է տվել ռուս գյուղացիների տնտեսական և իրավական վիճակը։

Նիկոլայ Միխայլովիչը աշխատել է ակադեմիայի պատմության ինստիտուտում՝ մասնակցելով այնպիսի գործերի ստեղծմանը (և՛ որպես հեղինակ, և՛ որպես խմբագրական կոլեգիայի անդամ ու խմբագիր), ինչպիսիք են՝ «Մոսկվայի պատմությունը» (6 հատոր), «ԽՍՀՄ պատմության ակնարկները», «ԽՍՀՄ պատմությունը», «Ռուսական կուլտուրայի պատմությունը», «Վավերագրեր. ԽՍՀՄ գյուղացիական շարժումները Ռուսաստանում XIX դարում և XX դարի սկզբում», ժողովածու, որը բազմակողմանիորեն բացահայտում է թե՛ գյուղի սոցիալ-տնտեսական ու քաղաքական վիճակը և թե՛ դասակարգային պայքարի պատմության փուլերը տվյալ պատմական ժամանակաշրջանում։

1978 թվականին հրապարակվել է նրա մենագրությունը՝ «Ռուսական գյուղը 1861—1880 թվականների բեկման ժամանակաշրջանում»։ Այդ գրքում տրված է երկրի գյուղացիական տնտեսության, արտադրողական ուժերի զարգացման, ապրանքադրամային հարաբերությունների ծավալման, գյուղացիության քայքայման պրոցեսների խոր ու բազմակողմանի վերլուծությունը, դասակարգային պայքարի ձևերի փոփոխման և բանվոր դասակարգի ու գյուղացիության դաշինքի ստեղծման նախապայմանների ձևավորումը։

«Ռուսական գյուղը 1861—1880 թվականների բեկման ժամանակաշրջանում» մենագրության համար ակադեմիկոս Ն. Դրուժինինը արժանացել է լենինյան մրցանակի։

Ինքնակենսագրական գիրքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրուժինինի ինքնակենսագրական գիրքն է «Պատմաբանի հուշեր և մտորումներ», որն ունեցել է մի քանի հրատարակումներ՝ ռուսերեն և օտար լեզուներով։

  • Վ. Կ. Ոսկանյան «ակադեմիկոս Ն. Մ. Դրուժինին» (Ծննդյան 100-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես №1, 1986, էջ 28-34

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 Дружинин Николай Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.