Jump to content

Հրուշակային պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրուշակային պատերազմ
Թվական1838 թվականի նոյեմբերի 27 - 1839 թվականի մարտի 9
ՎայրՄեքսիկա
Կոչվել է
(անունով)
թխվածք
ԱրդյունքՖրանսիայի հաղթանակ
  • Մեքսիկայի կառավարությունը պարտավորվեց որպես փոխհատուցում վճարել 600,000 պեսո
Հակառակորդներ
Ֆրանսիա ՖրանսիաՄեքսիկա Մեքսիկա
Հրամանատարներ
Շառլ ԲոդենԱնտոնիո Լոպես դե Սանտա Աննա
Գուադալուպե Վիկտորյա
Մարիանո Արիստա
Կողմերի ուժեր
30003239
Ռազմական կորուստներ
32 զոհ
60 վիրավոր
95 զոհ
129 վիրավոր
Ընդհանուր կորուստներ
1860-ական թվականների հակամարտության մասին տե՛ս ֆրանս-մեքսիկական պատերազմը

Հրուշակային պատերազմ (իսպ.՝ Guerra de los pasteles, նաև «Ֆրանսիական առաջին ներխուժումը Մեքսիկա»), 1838 թվականին ֆրանսիական զորքերի ներխուժումը Մեքսիկա։

1838 թվականին ֆրանսիացի հրուշակագործ Ռեմոնտելը՝ պնդելով, որ Մեխիկոյում գտնվող իր խանութն ավերվել է 1828 թվականին՝ մեքսիկացի թալանիչ սպաների անկարգությունների ժամանակ, պաշտպանության խնդրանքով դիմեց Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպին։ Պաշտպանելով իր քաղաքացուն՝ Ֆրանսիան 600 հազար պեսո պահանջեց որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Այդ գումարը չափազանց մեծ էր՝ ի համեմատ միջին աշխատողի օրական եկամուտի, որը մոտ մեկ պեսո էր։ Ի լրումն այս ամենի՝ Մեքսիկան հայտարարեց միլիոնավոր դոլարների հասնող ֆրանսիական վարկերի պարտավորություններից հրաժարվելու մասին։

Ֆրանսիան պահանջեց վերադարձնել պարտքերը։ Այն բանից հետո, երբ վճարումը չստացվեց, թագավորը Շառլ Բոդենի հրամանատարությամբ նավատորմ ուղարկեց՝ մեքսիկական բոլոր՝ Յուկատանից մինչև Ռիո Գրանդե, նավահանգիստները շրջափակելու, մեքսիկական Սան Խուան դե Ուլուա ամրոցը ռմբակոծելու և Վերակրուս նավահանգիստը գրավելու համար։ Գրեթե ամբողջ մեքսիկական նավատորմը Վերակրուսում գրավվեց մինչ 1838 թվականի դեկտեմբեր։ Մեքսիկան պատերազմ հայտարարեց Ֆրանսիային։

Առևտրական ուղիներից կտրված մեքսիկացիները ներմուծում կատարում էին Տեխասում՝ Կորպուս Քրիստիում, ապա Մեքսիկայում։ Դրա արդյունքում էլ Ֆրանսիան արգելափակեց տեխասյան նավահանգիստները, իսկ Տեխաս Հանրապետության գումարտակը ձեռնամուխ եղավ Կորպուս Քրիստի ծոցի պարեկմանը, որպեսզի խոչընդոտի մեքսիկացի մաքսանենգերի գործունեությանը։ Միացյալ Նահանգները ֆրանսիացիներին օգնության ուղարկեցին «Վուդբերի» երկկայմ առագաստանավը։ Տեխասցիների հետ բանակցություններից հետո Ֆրանսիան խոստացավ չներխուժել Տեխասի հանրապետության տարածք կամ ջրային տարածք։

Մեծ Բրիտանիայի դիվանագիտական միջամտության արդյունքում նախագահ Բուստամանտեն ի վերջո համաձայնեց վճարել պարտքը, և 1839 թվականի մարտի 9-ին ֆրանսիացիները հետ կանչեցին իր ուժերը։

Գեներալ Սանտա Աննայի մասնակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկական կառավարությունը Անտոնիո Լոպես դե Սանտա Աննային վստահեց բանակի հրամանատարությունը և հրամայեց նրան պաշտպանել ազգը ցանկացած եղանակով։ Վերակրուսի մոտ ֆրանսիական արիեգարդի հետ բախման ժամանակ Սանտա Աննան մանրագնդակից վիրավորվեց ձեռքից և ոտքից։ Նրա կոճը կոտրվել էր, և ոտքի մի մասը ստիպված էին հեռացնել։ Նա անդամահատված վերջույթը թաղեց զինվորական պատիվներով[1]։ Այս փաստն իր Նոբելյան դասախոսություններում հիշատակել է Գաբրիել Գարսիա Մարկեսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Santa Anna's Leg", The Orange Leader (Orange, Texas) Արխիվացված 2013-11-04 Wayback Machine

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Nofi A. A. The Alamo and the Texas War for Independence — Da Capo Press — ISBN 0-306-80563-4
  • Warner M. S. Consise Encyclopedia of Mexico — Fitzroy Dearborn.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրուշակային պատերազմ» հոդվածին։