10-70 սմ բարձրությամբ, թունավոր միամյա խոտաբույս է։ Հաճախ պարզ խոզաններով կամ երկար գեղձային մազիկներով ծածկված կողավոր ցողունը ուղիղ է։ Ձվաձև-ռոմբաձև, սրածայր, ամբողջաեզր տերևները կոթունավոր են։ Կիսահովանոցներում հավաքված, փոքր բաժակով, կարճ խողովակ ունեցող սպիտակ պսակով, հինգ առէջներով, հնգանդամ ծաղիկները համեմատաբար փոքր են։ Երկբույն, բազմասերմ, գնդաձև, սև հատապտուղները երբեմն կանաչ են[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են երիտասարդ տերևներով ընձյուղները և պտուղները։ Որպես խորխաբեր և միզամուղ միջոց կիրառում են ծաղիկների թուրմը։ Թարմ տերևներն ու պտուղները խառնած բուսական յուղի հետ դնում են թարախային վերքերի վրա[1]։