Jump to content

Շուշան Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շուշան Ստեփանյան
օգոստոսի 8, 1988(1988-08-08) (36 տարեկան) -
ԾննդավայրՀադրութ, Արցախի Հանրապետություն
Քաղաքացիությունհայ
Կոչումմայոր
ՊաշտոնՀայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար
ԿրթությունԵրևանի պետական համալսարան

Շուշան Շահենի Ստեփանյան (օգոստոսի 8, 1988(1988-08-08), Հադրութ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի նախկին քարտուղար[1], հայ լրագրող, մայոր[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշան Ստեփանյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 8-ին, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում։ 1995 թվականից սովորել է Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2005 թվականին գերազանց ավարտել է դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որը 2009 թվականին նույնպես ավարտել է գերազանց առաջադիմությամբ։

Որպես հետաքննող լրագրող, 2007-ից 2009 թվականներին աշխատել է «Հետք» էլեկտրոնային պարբերականում։ 2009 թվականին ընդունվել է պայմանագրային զինվորական ծառայության՝ որպես Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» թերթի ռազմաքաղաքական տեղեկատվության և զինծառայողների գաղափարախոսական բաժանմունքի թղթակից։ 2013 թվականին դարձել է նույն թերթի խմբագրության մշակույթի և հասարակայնության կապերի բաժանմունքի թղթակից, իսկ 2015-ից 2016 թվականներին՝ զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի խմբագիր։ 2017 թվականին Շուշան Ստեփանյանը դարձել է նույն թերթի խմբագրության զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի պետ։ 2018 թվականին նա «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի մամուլի բաժնի թղթակիցն է[3]։

2019 թվականից ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Նա 2014 թվականին վերապատրաստվել է Գերմանիայի դեմոկրատական Հանրապետության Զինված ուժերի Ինֆորմացիայի և կոմունիկացիայի ակադեմիայում։

Հայրը` Շահեն Ստեփանյանը, Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով Շուշան Ստեփանյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար։ 2020թ․ նոյեմբերի 20-ին Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ թողնում է զբաղեցրած պաշտոնը[1]։

Շուշան Ստեփանյանը արժանացել է «ՀՀ ԶՈւ 20 տարի», «Ծ.Հ.Ս. Իսակով», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի պատվոգրերի, «Մարշալ Բաղրամյան» մեդալների[4]։

2009 թվականին նա ճանաչվել է European Journalism Centre-ի կողմից կազմակերպված հետաքննական լրագրության ուսումնական մրցույթի հաղթող և վերապատրաստվել Նիդերլանդներում։

Ունի մայորի կոչում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Շուշան Ստեփանյանը թողնում է ՊՆ մամուլի խոսնակի պաշտոնը». Hetq.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. «Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՊՆ մամուլի քարտուղար». Hetq.am. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  3. «Շուշան Ստեփանյանը նշանակվեց ՊՆ մամուլի քարտուղար». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. «ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն առաջին անգամ կին է (ՖՈՏՈ)». newsarmenia.am. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.