Բելոգրադչիկի ժայռեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելոգրադչիկի ժայռեր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակբնության հուշարձան և լեռ
Երկիր Բուլղարիա[1]
ԲնակավայրՎիդինի մարզ[1]
Մասն էԲուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ
 Belogradchik Rocks Վիքիպահեստում

Բելոգրադչիկի ժայռեր (բուլղար․՝ Белоградчишки скали), ավազաքարից և կոնգլոմերատից ժայռեր, որոնք աչքի են ընկնում արտասովոր ձևերով։ Գտնվում են Բուլղարիայի հյուսիս-արևմուտքում` Ստարա Պլանինա լեռան արևմտյան լանջին` Բելոգրադչիկ քաղաքից ոչ հեռու։ Ժայռերն աչքի են ընկնում իրենց կարմիր, դեղին գունավորմամբ։ Որոշ ժայռերի բարձրությունը հասնում է 200 մ-ի։ Շատ ժայռեր ունեն հետաքրքիր տեսք, որոնց շուրջ տարբեր առասպելներ են հյուսվել։ Մասնավորապես դրանք անվանվել են մարդկանց կամ առարկաների անունով, որոնց նմանեցրել են։ Բուլղարիայի կառավարությունը Բելոգրադչիկի ժայռերը հռչակել է բնության տեսարժան վայր. դրանք զբոսաշրջիկների շրջանում մեծ հեղինակություն են վայելում։ Տեղանքը միակ վայրն է, ուր աճում է ոչնչացման վտանգի տակ գտնվող բուլղարական էնդեմիկ Hieracium belogradcense բուսատեսակը[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելոգրադչիկի ժայռերը գտնվում են Ստարա Պլանինա լեռների արևմտյան մասում։ Դրանք զբաղեցնում են մոտ 50 կմ² մակերես։ Նրանք ձգվում են արևմուտքում գտնվող Ռաբիշա գյուղից մինչև արևելյան Բելոտինցա գյուղը։

Ժայռերի կենտրոնական խումբը գտնվում է Բելոգրադչիկ քաղաքից հարավ։ Այստեղ են գտնվում «Ադամ և Եվա», «Սնկեր», «Աշակերտուհին», «Արջ», «Դերվիշ», «Հովիվ», «Առյուծ», «Ուղտ», «Տիրամայր», «Հեծյալ», «Քահանաներ», «Բենդիդա աստվածուհի», «Բունտար Վելկո» ժայռագոյացությունները։

Ժայռերի երկրորդ խումբը գտնվում է Բելոգրադչիկից արևմուտք։ Տարատեսակ ժայռերը շրջապատված են կտրուկ զառիթափներով։ Այդ ժայռերից ամենահայտնիներն են «Զբեգովետե», «Երկուպրիա» և «Բորիչ» ժայռերը։

Ժայռերի երրորդ խումբը տեղակայված է Բելոգրադչիկից 4 կմ արևելք։ Այն ներառում է Լատինական դարպասների և Լիպենիկ քարանձավի շրջակա ժայռերը։

Ժայռերի չորրորդ խումբը գտնվում է Բորովիցա և Ֆալկովեց գյուղերի միջև։ Այս խմբի ժայռերից են «Սոճու քար», «Մեղվի քար», «Մոմինի ժայռ» և «Տորլակ» ժայռերը։

Ժայռերի հինգերորդ խումբը գտնվում է Գյուրգիչ և Բելոտինցի գյուղերի միջև[3]։

Ժայռերի համայնապատկեր

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասովոր ձևով այս ժայռերը ձևավորվել են միլիոնավոր տարիների ընթացքում էրոզիայի, դենուդացիայի, մամուռների, քարաքոսերի և բնական այլ գործընթացների արդյունքում։

Բելոգրադչիկի ժայռերի ձևավորումը սկսվել է պերմյան ժամանակաշրջանում։ Տրիասովյան շրջանում տարածքը հայտնվել է ծովի ջրի տակ։ Այդ ժամանակ վաղ պալեոզոյան ապարների քայքայման հետևանքով առաջացել է մեծ քանակությամբ ավազի, կավի ու մանրախճի զանգված, որը ջրի հոսանքով քշվել է ծով։ Նստվածքային ապարների կուտակումից էլ առաջացել են կոնգլոմերիտի և ավազաքարի շերտերը, որոնք ջրի ազդեցությամբ կլորավուն են դարձել։

Յուրայի ժամանակաշրջանում 20 միլիոն տարվա ընթացքում շերտերը միաձուլվել են ավազակավի կամ սիլիցիումի ներգործմամբ։ Շոգ ու չոր կլիման ձևավորել է մեծ քանակությամբ երկաթի օդսիդ կամ հեմատիտ, որը ժայռերին տվել է կարմիր ժանգագույն։ Երբ հողը սկսել է նստել, ավելի թեթև ու փոքր ավազաքարերը միացել են կարմիր կոնգլոմերատին։

Կայնոզոյի դարաշրջանում Ալպյան տեկտոնական ցիկլի սկզբում Բալկաններում ձևավորվել է խոշոր գեոանտիկլինալ։ Այդ ժամանակ տարածքը ցամաքի է վերածվել։ Մոտ 45 միլիոն տարի առաջ սկսել է Բելոգրադչիկի անտիկլինալի բարձրացումը, և այդ ժամանակ կրաքարն ու կոնգլոմերատը ճաքել են երկրակեղևում` ստեղծելով ուղղահայաց ու հորիզոնական ծալքեր։ Բելոգրադչիկի անտիկլինալում հայտնաբերվել են պալեոզոյան ապարներ, իսկ լանջերը բաղկացած են Յուրայի դարաշրջանի կոնգլոմերատից, ավազաքարից և կրաքարից։

Ուղղահայաց թափանցելիությունն ու գետի ջրի աղդեցությունը նպաստել են լեռնային ապարների էրոզիային, իսկ բեկվածքները, ուր տեղի են ունեցել տեկտոնական շարժումներ, էրոզիայի հետևանքով վերածվել են ոչ մեծ հովիտների ու զառիթափերի` թեք լանջերով, որոնք էլ ձևավորել են ներկայիս ժայռագոյացությունները[4]։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելոգրադչիկի ժայռերը Բելոգրադչիկ քաղաքի, համանուն ամրոցի ու մոտակայքում գտնվող Մագուրա քարանձավի հետ զբոսաշրջային կարևոր օյեկտ են Բուլղարիայի հյուսիս-արևմուտքում։ Այս շրջանում հետաքրքրություն ներկայացնող մեկ այլ օբյեկտ էլ Բաբա Վիդան է` Դանուբի ափին գտնվող միջնադարյան ամրոցը Վիդին քաղաքում։

Շրջակա միջավայրի բուլղարական կոմիտեն 1949 թվականին ժայռերը հռչակել է բնության հուշարձան, իսկ 1987 թվականին դրանք մտել են բնության հուշարձանների ազգային գրանցամատյանում[5]։

1984 թվականին Բելոգրադչիկի ժայռերը և Մագուրա քարանձավը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում[6]։ Ներկայումս քննարկվում է Բելոգրադչիկի ժայռերը` որպես գեոպարկ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գեոպարկերի եվրոպական ցանցում ընդգրկելը[7][8]։

2009 թվականին Բելոգրադչիկի ժայռերը Բուլղարիայի կողմից ներկայացվել են ընդգրկվելու բնության յոթ նոր հրաշալիքների անվանակարգում[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. «Hieracium belogradcense». Red Book of Bulgaria, vol. I. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  3. Belogradchik, Published by the Municipality of Belogradchik, The Council of Tourism in Belogradchik, & The Ministry of Environment and Water, 2009
  4. Mihaylov, Mihail & Kinka, Belogradchik Rocks and the Fortress, p.2, 2009
  5. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. http://whc.unesco.org/en/statesparties/bg
  7. http://www.globalgeopark.org/english/tabid/111/InfoID/4166/frtid/139/Default.aspx(չաշխատող հղում)
  8. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  9. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելոգրադչիկի ժայռեր» հոդվածին։