Jump to content

Կարմիր Վարդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարմիր Վարդան
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունզորավար
Ծնողներհայր՝ Վասակ Մամիկոնյան[2][3][1]

Վարդան Մամիկոնյան Փոքր (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), հայ զորավար, 571-572 թվականների ազատագրական շարժման առաջնորդ։ Վարդան Մամիկոնյանի թոռը, Վասակի որդին։ Վարելով հայկական զորքերի հրամանատարությունը, Վարդան Մամիկոնյանը հակադրվել է Մարզպանական Հայաստանում պարսից Սասանյան արքունիքի վարած հայ ավատատերերի իրավունքների ոտնահարման, հարկերի ծանրացման և բռնի կրոնափոխման քաղաքականությանը (պարսիկ մարզպան Սուրենը սաստկացրել է հայերի հալածանքները, նենգորեն սպանել Վարդան Մամիկոնյանի եղբայր Մանվելին, Դվինում հիմնել ատրուշաններ և այլն)։

Իր շուրջ համախմբելով հայրենասեր ուժերին (մոտ 20 հազար մարտիկ), Հայոց կաթողիկոս Հովհաննես Բ Գաբեղենեցու աջակցությավբ Վարդան Մամիկոնյանը գումարել է նախարարների գաղտնի խորհրդակցություն, որը որոշել է զինված պայքար մղել պարսկական տիրողների դեմ և օգնություն խնդրել Բյուզանդական կայսրությունից։ Հուստինիանոս 2-րդ կայսրը (565—578) Հայաստանի բյուզանդական մասի զինվորական հրամանատարին հանձնարարել է ռազմական օգնություն ցույց տալ հայերին։ Վարդան Մամիկոնյանին հաջողվել է պարսից դեմ ռազմական դաշինք կնքել նաև եգերացիների, աբխազների, ալանների, վրացիների և աղվանների հետ։ Սուրեն մարզպանը լրացուցիչ ուժեր (15 հազար զինվոր) կենտրոնացնելով Դվինում, փորձել է ճնշել ապստամբությունը։

Դվին

Սակայն 571 թվականի վաղ գարնանը Վարդան Մամիկոնյանը հանկարծակի գրոհով գրավել է Դվինը և գլխովին ջախջախել անկազմակերպ փախուստի դիմած թշնամուն։ Մարտում սպանվել է նաև Սուրեն մարզպանը (ըստ Անանիա Շիրակացու՝ Զորակ Կամսարականի ձեռքով)։ Պարսից արքա Խոսրով 1-ին Անուշիրվանը Հայաստան է ուղարկել նոր զորաբանակ (ավելի քան 20 հազար զինվոր, մարտական փղեր են)՝ Վահրամ Միհրևանդակի հրամանատարությամբ։ Խաւղամախու դաշտում տեղի ունեցած ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը հմուտ ռազմավարությամբ ջախջախել է թշնամուն։ Հայաստանը, Վիրքը և Աղվանքը թոթափել են պարսկական տիրապետությունը և անցել Բյուզանդիայի հովանավորության ներքո։ Այդ պատճառով 572 թվականին Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև սկսվել է պատերազմ, որը փոփոխակի հաջողություններով տևել է շուրջ 20 տարի։

Վարդան Մամիկոնյանը, որը նախարարների անմիաբանությունից դժգոհ 572 թվականին իր զինակիցների հետ մեկնել էր Կոստանդնուպոլիս և ծառայության մտել բյուզանդական բանակում, նույն թվականին վերադարձել է հայրենիք և չորս տարի կռիվներ մղել պարսկական նվաճողների դեմ։ Վարդան Մամիկոնյանի հետագա գործունեության ու ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Նրա ռազմական տաղանդի ու քաջության մասին մեծ գովեստով են խոսում ինչպես ժամանակակից պատմիչներ Հովհաննես Եփեսացին ու Եվագրոսը, այնպես էլ հետագա պատմիչներ Մենանդրոսը, Թեոփիլակտոս Սիմոկատտասը, Փոտը, Սեբեոսը, Հովհաննես Դրասխանակերտցին, Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ) և ուրիշներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 314