Հոկտեմբերյան համառուսաստանյան գործադուլ (1905)
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Հոկտեմբերյան համընդհանուր ( քաղաքական գործադուլ (ռուս.՝ Октябрьская всеобщая (всероссийская) политическая стачка) քաղաքական, համընդհանուր գործադուլ Ռուսաստանում, 1905-1907 թվականների հեղափոխության ժամանակաշրջանում։
Հոկտեմբերի 10-ին գործադուլ հայտարարեցին Մոսկվայից սկիզբ առնող բոլոր հիմնական մայրուղիների երկաթուղայինները։ Նույն օրը բոլշևիկների Մոսկվայի համաքաղաքային կուսակցական կոնֆերանսը որոշում ընդունեց հոկտեմբերի 11-ից հայտարարել ընդհանուր քաղաքային գործադուլ։ Մոսկվայից հետո գործադուլ սկսվեց Պետերբուրգում և Ռուսաստանի խոշոր արդյունաբերական այլ քաղաքներում, աշխատանքը դադարեցրին ֆաբրիկաները, գործարանները, տրանսպորտը, փոստը, հեռագրատները, հիմնարկությունները, խանութները, ուսուսումնական հաստատությունները։ Գործադուլավորների թիվը հասավ 2 միլիոն մարդու։ Գործադուլն ընթանում էր ինքնակալությունը տապալելու, Բուլիգինյան դուման ակտիվորեն բոյկոտելու, Սահմանադիր ժողով հրավիրելու և դեմոկրատական հանրապետություն հաստատելու լոզունգներով։ Բանվոր դասակարգը քաղաքական գործադուլի մեջ հանդես եկավ որպես ամբողջ ժողովրդի առաջավոր դասակարգ, որպես ժողովրդական շարժման ղեկավար։ Գործադուլի ընթացքում Պետերբուրգում, Եկատերինոսլավում, Կիևում և այլուր ստեղծվեցին բանվորների դեպուտատների սովետներ, հիմնվեցին արհմիություններ (Մոսկվայում, Պետերբուրգում, Յարոսլավլում, Խարկովում, Թիֆլիսում, Ռիգայում, Վիլնյուսում)։ Ռուսաստանի ցարական կառավարությունը փորձեց հալածանքների միջոցով ճնշել Հոկտեմբերյան համառուսաստանյան գործադուլը։ Երկրում ստեղծված դրության մասին Վլադիմիր Լենինը պնդում էր․ «Ցարիզմն արդեն անզոր է, հեղափոխությունը դեռևս անզոր է հաղթելու»։
Այդպիսի իրադրության մեջ հոկտեմբերի 17-ին երևան եկավ ցարական մանիֆեստը, որով ցար Նիկոլայ II-ը ժողովրդին շնորհում էր խոսքի, ժողովների և միությունների ազատություն, անձի անձեռնմխելիություն։ Բոլշևիկները դեմ արտահայտվեցին ցարական դեկրետներին և զանգվածներին կոչ արեցին շարունակել պայքարը «մինչև վերջ»։ Մոսկվայում գործադուլը շարունակվեց մինչև հոկտեմբերի 22-ը և դադարեց ՌԱԴԲԿ Մոսկվայի համաքաղաքային կուսակցական կոնֆերանսի որոշմամբ, որը կոչ արեց պատրաստվել նոր ելույթի ինքնակալության դեմ։ Ինքնակալությունն անցավ վճռական հարձակման։ Ամբողջ երկրով մեկ ծավալվեցին հալածանքներն ու ջարդերը։ 1905 թվականի հոկտեմբերի 14-ին ՌԱԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի ղեկավարությամբ Անդրկովկասի երկաթուղային բանվորները միացան համառուսաստանյան քաղաքական գործադուլին։
Գործադուլներ եղան Թիֆլիսում, Բաքվում Բաթումում, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), Երևանում և այլ քաղաքներում։ Տեղի բոլշևիկյան կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին գործադուլ հայտարարեցին Սանահին կայարանի և դեպոյի բանվորները, որոնց միացան Ախթալա, Այրում, Հաղպատ, Քոլագերան և Շահալի կայարանների բանվորներն ու ծառայողները։ Հեղափոխական ելույթները մարտական բնույթ ստացան Ալեքսանդրապոլում, Կարսում։ Հայաստանում հեղափոխական շարժումն առավել զանգվածային դարձավ 1905 թվականի հոկտեմբերի վերջին նոյեմբերին։ Հոկտեմբերյան համառուսաստանյան գործադուլը Դեկտեմբերյան զինված ապստամբությունների նախերգանքը եղավ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 516)։ |