50-80 սմ բարձրությամբ պալարավորարմատներով, ուղիղ ցողունով և հերթադիր ամբողջաեզր տերևներով բազմամյա խոտաբույս է։ Արմատամերձ նստադիր տերևները ցողունագիրկ, նշտարաձև-գծային են և սրածայր, զուգահեռ ջղավորությամբ։ Երկար, գլանաձև բազմածաղիկ ծաղկաբույլում՝ հասկում, հավաքված են ծաղիկները։ Պարզ պսակակերպ անկանոն ծաղիկները ունեն ուղիղ գլանաձև խթան և բաց մանուշակագույն ծաղկակից տերևներ։ Պսակի 6 սպիտակավուն պսակաթերթիկներից մեկը եռաբլթակ է, մանուշակագույն բծերով և հակաձվաձև լայն հիմքով։ Շատ մանր սերմերով պտուղը երկարավուն տուփիկ է[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են ծաղկման վերջին փուլում մթերվող երիտասարդ, թարմ և չորացած արմատապալարները (սալեպ)։ Օգտագործում են արտաքին կիրառման եղանակով մաշկային հիվանդությունների՝ դերմատոզների, կարբունկուլների բուժման համար[1]։