Jump to content

Կամիլ Լըմոնյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամիլ Լըմոնյե
Camille Lemonnier
Ծնվել էմարտի 24, 1844(1844-03-24)[1][2][3][…]
ԾննդավայրԻքսել, Բրյուսել, Բելգիա[4]
Վախճանվել էհունիսի 13, 1913(1913-06-13)[1][2][5][…] (69 տարեկան)
Վախճանի վայրԻքսել, Բրյուսել, Բելգիա
ԳերեզմանIxelles Cemetery
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, գրական քննադատ, լրագրող, վիպասան և արվեստի քննադատ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Բելգիա
ԿրթությունԲրյուսելի ազատ համալսարան
 Camille Lemonnier Վիքիպահեստում

Կամիլ Լըմոնյե (ֆրանսերեն` ֆր.՝ Camille Lemonnier, մարտի 24, 1844(1844-03-24)[1][2][3][…], Իքսել, Բրյուսել, Բելգիա[4] - հունիսի 13, 1913(1913-06-13)[1][2][5][…], Իքսել, Բրյուսել, Բելգիա), բելգիացի արձակագիր, արվեստագետ, քննադատ։ «Երիտասարդ Բելգիա»-ի հիմնադիրներից։

Սերում է ֆլամանդական ընտանիքից։ Սովորել է Լյովենի համալսարանում, որը չի ավարտել։ Ծառայել է Բրյուսելի քաղաքային վարչությունում։ Քսաներկու տարեկանում պաշտոնաթող է եղել և լիովին նվիրվել գրական գործունեության։ Նրա վեպերում արտացոլվում է Բելգիայի առաջատար կապիտալիստական եկրներից դառնալու գործընթացը, որն ուղեկցվում է սոցիալ-տնտեսական արմատական փոփոխությամբ։ «Վերջին բարոնը» վեպում Լըմոնյեն ցույց է տալիս, թե ինչպես կապիտալի ուժեղ ճնշման տակ կործանվում է ասպետական հին ամրոցը («Hallali»)։ «Մահը» («La Mort») վեպում ցույց է տալիս, թե ինչպես փողն ու ընչաքաղցությունը գյուղի կործանման պատճառ են դառնում։ «Բուրժուաների վերջը» («La fin des bourgeois», 1892 թ.) ստեղծագործությունում նկարագրում է խոշոր բուրժուայի կենցաղվարությունը։ «Happe-Chair»-ում ներկայացնում է հասարակության այն խավին, որը ստեղծել է մեծահարուստների հարստությունը, սակայն դատապարտված է աղքատության և դեգրադացիայի։

Լըմոնյեն մերժում է քաղաքակրթության մեքենայացումը և քարոզում վերադարձ դեպի առողջ բնություն. «Ադամ և Եվա» («Adam et Ève», 1899 թ.)։ Լմոնյեն քարոզում է պարզ արհեստագործական աշխատանքը՝ «Au cœur frais de la forêt» (1900 թ.) և «Comme va le ruisseau» (1909 թ.) վեպերում։ Լըմոնյեն արդարացնում էր մանր բուրժուազիան և ժամանակի հակասությունների մեղմացումը փնտրում էր այդտեղ։ Այս նույն թեման նա զարգացնում է նաև այլ ստեղծագործություններում. «Le vent dans les moulins» (1901 թ.) վեպում նկարագրում է գյուղից քաղաք եկած մի երիտասարդի, որը երազում է հասարակության վերափոխման մասին, սակայն կամաց-կամաց նրա գաղափարները փոխվում են և նա խանդավառվում է ատաղձագործի ամենօրյա աշխատանքից։ Անվրդով կյանքի նույն գաղափարներն են արտացոլված «Le petit homme de Dieu» (1903 թ.) և «La chanson du carillon» (1910 թ.) վեպերում։

Կամիլ Լըմոնյեն 19-րդ դարի բելգիական արձակի բացառիկ դեմքերից է։ Նրան անվանում են «բելգիական Զոլա»։ Վերջինի նման նա մարդուն տեսավ որպես ժառանգականության և միջավայրի արդյունք՝ առաջ քաշելով բազմաթիվ հոգեբանական հարցեր։ Այսպես, «L’homme en amour» (1897, հայերեն հրատարակվել է 2001 թ.-ին՝ «Սիրո որոգայթը» և 2013 թ.-ին՝ «Տղամարդու սերը» վերնագրերով, թարգմանիչ՝ Ալեքսանդր Թոփչյան) վեպում նկարագրում է երիտասարդի պաթոլոգիական սիրո կիրքը, որը կաթոլիկական դաստիարակություն ուներ, ինչը թուլացնում է նրա կամքը և դիմադրողականության ուժը։ «Le possédé» վեպը բացահայտում է բարոյականության դատարկությունը և հասարակության, պաշտոնական բարոյախոս դատավորների թաքուն անառակությունը։ Փարիզյան «աստղերի» հոգեբանությանը, կենդանի սերն է լուսաբանում «Կլոդին Լամուր» («Claudine Lamour», 1893 թ.) վեպը։ Մեծ քաղաքների սիրային հարաբերություններին է վերաբերում նաև «Տիկին Շարվեի ոճիրը» («La faute de madame Charvet», 1895 թ.), «Կին» («Une femme», 1898 թ.) վեպերը և «Գաղտնի կյանքը» («La vie secrète», 1898 թ.) նովելները։

Քննադատները Լըմոնյեին անվանում են երկրի «գեղարվեստական խիղճը»։

Կամիլ Լըմոնյեն ավելի քան 50 հատորի հեղինակ է։ Ամենամեծ աշխատությունը «Belgique» (1888 թ.) է, որը նվիրված է Բելգիային, որտեղ նա ներկայացնում է ժամանակակից Բելգիան, մենագրությունների շարք՝ նվիրված Մենյեին, Ֆելիսյեն Ռոպսին, Էմիլ Կլաուսին և այլոց։ Նա առաջինն է բացահայտել Կուրբեին։ Նրա վերջին ստեղծագործությունը «Գրողի հիշողություններ»-ն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Лемонье Камиль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլ Լըմոնյե» հոդվածին։