Կայծեր (վեպ)
Կայծեր | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Րաֆֆի |
Երկիր | Հայաստան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1860–ական թվականների սկզբից մինչև 1887 թվականը |
Հրատարակվել է | 1884 |
Վեպի ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կայծեր»-ը Րաֆֆու լավագույն գործերից է, որի վրա հեղինակը աշխատել է գրեթե իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում՝ 1860–ական թվականների սկզբից մինչև 1887 թվականը։ «Կայծեր»-ը Րաֆֆին մի քանի անգամ ենթարկել է վերափոխումների և, ինչպես արդեն նշեցինք, բազմիցս է անդրադարձել դրան։ «Կայծեր»-ը գրելու հիմնական շարժառիթներից մեկն էլ եղել է 1877–1878 թվականների ռուս–թուրքական պատերազմը և Պապիկ իշխանի գլխավորած Զեյթունի նույն թվականների ազատագրական շարժումը։ «Կայծեր»-ի գոյության մասին Րաֆֆին առաջին անգամ հիշատակում է 1878 թվականին, իսկ արդեն 1879 թվականին խոսվում է «Կայծեր»–ի տպագրության մասին։ Նյութական հնարավորություններ չունենալու, գրաքննչական և այլ պատճառներով «Կայծեր»–ի տպագրությունն անընդհատ ձգձգվում է և միայն 1883 թվականին Ալեքսանդր Մելիք–Հայկազյանցի հովանավորությամբ հաջողվում է Թիֆլիսում տպագրել «Կայծեր»-ի առաջին հատորը, որը նախօրոք ենթարկվում է գրաքննության։ Գրաքննիչը բազում կրճատումների է ենթարկում վեպը և ջնջում վեպի լավագույն մասերը։ Պետք է ասել նաև, որ այս խստությամբ գրաքննությունը գործում էր Րաֆֆու բոլոր գործերի դեպքում։ «Կայծեր»-ի պահանջարկն այնքան մեծ էր, որ վեպը արագորեն սպառվում է, իսկ նույն թվականին «Մշակ» թերթում տպագրված «Կայծեր»-ը մեծապես նպաստում է նաև «Մշակ» թերթի սպառվելուն։ «Կայծեր»-ը անհիմն քննադատության է ենթարկվում Րաֆֆու ամենաոխերիմ հակառակորդներից մեկի՝ ծախու հոգևորական Հայկունու կողմից, սակայն, Րաֆֆին կտրուկ և հստակ պատասխան է տալիս Հայկունու շինծու մեղադրանքներին։
1886 թվականին, ընդհատելով «Արձագանք» շաբաթաթերթում «Սամվել» վեպի տպագրությունը՝ Րաֆֆին փորձում է տպագրել «Կայծեր»-ի երկրորդ հատորը։ Իմանալով, որ գրաքննիչը արգելված ստեղծագործությունների ձեռագրերը հետ չի վերադարձնում հեղինակին, Րաֆֆին որոշում է վեպն ամբողջովին արտագրել և մի օրինակը թաքցնել։ Այս քայլը կատարելուց հետո Րաֆֆին «Կայծեր»-ի երկրորդ հատորը հանձնում է գրաքննիչին՝ տպագրության թույլտվություն ստանալու համար, որը ստացվում է 1886 թվականի նոյեմբերի 26–ին։ Թեև այժմ կար թույլտվություն, սակայն, այժմ էլ չկային տպագրելու միջոցներ, ուստի Րաֆֆին ստիպված էր մեկնել Բաթում և Ալեքսանդր Մելիք–Հայկազյանից միջոցներ խնդրել «Կայծեր»-ի երկրորդ հատորը հրատարակելու համար, որը վերջինս խոստացել էր տրամադրել Րաֆֆուն։ Ի վերջո, 1887 թվականի կեսերին լույս է տեսնում «Կայծեր»-ի երկրորդ հատորը՝ դառնալով Րաֆֆու ստեղծագործությունների պսակը և քաղաքական համոզմունքների հանրագումարը։
Առնչությունը «Խաչագողի հիշատակարանը» վեպի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած, որ «Կայծեր»-ը միանգամայն ինքնուրույն վեպ է, այն որոշ առումով դառնում է նաև «Խաչագողի հիշատակարանը» վեպի շարունակությունը, քանի որ «Խաչագողի հիշատակարանը» վեպի հերոսների հետագա գործունեությունը, թե ի՞նչ եղան նրանք և ո՞ւր գնացին, Րաֆֆին տալիս է «Կայծեր» վեպում։ Չնայած դրան, «Կայծեր»-ը, ինչպես արդեն նշվեց, միանգամայն ինքնուրույն վեպ է, քանի որ «Խաչագողի հիշատակարանը» վեպի հերոսները (Մուրադ, Ջալլադ (ավազակապետը), քավոր Պետրոս, Նենե), հանդես են գալիս ոչ թե առաջնային, այլ երկրորդական դերերում, ուստի սխալ կլինի ասել, թե «Կայծեր»-ը «Խաչագողի հիշատակարանը» վեպի շարունակությունն է։
Վեպի գաղափարախոսությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կայծեր»-ում դրսևորվում է դարաշրջանի ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսությունը, որը մի տեսակ ընդհանրացնում է այն ամենը, ինչ հեղինակը արտահայտել է «Սալբի» վեպում։ «Կայծեր» վեպը, ինչպես Րաֆֆին է ասում. «Մի կողմից պատկերացնում է մեզ Տաճկահայաստանի հայերի հիվանդությունը՝ իր բոլոր փտեցնող, օրըստօրե լուծվող և քայքայվող կողմերով, իսկ մյուս կողմից ցույց է տալիս այն միջոցները, որոնցով պետք է բժշկել հիվանդին»։ Նշված հատկանիշներում էլ դրսևորվում է վեպի գեղարվեստական առանձնահատկությունները։ Մի կողմից բնաշխարհի, ժողովրդի նիստ ու կացի հարուստ ու հոյակապ պատկերներով, մյուս կողմից կյանքի հակասությունները լուծելու գաղափարախոսությամբ հանդես եկող ռոմանտիզմի սկզբունքներով։ Քանի որ վեպի հիմնական գործող հերոսները ռոմանտիկական գաղափարատիպեր են և վեպի կենտրոնական խնդիրը այդ հերոսների արտահայտած գաղափարախոսությունն է, ուստի և վեպը իր հիմնական ուղղությամբ դառնում է ռոմանտիկական։
Այն հեղինակի բնորոշմամբ ներկայացնում է մեր իրականության կատարյալ նկարագիրը իր պատմական, ազգագրական, աշխարհագրական ճշգրտություններով։ Դա հայ ժողովրդի կյանքի մի պատմական դարաշրջանի հանրագիտարան է, որը ընդգրկում է ժողովրդի սոցիալ-հոգեբանական բնաշխարհի, պատմական անցյալի բազմաբովանդակ նկարագիրը։ Այն յուրահատուկ ստեղծագործություն է, որտեղ չկա կոնֆլիկտ սովորական իմաստով կամ միասնական սյուժե։ «Կայծեր»-ը նկարագրական վեպ է։ Կարելի է ասել, որ հայ գրականության մեջ ոչ մի երկ այնպիսի ուժով, համապարփակ ընդգրկությամբ չի արտահայտել հայ ժողովրդի ազատագրական պայքարի ոգին, 1870–1880–ական թվականների սոցիալական հոգեբանությունը, ինչպես «Կայծեր»-ը։ Վեպի ոգին ազգային և սոցիալական ազատագրության գաղափարն է։
Այլաբանությունը վեպում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբոխի մեջ նախապատրաստական ծրագիրը ընդհանրացնելու համար Րաֆֆին դիմել է նաև գեղարվեստական մի ինքնատիպ հնարքի։ Նա այլաբանության է ենթարկել Ֆարհատի կերպարը։ Հանձին Ֆարհատի՝ Րաֆֆին նկատի է ունեցել արևմտահայությանը։ Նրա անձի մեջ Րաֆֆին մարմնավորել է ժողովրդի նոր սերնդի հավաքական կերպարը։ Ֆարհատի ընտանեկան պատմության, կրթության, առհասարակ նրա կենսագրության մեջ Րաֆֆին այլաբանորեն խտացրել է պարսկահայ և արևմտահայ ժողովրդի սոցիալ–տնտեսական կյանքը, իսկ նրա մտածելակերպի մեջ իր անդրադարձն է գտել ժողովրդի կրոնական և սոցիալ-հասարակական գաղափարների հոգեբանությունը՝ իր բոլոր ստվերոտ կողմերով։ Այն, ինչը կաշկանդում էր արևմտահայությանը և թույլ չտվեց նրան հետևելու բալկանյան ժողովրդների օրինակին։
Վեպի հերոսներն ու նրանց գաղափարները
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կայծեր»-ը գրվել է հիշատակային վեպի սկզբունքով։ Ամեն ինչ պատմում է հերոսներից մեկը՝ Ֆարհատը, որն ականատես է լինում բոլոր իրադարձություններին և վերարտադրում է իր հայեցակետը։ Շփվելով ազգային–ազատագրական պայքարի գաղափարախոսությունը արտահայտող մարդկանց հետ՝ Ֆարհատը դեպքերը վերապատմելու ընթացքում դրսևորում է իր ինքնագիտակցության ձևավորումը։ Հայ ժողովրդի մեջ ի սկզբանե նստած էր ստրկական հոգեբանությունը, որը Ֆարհատի մտածողության մեջ կամաց-կամաց տեղի է տալիս ազատագրական մտածողությանը, թեև Ֆարհատը ազատագրական պայքարի գլխավոր մասնակիցներից չէր։ Այդ ստրկական մտածողությունը գալիս էր դեռ ընտանիքից, իսկ Տեր–Թոդիկի դպրոցն այն ավելի է ամրապնդում, որը քարոզում էր կույր հնազանդություն։ Այս ստրկական մտածողությամբ և թշվառ վիճակում, երբ Ֆարհատը որոշում է գետը գցվելով՝ վերջ տալ իր կյանքին, հանդիպում է Կարոյին, որը նրա դասընկերն էր և վաղուց էր փախել Տեր–Թոդիկի դպրոցից։ Կարոն և իր ընկերները (Ասլանը, Սագոն) որսորդ Ավոյի և վերջինիս դուստր Մարոյի հետ միասին դառնում են Ֆարհատի նոր դաստիարակները։ Ֆարհատը Ասլանի հետ ճանապարհորդում է Հայաստանի տարբեր վայրերում և անձամբ է տեսնում հայ ժողովրդի թշվառ վիճակը, որը, հետամնացության շղարշով կուրացած, ենթարկվում է ազգային և օտար հարստահարիչների գազանային շահա-գործմանը, բարբարոս տիրապետողների նողկալի կամայականությանը։ Կյանքը վերափոխում է Ֆարհատին և նա հանգում է ազատագրության պայքարի գաղափարներին։ Բայց ո՞րն է այդ գաղափարի հենակետը։ Վեպի հերոսները (Ասլան, Կարո, Որսորդ Ավո, …) ազատագրական պայքարի հույսերը կապում են միայն հասարակ ժողովրդի հետ։ Սակայն, ազատագրական շարժման գաղափարախոսությունը միատարր, միասնական բնույթ չի կրում։ Ազատագրական շարժման կազմակերպման հարցում տարբեր են Ասլանի և Կարոյի տեսակետները։ Ասլանը լուսավորության և գիտության երկրպագուն է։
Նրա տեսակետով ժողովրդի ազատագրության իդեալը կարելի է կենսագործել կրթության և գիտության միջոցով։ Նա ընդունում էր նաև ժողովրդի ազատագրության ուղին, սակայն, նրա տեսակետով այդ հնարավոր է այն դեպքում, եթե ժողովուրդը հասել է ինքնագիտակցության և տիրապետում է ազատագրության գաղափարներին։ Սակայն, ժողովուրդը դեռ այդ մակարդակին չի հասել, ուստի պետք է նախ նախապատրաստել նրան և նոր անցնել ազատագրական պայքարին։ Սա է Ասլանի տեսակետը։ Կարոն ավելի արմատական է և պահանջում է սուրն ուղղել ոչ միայն օտար բռնակալների, այլև ներքին հարստահարիչների դեմ։ Ասլանը դեմ է այս գաղափարներին և գտնում է, որ նախ պետք է ժողովրդի մեջ սերմանել ազատագրական ոգի և նոր հարել ապստամբության։ Սակայն, քանի որ չկա մի զորեղ ձեռք, որ բարձրացնի ժողովրդին և կանգնեցնի մարդկային ազատ իրավունքների վրա, ուստի մնում է միայն բորբոքել նրա կենսական ուժերի տակավին անզոր կայծերը, որպեսզի գալով ինքնագիտակցության՝ ինքը ելք որոնի տիրող հակասական պայմաններից դուրս գալու համար։ Այս տեսակետին են հարում վեպի շատ հերոսներ, սակայն, այդ հարցում այլ պատրանքներ է փայփայում Կարոն։ Կարոն հանգում է բռնությամբ հասարակական չարիքը կործանելու մտքին։ Նա կարծում է, որ անհրաժեշտ է բռնի ուժով խորտակել ստրկական լուծը, հասարակությունը ազատագրել սոցիալական և քաղաքական ստրկությունից, այնուհետև մարդը ինքը կտիրապետի ազատության գաղափարին։
Հեղինակի եզրահանգումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչքան էլ Րաֆֆին փորձում է հիմնավորել Ասլանի գաղափարախոսությունը, այնուամենայնիվ, ի վերջո հակվում է Կարոյի դավանած գաղափարին։ «Ամրոցի աղջիկը» գլխում Րաֆֆին ներկայացնում է այնպիսի պատկերներ, որոնք հաստատում են Կարոյի դավանած սկզբունքների արդարացիությունը։ Րաֆֆին ներկայացնում է Հայաստանը երկար տարիներ հետո. Հայաստանը ենթարկվում է բազմաթիվ աղետների՝ սով, համաճարակ, բարբարոսական հարձակումներ, որոնք կործանում էին երկիրը, բայց, ի վերջո, այս ամենից հոգնած ժողովուրդը դիմում է զենքի և կործանում բոլոր չարիքները։
Անլուր արհավիրքների, բռնության կապանքների, այրող հրդեհի միջից է ծնվում Րաֆֆու երազած «անհայտ ապագան»։ Սոցիալական և քաղաքական ստրկությունից ազատագրված մի իդեալական հասարակական կազմակերպություն, ուր իշխում է բանականության և անձի ազատության իրավունքը։ Այդպես էլ, թեև Րաֆֆու սոցիալական ուտոպիան ինչ-որ չափով զուրկ էր գործնական իմաստից, բայց իր քննադատական ոգով ցրում էր տիրող կարգերի գոյության պայմանական պատրանքները և զինում մարդկանց ապագա ներդաշնակ հասարակության իդեալներով։
Այս է նրա պատմական արժեքը։
«Կայծեր» վեպում պայքարը իբրև գործողություն և դրա հետևանքները Րաֆֆին նպատակային խնդիր չի դարձրել, սակայն, որոշ ուսումնասիրողներ, ցանկանալով «Կայծեր»-ի վիպական ավարտի մեջ տեսնել պայքարի ու կռվի գործողություն, շրջանցելով Րաֆֆու մտադրությունը, հանգել են այն եզրակացության, որ «Կայծեր»-ը մնացել է անավարտ։ Բայց այն իրականում ավարտված վեպ է։ «Համրը» գլխով Րաֆֆին ավարտում է նախապատրաստական ծրագրի առաջին շրջափուլը։ Որոշ իմաստով այս գլուխը յուրատեսակ վերջերգ է «Կայծեր»-ի և նախերգ նախապատրաստական գործի մի նոր շրջափուլի համար։
Հասարակական ընդունելությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կայծեր»-ի լույս տեսնելուց հետո ծավալվում է մի հսկայական բանավեճ «Կայծեր» վեպի շուրջը։ Առաջադիմական հասարակությունը, մտավորականությունն ու քննադատները հանդես են գալիս «Կայծեր»-ի պաշտպանությամբ, սակայն, կղերական հետամնաց հասարակությունը, ի դեմս Հայկունու, հանդես է գալիս զրպարտություններով և քննադատություններով՝ փորձելով ոչնչի հավասարեցնել «Կայծեր»-ի գեղարվեստական արժեքը։ Թեև Րաֆֆու հակառակորդները հասնում են նրան, որ գրաքննության ժամանակ «Կայծեր»-ի լավագույն մասերը կրճատվում են, իսկ Րաֆֆին մեղադրվում է հայ ազատագրական կազմակերպությունների հետ կապեր ունենալու, Միքայել Նալբանդյանի գաղափարներին հարելու, ժողովրդին ապստամբության հրահրելու մեջ, Րաֆֆու տունը խուզարկվում է և այնտեղ հայտնաբերված բոլոր ձեռագրերը բռնագրավվում են, իսկ Րաֆֆու դեմ նույնիսկ մահափորձ է կազմակերպվում, այնուհանդերձ առաջավոր մտավորականությունն ու հասարակությունը գնահատում է «Կայծեր» վեպը՝ այն համարելով Րաֆֆու գրած լավագույն գործերից մեկը։ «Կայծեր»-ը հասնում է լայն ճանաչողության և դեռևս հեղինակի կենդանության օրոք տպագրվում է Գրիգոր Արծրունու «Մշակ» թերթում և առանձին գրքով Թիֆլիսում։
Վեպի տպագրությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կայծեր» վեպը Րաֆֆու ոչ այնքան հաճախ տպագրված ստեղծագործություններից է։ Այն մինչ օրս ունեցել է տասնմեկ հայերեն և մեկ ռուսերեն (Մոսկվա–Երևան, 1949 թ.) հրատարակություն՝ տպագրվելով Թիֆլիսում (1-ին հատորը՝ 1883 թ., 1893 թ., 2-րդ հատորը՝ 1887 թ., 1897 թ.), Վիեննայում (1904 թ., 1954 թ.), Բեյրութում (1934 թ.), Ալեքսանդրիայում (1937 թ.), Երևանում (1947 թ., 1956 թ., 1963 թ., 1-ին հատորը՝ 1985 թ., 2-րդ հատորը՝ 1986 թ.) և Թեհրանում (1982 թ.):
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավթանդիլեան Ա. Խ. «Պատկերներ Րաֆֆիի կեանքից», Ալէքսանդրապոլ, 1904։
- Գուրգեն Վանանդեցի «Րաֆֆու վեպերը», Յերևան, 1928, 136 էջ։
- Խաչիկ Սամվելյան «Րաֆֆու կյանքը», Երևան, 1957։
- Սերգեյ Սարինյան «Րաֆֆի», Երևան, 1957, 360 էջ։
- Եղիշե Պետրոսյան «Րաֆֆի», Երևան, 1959։
- Հայ նոր գրականության պատմություն, հատ. 3, Երևան, 1964։
- Սերգեյ Սարինյան «Հայկական ռոմանտիզմ», Երևան, 1966։
- Սերգեյ Սարինյան «Րաֆֆի (Գաղափարների և կերպարների համակարգը)», Երևան, 1985, 300 էջ։
- Րաֆֆի «Երկերի ժողովածու», 12 հատորով, հատ. 5, Երևան, 1985։
- Րաֆֆի «Երկերի ժողովածու», 12 հատորով, հատ. 6, Երևան, 1986։
- Րաֆֆին ժամանակակիցների հուշերում, Երևան, 1986։
- Խաչիկ Սամվելյան «Րաֆֆի (Կյանքի ստեղծագործական ուղին)», Երևան, 1987։