Գրիգոր Չիլինկիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Չիլինկիրյան
Դիմանկար
Ծնվել է1839
ԾննդավայրԻզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 2, 1923(1923-02-02)
Մահվան վայրԻզմիր, Թուրքիա
ԿրթությունՄեսրոպյան վարժարան
Մասնագիտությունհրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ և հասարակական գործիչ

Գրիգոր Հովակիմի Չիլինկիրյան (1839, Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն - փետրվարի 2, 1923(1923-02-02), Իզմիր, Թուրքիա), հայ հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, հասարակական, գրական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Չիլինկիրյանը ծնվել է 1839 թվականին Զմյուռնիայում։ Սովորել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում, ինքնակրթությամբ տիրապետել հունարենին, ֆրանսերենին, իտալերենին։ Մեսրոպյան վարժարանում դասավանդել է թուրքերեն։

1861-1867 թվականներին հրատարակել է «Ծաղիկ» հանդեսը։ 1867-1878 թվականներին Չիլինկիրյանի թարգմանությամբ լույս են տեսել Վիկտոր Հյուգոյի, Ալֆոնս դը Լամարթինի, Անտուան Ֆրանսուա Պրևոյի, է. դը Միրգուրիի, է. Այուի, Ժորժ Սանդի և այլոց ստեղծագործություններից։ Գլխավորել է «Տիգրան» մասոնական մասնաժողովի գործունեությունը։ Չիլինկիրյանն առաջ է քաշել արմատական ժողովրդավարական և ազատագրական գաղափարներ։ Հանդիպել է Հնդկաստանից վերադարձող Մ. Նալբանդյանին, քարոզել նրա գաղափարները։

Չիլինկիրյանը պաշտպանել է Վիկտոր Հյուգոյի «հեղաշրջական» հայացքները, համակրանքով արտահայտվել Ջ. Գարիբալդիի և նրա գլխավորած ազատագրական շարժման վերաբերյալ։ Առաջ է քաշել ազգային-սոցիալական հարցերը «զինական հեղափոխությամբ» լուծելու խնդիրը, պաշտպանել է զեյթունցիների պայքարը։

Գրիգոր Չիլինկիրյանի հրապարակախոսության լավագույն էջերից են «Ծաղիկ» հանդեսի առաջնորդողներն ու հոդվածները, «Զմիւռնական նամականի» և «Ուղեւորութիւն ի Կոստանդնուպոլիս» (1883) նամակագրական և գեղարվեստական-հրապարակախոսական երկերը։ Լույս է ընծայել «Վիպակներ եւ ցան ու ցիր գրուածներ» (1920) ժողովածուները։

Նպաստել է ազգային թատրոնի ձևավորմանն ու զարգացմանը, հայ գրականության իրապաշտական ուղղության արմատավորմանը[1]։

Ծածկանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Պերճ, Վարաժ և այլ ծածկանուններով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազարյան Հ., Գրիգոր Չիլինկիրյան, Ե., 1959:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ Կեանք եւ Գրականութիւն, Յարութիւն Քիւրքճեան, երկրորդական բաժին Ա. տարի, էջ 26։