Գարեգին Աղբալյան
Ծնվել է | մայիսի 6, 1902[1] |
---|---|
Ծննդավայր | Այգեստան, Խոջալուի շրջան, Ադրբեջան |
Մահացել է | հուլիսի 29, 1972[1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, հոգեբույժ, պետական գործիչ և հասարակական գործիչ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Զավակներ | Սեդա Աղբալյան |
Պարգևներ |
Գարեգին Հակոբի Աղբալյան (մայիսի 6, 1902[1], Այգեստան, Խոջալուի շրջան, Ադրբեջան - հուլիսի 29, 1972[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ, պետական և հասարակական աշխատող։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967)։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1961 )։
Սեդա Աղբալյանի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարեգին Աղբալյանը ծնվել է 1902 թվականին Ելիզավետպոլի նահանգի Շուշու գավառի Բալլուջա գյուղում։ 1908-1911 թվականներին սովորել է ծննդավայրի եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցում։ 1911 թվականին ընտանիքով տեղափոխվել են Աշխաբադ։ 1911-1919 թվականներին սովորել է Աշխաբադի ռուսական գիմնազիայում։ 1919 թվականին չորս ամիս սովորել է Կրասնոդարի Հյուսիսկովկասյան պոլիտեխնիկական ինստիտուտի Կամուրջների և թունելների ֆակուլտետում։ Սակայն սպիտակգվարդիական բանակում ծառայելուց խուսափելու նպատակով թողել է ուսումը։ 1919-1920 թվականներին որպես լրագրող-մատենավար աշխատել է Արմավիրի հայկական հյուպատոսությունում։ 1920 թվականին վերադարձել է Աշխաբադ և մի քանի ամիս որպես գրագիր ծառայել տեղի զինվորական կայազորի վարչությունում։ 1920-1923 թվականներին գործուղումով սովորել է Տաքենդի միջինասիական համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Ուսմանը զուգահեռ՝ որպես սանիտարական հսկիչ աշխատել է Տաշքենդի քաղառբաժնում։ 1923-1924 թվականներին ծանր նյութական և առողջական պայմանների պատճառով թողել է ուսումը և որպես գործավար աշխատել Թուրքեստանի Հանրապետության ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի գերատեսչական վարչությունում։ 1924-1927 թվականներին երրորդ կուրսից ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1927-1928 թվականներին աշխատել է Արարատի շրջանի Վեդի ավանի տրոպիկական կայանի վարիչ։ 1928 թվականին մի քանի ամիս աշխատել է Երևանի հոգեբուժական կլինիկայի օրդինատոր, որտեղից զորակոչվել է բանակ։ 1928-1929 թվականներին ծառայել է Կարմիր բանակի Հայկական հրաձգային դիվիզիայի առաջին գնդում որպես զինվորական բժիշկ և գնդի կրտսեր բժիշկ։ 1930 թվականից շարունակել է աշխատել Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժական կլինիկայում՝ որպես օրդինատոր։ Այդ ընթացքում համատեղությամբ աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի ասիստենտ, Հայաստանի Կարմիր խաչի ընկերության բժշկասանիտարական բաժնի վարիչ։ 1931-1935 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային խորհրդի առողջապահության բաժնի վարիչ։ Այդ ընթացքում երկու անգամ ընտրվել է քաղխորհրդի և նախագահության անդամ։ 1935-1938 թվականներին աշխատել է ՀԽՍՀ առողջապահության ժողովրդական կոմիսարիատում՝ որպես բուժկանխարգելիչ վարչության պետ։ 1937-1938 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի վարիչը։ 1938 թվականին մի քանի ամիս աշխատել է ՀԽՍՀ առողջապահության ժողովրդական կոմիսարի տեղակալ։ 1938-1939 թվականներին միաժամանակ աշխատել է ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության պետ։ 1939-1944 թվականներին աշխատել է որպես ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ՝ գիտության, առողջապահության, արվեստի գծով։ 1942-1945 թվականներին համատեղությամբ աշխատել է նաև ՀԽՍՀ պետական վերահսկողության նախարար։ 1943-1944 թվականներին աշխատել է Հայաստանի կառավարության մշտական ներկայացուցիչ Մոսկվայում։ 1945-1948 թվականներին եղել է ՀԽՍՀ լուսավորության նախարար[2]։
1948-1963 թվականներին վերսկսել է գիտամանկավարժական գործունեությունը Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում։ 1949-1951 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր[3]։ 1937-1964 թվականներին, որոշ ընդմիջումներով, համատեղությամբ աշխատել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դատական հոգեբուժության դասախոս, ինչպես նաև դատական հոգեբուժություն է դասավանդել Ներքին գործերի համակարգի ծառայողներին։ 1951 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Հայկական ԽՍՀ-ում հոգեկան հիվանդության դինամիկան և նյարդահոգեբուժական օգնության կազմակերպումը» թեմայով։ 1967 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ «Շիզոֆրենիայի անընդմեջ ձևերի ընթացքի առանձնահատկությունները» թեմայով։ 1953-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ, ընդմիջումներով՝ նաև գլխավոր դատական հոգեբույժ։ Ակտիվորեն մասնակցել է հանրապետության հասարակական-քաղաքական կյանքին։ 1947-1951 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1937 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ Եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամության թեկնածու։ 1964-1972 թվականներին ապրել է Մոսկվայում։ Աշխատել է ԽՍՀՄ ԲԳԱ նախագահությանն առընթեր գիտահետազոտական գործունեության կոորդինացիայի բաժնի ավագ գիտաշխատող, ապա՝ արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ։
Շուրջ 40 գիտական հրապարակումների հեղինակ է։ Գիտական հետազոտությունները վերաբերում են շիզոֆրենիայի տարբեր ձևերի բուժման և հոգեբուժական օգնության կազմակերպման հարցերին։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է ԽՍՀՄ և Հայաստանի նյարդաբույժների և հեգեբույժների ընկերությունների վարչությունների անդամ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, 1961
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1972 թվականի հուլիսի 29-ին Մոսկվայում։ Թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալկոհոլիզմը և պայյքարը նրա դեմ, Երևան, 1955 (համահեղինակ)։
- Էպիլեպսիան, նրա պրոֆիլակտիկան և բուժումը, Երևան, 1955։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=2061
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Admin. «Մեր ռեկտորները». www.ysmu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։
|
- Մայիսի 6 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Ադրբեջանում ծնվածներ
- Հուլիսի 29 մահեր
- 1972 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ վաստակավոր բժիշկներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ հոգեբույժներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- ԵՊԲՀ ռեկտորներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- Հայ բժիշկներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ հասարակական գործիչներ