Հակաօդային պաշտպանություն
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Հակաօդային պաշտպանություն (ՀՕՊ), պաշտպանության միջոցառումների համախումբ հակառակորդի օդային հարձակումը կասեցնելու համար։
Տարբերում են ՀՕՊ-ի հետևյալ տեսակները՝
Երկրի ՀՕՊ ԱՍՀՄ-ում համապետական միջոցառումների և ՀՕՊ-ի զորքերի մարտական գործողությունների համախումբ է, որն ապահովում է բնակչության, կարևորագույն շրջանների, վարչական-քաղաքական և արդյունաբերական-տնտեսական կենտրոնների, կարևոր ռազմատնտեսական օբյեկտների և զինված ուժերի խմբավորումների պաշտպանությունը հակառակորդի օդային ուժերի հարձակումից։ Իրագործում են երկրի ՀՕՊ-ի զորքերը՝ համագործակցելով այլ զորատեսակների և Վարշավայի պայմանագրի մասնակից երկրների ՀՕՊ-ի զորքերի հետ։ ԱՄՆ-ում և մյուս խոշոր երկրներում երկրի ՀՕՊ-ի գործը կատարում են ռազմաօդային ուժերը։
Զորքի ՀՕՊ հակառակորդի օդային հարձակումները կասեցնելու մարտական գործողությունների, ինչպես նաև հետախուզելու, զորքին տեղեկացնելու, տարակենտրոնացնելու, քողարկելու և պատսպարելու միջոցառումների համախումբ է, որն իրագործում են ցամաքային ՀՕՊ-ի զորքերը՝ համագործակցելով երկրի ՀՕՊ-ի զորքերի հետ։
Նավատորմի ՀՕՊ իրագործում են ՀՕՊ-ի նավային միջոցները՝ համագործակցելով երկրի ՀՕՊ-ի զորքերի հետ։ ՀՕՊ-ի զարգացումը, պայքարի միջոցներն ու հնարավորությունները ուղղակիորեն կախված են թշնամու թռչող ապարատների զարգացման մակարդակից։
ՀՕՊ-ի կազմավորումը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակաօդային պաշտպանությունը Հայաստանում կազմավորվել է անկախության ձեռքբերումից հետո։ 1992 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել ՀՕՊ վարչություն ստեղծելու մասին։ Վարչության ստեղծումից հետո այն սկսեց համալրվել սպայական և ենթասպայական կազմով։ Բացի այդ իրականացվեց նաև նախկին հակաօդային պաշտպանության զորքերում ծառայած պահեստայինների զորակոչը, որի ժամանակ զորակոցվեց 400 սպա և ենթասպա[1]։
ՀՕՊ-ը Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի կայսերական ռազմաօդային ուժերի Անգլիայի վրա հարձակման սկզբին ամբողջ երկրում առկա էր ընդամենը 33 հակաօդային զինատեսակ։
Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում ՀՕՊ զորքի և նավատորմի մարտական գործողություններն ապահովող միջոցներից էր և մինչև 50-ական թվականների կեսերը հակաինքնաթիռային պաշտպանության բնույթ էր կրում։ Այնուհետև սկսվեց ՀՕՊ-ի զարգացման նոր փուլ՝ երբ մի շարք երկրների բանակներ սկսեցին զինվել միջուկային զենքով, բալիստիկ և թևավոր հրթիռներով, ռեակտիվ ավիացիայով, ռադիոէլեկտրոնային տեխնիկայով։ Դրա հետ կապված անսահմանափակ մեծացան ռազմական ուժերի՝ միջուկային և սովորական զենքով հանկարծակի օդային հարված հասցնելու հնարավորությունները։ Ուստի, ՀՕՊ-ի դերն ու նշանակությունը կտրուկ մեծացավ։ Սկսվեց ՀՕՊ-ի կազմակերպման և վարման նոր միջոցների, ձևերի ու եղանակների մշակումը։ Հակաինքնաթիռային պաշտպանության հիմնական միջոցներն են զենիթային հրթիռային համալիրները, զենիթային հրետանին, կործանիչ ավիացիան, ռադիոէլեկտրոնային պաշտպանության և ռադիոտեխնիկական միջոցները, որոնք կարող են կասեցնել ինքնաթիռների, անօդաչու ապարատների, թևավոր հրթիռների և այլ թռչող ապարատների հարձակումները։
Հակահրթիռային պաշտպանության հիմնական միջոցներն են որսացող–ոչնչացնող հրթիռները, ռադիոլոկացիոն կայաններն ու ռադիոէլեկտրոնային պաշտպանության միջոցները, որոնց նպատակն է հակառակորդի բալիստիկ հրթիռներն իրենց թռիչքի հետագծի վրա որսալն ու ոչնչացնելը և դրանց նշանառությունը ճշգրտող համակարգերին ու միջոցներին ռադիոտեխնիկապես խանգարելը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
20-մմ տրամաչափի FlakVierling 38 զենիթային գնդացիր
-
Գերմանական հակաօդային պաշտպանության Flak զինատեսակը, որը կիրառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գտնվում է Բեռլինի պատմության թանգարանում։
-
Գերմանական ՀՕՊ 20-մմ տրամաչափի զինատեսակ
-
Զենիթային լուսարձակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 64)։ |