Երեմիա Տեր-Սարգսենց
Երեմիա Տեր-Սարգսենց | |
---|---|
Ծնվել է | 1829 |
Ծննդավայր | Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1885 |
Մասնագիտություն | բանասեր |
Երեմիա Տեր-Սարգսենց (Տևկանց), Երեմիա եպիսկոպոս (1829, Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - 1885), հայ հոգևորական, հասարակական-քաղաքական գործիչ, բանասեր։
Արիստակես և Սեդրակ Տեր-Սարգսենցների եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարազի ժառանգավորաց վարժարանը։ Լիմ կղզում կարգվել է վարդապետ, եղել Վարագա վանքի վանահայրը, հաջորդաբար՝ Վանի, Բիթլիսի, Մուշի, Չմշակածագի, Արաբկիրի և Խարբերդի հայոց հոգևոր առաջնորդը, Կոստանդուպոլսի պատրիարքական փոխանորդը, ազգային ժողովի և գավառային քննիչ հանձնախմբի անդամ։ Զեյթունի 1862 թվականի ապստամբության ժամանակ հյուրընկալել է ապստամբների պատվիրակներին, եղել զեյթունցիների օգտին հանգանակություն կազմակերպող ընկերության նախագահը, մասնակցել Զեյթունի հայերի նկատմամբ թուրքական կառավարության հաշվեհարդարը կանխելու խնդրանքով Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդ-ին ուղղված գրության կազմմանը։ Տեր Սարգսենցը զբաղվել է նաև գրական գործունեությամբ։ «Հայրենասիրություն Հայոց» (1872) գրքում կոչ է արել ուսումնասիրել հարազատ Ժողովրդի պատմությունն ու մշակույթը, խրախուսել ազգապահպանության ոգին, դատապարտել պանդխտությունը։ Տեր-Սարգսենցը բազմիցս ճանապարհորդել է Արևմտյան Հայաստանում, թողել արժեքավոր նոթեր, որոնցում աշխարհագրական և ազգագրական ուշագրավ տվյալներ կան Վասպուրականի, Մուշի, Բիթլիսի, Բայազետի, Բասենի, Կարսի, էրզրումի և այլ վայրերի վերաբերյալ, նկարագրված է թուրք, բռնապետության լծի տակ հեծող հայ ժողովրդի ծանր վիճակը։ Հեղինակի ստվարածավալ ձեռագրերը Արևմտյան Հայաստանի 19-րդ դարի 30-80-ական թվականներին պատմության ուսումնասիրության կարևոր աղբյուր են։ Դրանք պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և մի շարք արխիվներում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճանապարհորդություն Բարձր Հայք և Վասպուրական 1872-1873 թվականներին (ձեռագիրը պատրաստել և ծանոթագրել է Հ. Պողոսյանը), Երևան, 1991։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 685)։ |