Բարդայի հրթիռահրետակոծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդայի հրթիռահրետակոծություն
Bərdənin bombalanması
Տեսակհրթիռահրետանային հարված
Երկիր Ադրբեջան
Գրոհի վայրԲարդա, Ադրբեջան
ՏեղադրանքՊարտավ, Qarayusifli? և Əyricə?
Գրոհի նպատակռազմական նշանակության օբյեկտների խոցում
Տարեթիվ
  • հոկտեմբերի 27, 2020
  • հոկտեմբերի 28, 2020
Գրոհի միջոցԲՄ-30 Սմերչ
Զոհվածներ26 զոհված
Վիրավորներ83 վիրավորված
Կազմակերպիչներ Արցախի պաշտպանության բանակ (ըստ ադրբեջանական կողմի)
 2020 Barda missile attacks Վիքիպահեստում

Բարդայի հրթիռահրետակոծություն (ադրբ.՝ Bərdənin bombalanması), 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի շրջանակներում տեղի ունեցած հրթիռահրետանային հարվածների շարք, որի թիրախը եղել է Ադրբեջանի Բարդա քաղաքը։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդած տվյալների՝ հրթիռահրետակոծությունների արդյունքում զոհվել և վիրավորվել են տասնյակ քաղաքացիական անձինք։

Բարդայի ուղղությամբ առաջին հրթիռահրետակոծությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին, որի արդյունքում զոհվել է 5 և վիրավորվել 13 քաղաքացիական անձ։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, Բարդան թիրախավորվում է ևս մի քանի հրթիռների կողմից, որի արդյունքում սպանվում է ևս 21 բնակիչ, այդ թվում՝ «Կարմիր մահիկ»-ի կամավոր[1]։

Ադրբեջանական կողմը հարձակումների մեջ մեղադրում է Հայաստանի զինված ուժերին, մինչդեռ ի պատասխան դրա՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում պաշտոնապես հերքում է այդ ինֆորմացիան՝ այն համարելով «կեղծ և անհիմն»։ Արցախի պաշտպանության բանակը հարձակումներից հետո հրապարակել է Բարդայում տեղակայված ռազմական օբյեկտների ցանկը, մասնավորապես՝ 1-ին ԲԿ շտաբ, վերանորոգման գումարտակ, կապի առանձին գումարտակ, զենիթահրթիռային դիվիզիոն, տանկային բրիգադ և հակատանկային դիվիզիոն[2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների գործուն աջակցությամբ լայնամասշտաբ հարձակման է անցնում արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը վերաճում է հինգերորդ սերնդի աննախադեպ պատերազմի[3]։ Պատերազմական գործողությունների առաջին օրվանից սկսած ադրբեջանական կողմերը ռազմական ավիացիայի և հրետանային միջոցների կիրառմամբ թիրախավորում է Արցախի բազմաթիվ քաղաքացիական օբյեկտներ, որոնք արդյունքում զոհվում են մի շարք խաղաղ բնակիչներ։

Բարդա քաղաքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծից շուրջ 20 կմ հյուսիս-արևելք[4] և ունի 40 հազար բնակիչ[5]։ Պատերազմական գործողություններին զուգընթաց առաջին բանակցությունները սկվել են հոկտեմբերի 9-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ[6]։ Ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում տեղական ժամանակով ժամը 03:00-ին կողմերը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ[7]՝ նշելով, որ կեսօրից հետո ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադար[8][9]։ Այնուամենայնիվ, հրադադարի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո ադրբեջանական կողմը խախտում է պայմանավորվածությունը և վերստին հարձակման անցնում շփման գծի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գանձակը[10], չորս անգամ ենթարկվում է բալիստիկ հրթիռակոծությունների, արի արդյունքում զոհվում է 25 և վիրավորվում 125 քաղաքացիական անձ։ Հոկտեմբերի 26-ին հրադադարի մեկ այլ պայմանավորվածություն է ձեռք բերվում Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ, սակայն այն նույնպես խախտվում է ուժի մեջ մտնելուց րոպեներ անց[11][12]։

Հրթիռահրետակոծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ Բարդայի հրթիռահրետակոծությունները կատարվել են ԲՄ-30 Սմերչ ՀԿՌՀ կայանքներից։

Բարդայի առաջին հրթիռահրետակոծությունը տեղի է ունենում հոկտեմբերի 27-ին, որի արդյունքում զոհվում է 5 և վիրավորվում 13 քաղաքացիական անձ[13]։ Երկրորդ հարձակումը տեղի է ունենում հոկտեմբերի 28-ին, տեղական ժամանակով ժամը 13:00-ի սահմաններում։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդած տվյալների՝ օգտագործվել են կասետային ռումբեր, որոնցով թիրախավորվել են առավել խիստ բնակեցված քաղաքային շրջանները, հիմնականում՝ առևտրի օբյեկտները[14]։

Երկրորդ հրթիռակոծությունների արդյունքում սպանվել է 21 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 70-ից ավելի անձ։ Մահացածների թվում եղել է «Կարմիր մահիկ»-ի 39-ամյա կամավոր, ևս երկու կամավորներ վիրավորվել են։ Մեծապես վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները և տրանսպորտային ցանցը։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, երկրորդ հարձակման ժամանակ օգտագործվել է ԲՄ-30 Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

Ադրբեջանը հարձակումների պատասխանատվությունը բարդում է ՀՀ ԶՈւ-ի վրա, մինչդեռ հայկական կողմը հերքում է ադրբեջանական զրպարտանքները։

Մասնավորապես, Արցախի պաշտպանության բանակը հրթիռահրետակոծություններից անմիջապես հետո հայտարարում է Բարդայում տեղակայված ռազմական նշանակության օբյեկտների մասին՝ 1-ին ԲԿ շտաբ, վերանորոգման գումարտակ, կապի առանձին գումարտակ, զենիթահրթիռային դիվիզիոն, տանկային բրիգադ և հակատանկային դիվիզիոն։

Ադրբեջանական պատասխան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակումներից անմիջապես հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակում է անօդաչու թռչող սարքի կադրեր, որում նշանառված էր հայկական կենդանի ուժը

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդայի հրթիռահրետակոծությունները դատապարտվում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը առաջին հարձակումը որակում է որպես «ադրբեջանական ժողովրդի նկատմամբ ցեղասպանության նոր ակտ»։ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեկնաբանում է երկրորդ հարձակումը, այն անվանելով «ահաբեկչություն խաղաղ բնակչության դեմ»։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստանում է պատշաճ պատասխանել հարձակումներին։ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հայտարարում է, որ հարձակումները բարբարոսական են՝ միևնույն ժամանակ ցավակցության խոսք հայտնելով։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հարձակումները որակում է «մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»։

Հարձակումները դատապարտող հայտարարություն է տարածել Թուրքիան։ Այս ամենը դատապարտել են նաև Ադրբեջանում Պակիստանի, Իրանի և Ղազախստանի դեսպանությունների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Azerbaijan says 19 killed, 60 wounded in Armenia missile attack on its Barda district». The Economic Times (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. «Արցախի ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի Գանձակ և Բարդա քաղաքներում տեղակայծված ռազմական նշանակետերը». infocom.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. «Armenia and Azerbaijan fight over disputed Nagorno-Karabakh» (անգլերեն). BBC. 2020 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. Hacaoglu, Selcan; Arkhipov, Ilya (2020 թ․ հոկտեմբերի 28). «Erdogan Pitches Putin on Karabakh Peace After U.S. Bid Fails» (անգլերեն). BloombergQuint. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. «World Gazetteer: Azerbaijan». World Gazetteer (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. «Armenian, Azerbaijani officials to hold truce talks in Moscow» (անգլերեն). France24. 2020 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. «Armenia and Azerbaijan agree ceasefire» (անգլերեն). Financial Times. 2020 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  8. «Armenia, Azerbaijan accuse each other of violating ceasefire» (անգլերեն). Al Jazeera. 2020 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  9. «Shaky ceasefire in Nagorno-Karabakh after Moscow deal» (անգլերեն). CNBC. 2020 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. «The Second Nagorno-Karabakh War, Two Weeks In». War on the Rocks (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.
  11. Sultanova, Aida (2020 թ․ հոկտեմբերի 11). «Azerbaijan, Armenia report shelling of cities despite truce». The Washington Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  12. Kantchev, Georgi (2020 թ․ հոկտեմբերի 11). «Armenia, Azerbaijan Trade Accusations of Shelling Despite Truce» (անգլերեն). The Wall Street Journal. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. «Civilian death toll in Armenian attacks reaches 91». AzerNews.az (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  14. «General Prosecutor's Office: Death toll from Armenia's missile attack on Azerbaijan's Barda rises to 21, about 70 people wounded - UPDATED - 2». Azeri Press Agency. 2020 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.