Ավարտել է Փարիզի համալսարանի բանասիրական և իրավաբանական ֆակուլտետները։ «Նոր վեպ» գրական ուղղության ներկայացուցիչներից։ «Անծանոթի դիմանկարը» (1948), «Մարտըրո» (1953), «Պլանետարիում» (1959), «Ոսկե պտուղներ» (1963), «Կյանքի և մահվան միջև» (1968) վեպերին բնորոշ է գործող անձանց անդադար փոփոխվող հոգեվիճակի մանրամասն նկարագրությունը։ Հեղինակը գեղարվեստական խոսքի է վերածում հոգու անորսալի, մշուշոտ «շարժումներ», որոնք, սակայն, չեն ենթարկվում տրամաբանական իմաստավորման և չեն առնչվում սոցիալ-պատմական արտաքին պայմանների հետ։ Կերպարները չունեն իրենց անհատականությունը, երբեմն նույնիսկ իրենց անունը։ Գեղագիտական հայացքները շարադրել է «Կասկածների դարաշրջանը» (1956) տեսական հոդվածների ժողովածույում, պահանջելով հրաժարվել ռեալիզմի ավանդույթներից՝ հօգուտ «մաքուր հոգեբանականի»։ Հակառակ Մ-ի առաջ քաշած դրույթների, նրա վեպերը (մանավանդ «Դուք լսու՞մ եք նրանց», 1972) վերարտադրում են ֆրանսիական բուրժուազիայի մտավորականության միստիֆիկացված գիտակցությունը, պատկերացում են տալիս ժամանակակից Արևմտյան Եվրոպայի հոգևոր ճգնաժամի մասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 190)։