Էֆեդրա բարձր
Էֆեդրա բարձր | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Ephedra procera | ||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
|
Էֆեդրա բարձր, սարի չամիչ բարձր (լատին․՝ Ephedra procera, Ephedra major), էֆեդրազգիների ընտանիքի, էֆեդրա ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր, խիստ ճյուղավորված թուփ է՝ 0,5-1 (երբեմն 1,5-2) մ բարձրությամբ, մոխրագույն կեղևով։ Ճյուղերը կարճ են և հաստ, ընձյուղները կանաչ են կամ մոխրականաչավուն, ուղիղ, մինչև 1-1,5 մմ հաստությամբ, թեթևակի անկյունավոր, բոլորովին հարթ։ Տերևապատյանները կարճ են, հիմքում գորշավուն կամ սև։ Առէջքային հասկիկները գնդաձև են, նստադիր կամ հաճախ՝ խմբված։ Սերմնաբողբոջային հասկիկները երկարավուն-ձվաձև են, կարճ կոթունների վրա, մեկ ծաղիկով (երբեմն ծաղկափթթությունում 2 ծաղիկներ են), 2-3 զույգ ծաղկակիցներով, որոնցից վերինները իրենց ներքին մասով սերտաճած են իրար հետ մեկ երրորդ մասով։ Միկրոպիլյարային խողովակը մինչև 3 մմ երկարություն ունի։ ճասուն կոնահատապտուղները երկարավուն-ձվաձև են կամ ձվաձև-գնդաձև, կարմիր կամ կարմրադեղնավուն, մեկ սերմով։ Սերմերը երկարավուն-ձվաձև են, գագաթում սրածայր, գորշ, կրկնակի փքված, մինչև 6 մմ երկարությամբ և 3 մմ լայնությամբ։
«Ծաղկում է» մարտ-ապրիլին։ Կոնահատապտուղները հասունանում են հունիս-հուլիս ամիսներին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում (Արևմտյան Կովկաս, Արևելյան Կովկաս, Դաղստան, Կենտրոնական Անդրկովկաս, Հարավարևմտյան Անդրկովկաս, հարավային Անդրկովկաս, Նախիջևան, Ղարաբաղ, Արևելյան Անդրկովկաս)։ Կովկասում ամենալայն տարածում ունեցող տեսակներից մեկն է։ Հանդիպում է նաև Բալկանյան թերակղզում, Հայկական բարձրավանդակում, Քուրդստանում, Իրանական բարձրավանդակում, Հփմալայներում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում (հատկապես Ախթալայում), Ապարանում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտում, Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում, ստորին և միջին գոտիներում, չոր քարքարոտ և ժայռոտ լանջերում։ Արևելամիջերկրածովյան-իրանական տեսակ է, որը հանդիպում է ներքին և միջին լեռնային գոտում, ծովի մակերևույթից մինչև 1800 մ բարձրության վրա (ավելի բարձր նիշի վրա հանդիպում է հարավային Անդրկովկասում)։ Աճում է չոր, քարքարոտ, թույլ հզորության, բաց շագանակագույն և մոխրագորշագույն հողերում և ժայռոտ վայրերում։ Ֆրիգանայի և շիբլյակի բնորոշ տարրերից է։ Հաճախ է հանդիպում նաև ավազակավային, մեծ մասամբ աղի, մերկացած հողագրունտներում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էֆեդրաները խիստ քչապահանջ են հողային պայմանների նկատմամբ և աճում են նույնիսկ համարյա հողազուրկ, լեռնային ապարների վրա։ Դրա հետ միասին սրանք չափազանց շոգադիմացկուն են, աչքի են ընկնում բարձր երաշտադիմացկունությամբ և հեշտությամբ են տանում սառնամանիքները։ Դիմացկուն են նաև հողի աղիության նկատմամբ։ Այս հատկանիշների շնորհիվ էֆեդրաները անփոխարինելի բուսատեսակներ են, չոր, քարքարոտ, անբերրի, արևից խանձված հողակտորների կանաչապատման համար։ Կարելի է օգտագործել նաև թեք, էրոզիայի ենթարկված, անբերրի ու համարյա անհող թեքությունների կանաչապատման համար։ Այդ տեսակետից բարձրահասակ էֆեդրան ավելի արժեքավոր է, քանի որ ունի շքեղ ընձյուղներ, գեղեցիկ կոնահատապտուղներ։ Թբիլիսիի բուսաբանական այգում հասնում է 3,2 մ բարձրության բնի 7,1 սմ տրամագծով և 1,9x1,1 սաղարթի կոորդինատներով։ Բնության մեջ հեշտությամբ են բազմանում սերմերով, ինչպես նաև բնային և արմատային մացառներով։ Երբեմն հասնում են 10-15 տարեկան հասակի։ Մշակության մեջ կարելի է բազմացնել միայն սերմերով, անդալիսով և արմատային մացառներով։ Էֆեդրաները ունեն նաև բուժիչ նշանակություն։
Դեռևս հնուց երկհասկիկային էֆեդրան օգտագործվել է որպես հումք էֆեդրին և կեղծ էֆեդրին ալկալոիդներ ստանալու համար (դրանց ընդհանուր պարունակությունը էֆեդրայի զանազան օրգաններում կազմում է 0,5-2,2, 3,2 %)։ Էֆեդրինի ներգործությունը չափազանց նման է բժշկության մեջ օգտագործվող ադրենալինի ներգործությանը։ Այն կարող է հաջողությամբ օգտագործվել որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց, շնչարգելության, տիֆի, էկզեմայի, թոքերի բորբոքման, շոկի, գրիպի և այլ հիվանդությունների բուժման համար։ Զգալիորեն թեթևացնում է քթի խոռոչի խրոնիկական հիվանդությունները հայմորիտը և էտմոիդիտը։ Հուսալի հակաթույն է մորֆինով և սկոպոլամինով թունավորվելու դեպքում։ Երկհասկիկային էֆեդրան պարունակում է Նաև զգալի քանակությամբ վիտամին C, վեգետատիվ մասերում 240-371, կոնապտուղներում՝ 178 միլիգրամ-տոկոս։ Հարուստ է նաև դաբաղանյութերով։ Կոնահատապտուղները ուտվում են (քաղցր են)։ Դրանցից պատրաստում են մեղր։ Սակայն չպետք է մոռանալ, որ էֆեդրաների պտուղները, հատկապես չհասունացածները, բավականին թունավոր են տնային կենդանիների, հատկապես մատղաշի համար։ Թունավոր են նաև կանաչ ընձյուղները։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 109-110։
Նայիր նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էֆեդրա բարձր» հոդվածին։ |
|