Գյուլբենկյան գրադարան
Երկիր | Իսրայելի բռնազավթած տարածքներ |
---|---|
Տեսակ | գրադարանի շենք |
Գյուլբենկյան գրադարան (անգլ.՝ The Gulbenkian Library), Գյուլբենկյան գրադարանը հայազգի նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանի (1869-1955 թթ.) հիմնած երկու տարբեր գրադարանների ոչ պաշտոնական անվանումն է։
- Գյուլբենկյան հայկական գրադարան (անգլ.՝ The Calouste Gulbenkian Library of the Armenian Patriarchate of Jerusalem, Երուսաղեմի Հայոց պատրիարքության Գալուստ Գյուլբենկյան գրադարան), Երուսաղեմում գտնվող հայկական գրադարան։ Հիմնադրվել է 1926 թվականին, ունի հայերեն, անգլերեն և ֆրանսերեն գրականություն։ Գրադարանն ունի շուրջ 300 հայկական ամսագրեր, այդ թվում առաջին օրինակներ «Ազդարար» առաջին պարբերականից[1]։
- Գյուլբենկյան արվեստի գրադարան (պորտ.՝ Gulbenkian Biblioteka de Arte), բացվել է 1969 թվականին Պորտուգալիայում, Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյանի թանգարանին կից։ 2013 թվականի դրությամբ գրադարանն ունեցել է 190000 մենագրություններ, մեծ թվով ցուցահանդեսային կատալոգներ, շուրջ 190 արվեստի տարբեր ամսագրերի և մուլտիմեդիա փաստաթղթերի հավաքածու, այդ թվում`վավերագրական ֆիլմեր[2]։
Գյուլբենկյան գրադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց պատրիարքության Գալուստ Գյուլբենկյան գրադարան-մատենադարանը Երուսաղեմի հայկական գիտամշակութային հաստատություններից է։ Պատմական տվյալների համաձայն Սրբոց Հակոբյանց վանքին կից ձեռագրատուն է եղել դեռևս 12-րդ դարից սկսած, 1932 թվականից գործել է Գյուլբենկյանի հովանավորությամբ բացված գրադարանը։ Գրադարանն իր մեծությամբ աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Երևանի Մատենադարանի հավաքածուից հետո[3]։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Գալուստ Գյուլբենկյան գրադարանը հավաքում, պահպանում և կրոնական ու աշխարհիկ համայնքի կրթության, զարգացման և հզորացման համար հասանելի է դարձնում մեծ թվով գաղափարներ և տեղեկատվություն։ Գյուլբենկյան գրադարանը կառուցվել է 1929 թվականին Գալուտ Գյուլբենկյանի աջակցությամբ, ծնողների՝ Սարգսի և Տիրուհու հիշատակին, Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիշե Դուրյանի (1921-1929 թթ.) հոգևորական ծառայության 50-ամյակի կապակցությամբ։ Գրադարանի կառուցմանն աջակցել են նաև Լոնդոնի Սուրբ Սարգիս հոգաբարձուների հիմանդրամը, հայ անհատներ և կազմակերպություններ աշխարհի տարբեր ծայրերից։ Ֆինանսավորման հիմնական մասը տրամադրել է Գալուստ Գյուլբենկյանը[4]։
Գալուստ Գյուլբենկյանը, Պատրիարք Եղիշե Դուրյանը, ինչպես նաև նրա հետևորդ Պատրիարք Թորգոմ Գուշակյանը մատենասերներ էին և գիտակցում էին կրթության և գրքերի կարևորությունը։ Պատրիարք Եղիշե Դուրյանը չտեսավ գրադարանի բացումը, քանի որ մահացավ 1930 թվականին[4]։
Գյուլբենկյան գրադարանը պաշտոնապես բացվել է 1932 թվականին Սուրբ Թարգմանչաց տոնի օրը։ Գրադարանի հավաքածուն բացման ժամանակ ներառում էր պատրիարք Դուրյանի անձնական հավաքածուն, ավելի քան 10000 գիրք, որն ամեն տարի համալրվեց 1000 գրքով։ Գրադարանի հավաքածուում ներառվեցին վանական ընթերցասրահում, ինչպես նաև որոշ վանականների անձնական հավաքածուների գրքեր։ Բացման ժամանակ գրադարանն ունեցել է 25000 գիրք, որոնց մեծ մասը՝ հայերենով[4]։ Գրադարանն ունի աշխարհի ցանկացած վայրում տպագրվող հայերեն պարբերականների բաժանորդագրություն։
Առանձին սենյակներում է պահվում հազվագյուտ կամ ավելի վաղ տպագրված տիտղոսաթերթեր։ 1833 թվականին Երուսաղեմում հայերը հիմնել են առաջին տպագրական մամուլը։ Գրադարանն ունի հայերեն և այլ լեզուներով գրքերի, պարբերականների և թերթերի անընդհատ աճող հավաքածու, ինչպես նաև Պատրիարքարանի պաշտոնական պարբերական «Սիոն»-ի ամբողջական հավաքածուն։
Գրադարանը համարվում է Մերձավոր Արևելքի ամենախոշոր հայկական գրադարաններից մեկը։
Գրադարանում պահվող մշակութային գանձերից է «Կեռան թագուհու ավետարան»-ը։ 1272 թվականին Սիսում Կիլիկիայի հայոց Կեռան թագուհու պատվերով գրված մատյանում ամբողջանում են 13-րդ դարի դարի 2-րդ կեսի կիլիկյան մանրանկարչության լավագույն ավանդույթները։ Այստեղ է պահվում նաև Կարսի Գագիկ-Աբասյան թագավորի (1029-1064) համար գրված և պատկերազարդված ավետարանը, որտեղ թագավորին, թագուհուն և արքայադստերը պատկերող մանրանկարն իր պատկերազարդման հարուստ տարրերով և ոճավորման համակարգով հայ մանրանկարչության այդ շրջանի եզակի նմուշներից է։ Հետաքրքիր է, որ արքայական ընտանիքի ոտքերի մոտ պատկերված գորգը, որոշ հետազոտողների կարծիքով, ավելի ուշ շրջանի եվրոպական կերպարվեստում քրիստոնեա-արևելյան գորգի պատկերման նախատիպերից է[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սարգիս Գյուլբենկյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gulbenkianbiblioteket i Jerusalem
- ↑ «Gulbenkian Lissabon». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ 3,0 3,1 «Հայկական մշակույթն աշխարհի թանգարաններում. Երուսաղեմի գանձերը». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 The Gulbenkian Library
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գյուլբենկյան գրադարան կատեգորիայում։ |